«Եվրատեսիլ» համաշխարհային երաժշտական մրցույթի կազմակերպիչները Բելառուսից պահանջել են փոխել Ռոտերդամի շոուում ներկայացվող երգը։ Բելհեռուստառադիոընկերությանն ուղղված ուղերձում Եվրատեսիլի թիմը նշել էր, որ ներկայիս տեսքով երգը «կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»։
Այս տարի Բելառուսը Եվրատեսիլում պետք է ներկայացներ «Галасы ЗМеста խումբը՝ իր «Я научу тебя» (Ես քեզ կսովորացնեմ) երգով։ Երգում այսպիսի տողեր կան․
«Я научу тебя плясать под дудочку…
Я научу тебя ходить по струночке…
Ты будешь всем доволен, рад всему…
Тебе же лучше будет самому»
(Ես քեզ կսովորեցնեմ պարել իմ դուդուկի տակ․․․
Ես քեզ կսովորեցնեմ քայլել լարի վրայով․․․
Դու ամեն ինչից գոհ ու շնորհակալ կլինես․․․
Հենց քեզ ավելի լավ կլինի)։
Deutsche Welle-ի փոխանցմամբ, երգում շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ ընդդեմ Բելառուսում ամիսներ շարունակ ընթացքող բողոքի ակցիաների։
«Галасы ЗМеста» խումբը ստեղծել են ԿՎՆ-ի՝ «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին մասնակիցները։ Խումբն ավելի վաղ մի շարք երգիծական երգեր էր հրապարակել, որոնցում ծաղրում էր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պայքարող ցուցարարներին, նաև անձամբ բելառուսական ընդդիմության առաջնորդներին՝ Սվետլանա Տիխանովսկայային, Պավել Լատուշկոյին, Մարիա Կոլեսնիկովային։ Ինչ սկզբունքով է հենց «Галасы ЗМеста» խումբն ընտրվել Եվրատեսիլում Բելառուսը ներկայացնելու համար՝ պարզ չէв․ ոչ հեռուստամրցույթ է իրականացվել, ոչ էլ օնլայն հեռարձակվող խմբի ընտրություն։
Խմբի առաջնորդ Դմիտրի Բուտակովն արդեն մեկնաբանել է Եվրոտեսիլի կազմակերպիչների հայտարարությունը։ ՌԻԱ նովոստիի հարցին ի պատասխան Բուտակովը նշել է, որ իրենք ամենայն հավանականությամբ պարզապես կհրաժարվեն մասնակցությունից․ «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ մենք ոչ մի բառ չենք խմբագրի ու սրանով ամեն ինչ կավարտվի»։