Մարտի 16-ից 20-ը Հայաստանում շուրջ 7500 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։
Ըստ ՊՆ-ի՝ նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին, ինչպես նախարարությունն է հայտնում, ընդգրկվում են շուրջ 7 հազար 500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
Ադրբեջանի զինուժը ևս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին․ զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին և կշարունակվեն 4 օր։