Home / Շուկա / Կեղծ սնանկություն և բարձր աշխատավարձ` Հրազդան ցեմենտի բանվորների հաշվին

Կեղծ սնանկություն և բարձր աշխատավարձ` Հրազդան ցեմենտի բանվորների հաշվին

Հրազդանի ցեմենտի գործարանի 430 աշխատակիցները մեկ տարի է պարապուրդի մեջ են և չեն ստացել նաև նախորդ մեկ տարվա աշխատավարձը։ Աշխատողները վստահ են՝ կեղծ սնանկություն հայտարարելով գործարանը փորձում է չվճարել իրենց. սնանկության կառավարիչը, որը ստանում է 21 միլիոն դրամ, չվճարված աշխատավարձերը գրանցել է պարտքերի մարման երրորդ հերթում, այսինքն գործարանն այլ պարտքերը մարելուց հետո նոր միայն կվճարի աշխատողներին։

Կեղծ սննանկության և մի քանի այլ հոդվածներով քրեական վարույթներ են նախաձեռնված։ Օգոստոսի 18-ին էլ գործարանում ստուգումներ էր իրականացնում 6-րդ վարչությունը։

Աշխատակիցներին սխեման պարզ է. տնօրենությունն ավել աշխատավարձեր է դուրս գրել, մոտ 100 մլն դոլարի պարտք կուտակել և գրավադրել գործարանն իրեն իսկ պատկանող Հայբիզնեսբանկում։ Վարկը չմարելու համար 2022-ից սկսել է սնանկացման գործընթացը։

Աշխատակիցների խոսքով գործարանի աշխատանքը դադարեցվել է այն ժամանակ, երբ դեռ արտադրությունն ընթացքի մեջ է եղել, իրենք ունեցել են հումք և պահանջարկ։

Հրազդան-ցեմենտը կառուցվել է 1969 թվականին։ Սովետ միության փլուզումից հետո այն մասնավորեցվել է, մի քանի անգամ վերավաճառվել և անցել է տարբեր օլիգարխների ձեռքով։

IMG_5322

2001-2014 թվականներին այն պատկանել է Միխաիլ Բաղդասարովին և կոչվել «Միկա ցեմենտ»։

2018 թվականից գործարանը գնել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն է, որը պատկանում է «Հայբիզնեսբանկի» (ներկայում՝ ԱՄԻՕ բանկ) նախկին սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցին և «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախկին նախագահ Արսեն Միքայելյանին: Վերջինս եղել է Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր, վարչապետի խորհրդական, իսկ 2020-ին Արայիկ Հարույթունյանի կողմից պարգևատրվել «Վահագն բարեպաշտ» մեդալով։

«Հիմա որ վեցերորդ վարչությունը եկել է ստուգումների էն պատճառով է, որ ինչ-որ մեկը գնացել բողոքել է, որ մարդկանց վրա ավել փողեր են գրել, տարել։ Մեկի հետ էլ երևի չեն կիսվել, գնացել բողոքել է», – Epress.am-ին պատմել է գործարանի աշխատակից Վ․-ն։

Սնանկի կառավարիչ է նշանակվել գործարանի սեփականատերերի հետ փոխկապակցված ոմն Արամ Խաչատրյանը, որն էլ իր հերթին էլ ավելի է վատացրել իրավիճակը։ Նախորդ տարի դատարանը գործարանի աշխատանքը վերսկսելու հրաման է տվել։ Աշխատակիցների խոսքով, սակայն, սնանկի կառավարիչն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արել։

«Ես գիտեմ, որ սնանկի կառավարիչ պետք է նշանակեն վիճակահանությամբ, բայց էդպես չի եղել: Սնանկի կառավարիչը, իրավաբանը, բանկը ու գործարանի իսկական տերերը իրար հետ փոխկապակցված են։ Էդ դեպքում ոնց կարող ենք վստահել էս գործընթացին», – նշում է գործարանի աշխատակիցը։

Խաչատրյանն աշխատանքի անցնելուց հետո գործարանը սկսել է տանել լուծարման ճանապարհով։ Աշխատակիցները պնդում են, գործարանի հաշվին մոտ 900 մլն դրամի գումար է եղել, որից 400 մլն դրամի հաշվետվություն ՊԵԿ-ին ընդհանրապես չի ներկայացրել։ Թե ինչ է արել այդ գումարի հետ՝ ոչ ոք տեղյակ չի։

«Նախորդ տարի էլ առանց որևէ հիմնավորման չորս հոգու գործից հեռացրել է։ Որ փորձում ես բարձրաձայնել խնդիրների մասին, ճիշտը ասում ես, դա իրենց դուր չի գալիս», – նշել է Ս․-ն։

Սնանկ ընկերության պարտքերի մարման հարցով հիմա դատական պրոցես է ընթանում։ Բանվորներն իրենց շահերը ներկայացնող փաստաբան չունեն՝ պարապուրդում գտնվողների համար դա մեծ շռայլություն է։

Խնդրի մասին տեղյակ են նաև Ազգային ժողովում և վարչապետի գրասենյակում։ Ասում են, որ զբաղվում են հարցով։ Ամիսներ առաջ նույնիսկ պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում էր գնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի օրինակով և դիտարկել «Հրազդան-ցեմենտում» Կառավարության կողմից մասնաբաժին ունենալու տարբերակը։ Այնուամենայնիվ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը գործարանի աշխատակիցների հետ խոսելիս կասկած է հայտնել, որ միգուցե նրանց աշխատավարձերն ընդհանրապես չվերականգնվեն։

0826

«Մեր պապերը, մեր ծնողներն են կառուցել էդ գործարանը։ Ոնց է ստացվում, որ մարդը փողերը գողացել տարել է, չի դատվել հերիք չի, մի հատ էլ գործարանը քանդել է։ Իմ երեխեքը էլի աշխատում են, ինձ պահում են, բա մնացած մարդիկ ինչ անեն, որ էդ 70 հազարի, 100 հազարի հույսին են եղել ու հիմա չունեն։ Մահացած մարդկանց վերջնահաշվարկն էլ չեն տվել մինչև հիմա։ Տղան գնացել վարկ է վերցրել, որ հոր թաղումն անի։ Եղածն էլ 100-200 հազար դրամ ա։ Բայց կառավարիչը իր 21 մլն դրամը կարողանում է վճարել», – պատմել է Ա-ն։

Աշխատակիցները վստահ են՝ Հրազդան-ցեմենտը Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի․ այդ որակի ցեմենտ չունեն ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ադրբեջանը։ Պարսկաստանը վերջերս է սկսել ցեմենտ արտադրել, բայց այն ավելի վատ որակի է։

Երբ Հրազդան-ցեմենտը գործում էր Իրանից ներկրվող ցեմենտի տոննան արժեր 46 հազար դրամ, այժմ այն վաճառում են 65-72 հազար դրամով։

«Պարսկականի մեջ 500-700 տոկոսով գիպսը շատ է ու իրենցը ամենամանր ֆրակցիան է՝ փոշիատիպ։ Իրանցով անում ես, երեք ժամ հետո միանգամից չորանում, երեսը պնդում է, բայց ցեմենտի մեջը եռում է ու տալիս տրաքացնում է, ճաքեր է քցում։ Հետո մենք անգամ սուլֆատակայուն ցեմենտ կարող էինք արտադրել։ Հայաստանում գրեթե բոլոր թունելները, մոստերը ամբողջը մեր ցեմենտով է կառուցվել։», – պատմել է բանվորներից մեկը։