Home / Առողջապահություն / Քաջարանցի գործադուլավորը հավատում է, որ կվերադառնա

Քաջարանցի գործադուլավորը հավատում է, որ կվերադառնա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլի մասնակից Շավարշ Մարգարյանը ուղիղ եթերով անդրադարձել է դժգոհություններին, թե ինչու գործադուլը դադարեց և բողոքող բանվորները համաձայնեցին հաշտության գնալ՝ չնայած ԶՊՄԿ ղեկավարությունը, որպես պատիժ գործադուլի համար, աշխատանքից ազատեց իրենց 8 ընկերներին։

«Առաջնային խնդիրը մեր աշխատանքային պայմաններն են ու աշխատավարձը։ Հավատացեք՝ այդ ամենը լուծելուն զուգահեռ այդ ութ հոգին կվերադառնան։ Դա կլինի դատական կարգով՝ այլ տարբերակ չունենք։ Պե՛տք չէ խուճապի մատնվել, դրա մեջ գտնել պարտության նշույլներ։ Ժամանակ է պետք։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ։ Պարապուրդի մատնված այդ մարդիկ կստանան գումար հետագայում»,- ասել է Մարգարյանը։ 

Նա անդրադարձել է նաև քրեական գործին, որ հարուցվել է գործադուլից հետո «ինքնիրավչության» հոդվածով։ Նա հույս ունի, որ գործը կարճվելու է, իսկ դրա ընթացքը՝ լինելու ՄԻՊ-ի ուշադրության ներքո․

«Ինձ համար այդ 11 օրը աննկարագրելի երևույթ էր։ Նման ապրումներ չեմ ուզեցել երբեք։ Ես ինձ պարտավորված եմ զգում մարդկանց առջև, որոնք իմ խոսքերին արձագանքել են։ Մենք խոսում էինք ոչ միայն ԶՊՄԿ-ի առողջացման մասին, այլ մեր հասարակության։ Ձեզ պարզ օրինակ բերեմ։ Պատահական չի, որ 25 թվին եղավ այս գործադուլը, մինչդեռ խնդիրները նախկինում էլ կային։ Պատճառը, որ նախկինում չէր եղել, այն է, որ մարդիկ վախենում էին խոսել։ Հիմա նույնիսկ այդ ճնշումներն են թուլացել։ Մենք արդյունքները կտեսնե՛նք։Ամեն ինչ կախարդական փայտիկով մի օրում չի լուծվում»։ 

Շավարշի խոսքով՝ այս պահին ընդամենը պետք է հետևել, որ ԶՊՄԿ-ն կատարի իր խոստումները և որ 20 տոկոս աշխատավարձի բարձրացումը արվի արդար՝ բարձրացվի նրանց աշխատավարձը, ովքեր քիչ են ստանում։ 

«Մյուս հարցերը 1-1,5 ամսվա ընթացքում կլուծվեն։ Մենք հետամուտ ենք լինելու, որ աշխատավարձերի վերանայման ընթացքում բոլոր տեղամասերից լինեն ներկայացուցիչներ, որպեսզի չլինի դժգոհություն»,- վստահեցրել է նա։