Մոլդովայի երկաթուղային ցանցերի աշխատակիցները զանգվածային գործադուլ և բողոքի ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Քիշնևում և Բելցերում։ Պահանջում են վճարել արդեն շուրջ կես տարի ուշացված աշխատավարձերը։
Հավաքվածները լրագրողներին պատմում են, որ արդեն վեց ամիս պարտքով են սնունդ գնում, ցույց են տալիս խանութի պարտքերի իրենց ցուցակները։
Գործադուլավորների հետ հանդիպման է իջել Ենթակառուցվածքների նախարարության պետքարտուղարը, ով, սակայն, ցուցարաների հարցերին պատասխանել չի կարողացել։
«Մենք ամեն շաբաթ հանդիպում ենք երկաթուղային ծառայության տնօրենին, քննարկում ենք աշխատավարձերի հարցը։ Նախարարությունն անտարբեր չէ», – արդարացել է քարտուղարը։ Ի պատասխան հավաքվածները սկսել են վանկարկել «Գողե’,ր հեռացե’ք»
«Արդեն 10 տարի այս մարդկանց ծաղրում են։ Մենք ինչ է, ուրիշ մոլորակի՞ց ենք։ Ինչո՞ւ պետությունը մեզ բանի տեղ չի դնում։ Չէ որ սա կարևորագույն ոլորտ է, կենսական կարևորության», – ասել է երկաթգծերի աշխատակիցների արհմիության ղեկավարը։
Գործադուլի մասնակիցները հայտարարել են, որ չեն դադարեցնելու բողոքը, քանի դեռ աշխատավարձերն ամբողջությամբ վճարված չեն։