ԶՊՄԿ ղեկավարությունը գործի է դրել իր բոլոր լծակները, սանկցիաները, անօրինությունները՝ մարդկանց կանգնեցնելով անվտանգության և արժանապատվության միջև ընտրություն անելու առջև։ Ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է բանվորների գործադուլի համակարգող խորհրդի անդամ Շավարշ Մարգարյանը։
Շավարշին և գործադուլի այլ ակտիվ մասնակիցներին երեկ հարցաքննել են քննչականում որպես վկաներ, կոմբինատի ղեկավարությունը հայտարարել է նրանց գործից ազատելու մասին։ Հեռացման սպառնալիքներ են ստանում տարբեր արտադրամասերի աշխատողները։ Երեկ նրանց մի մասը վախեցել է գալ գործադուլի տարածք։ «Որոշ մարդիկ միացած են մնում պահանջներին, ուղղակի կոմբինատի դարպասներից այն կողմ», – Epress.am-ին ասել է գործադուլավոր Հենզել Սողոմոնյանը։
«Որքանո՞վ է բարոյական՝ այս մարդկանց արժանապատվությունը դնել կշեռքի մի նժարին, ազգային անվտանգությունը՝ մյուս նժարին», – ասել է նա՝ պատասխանելով ԶՊՄԿ տնօրենի երեկ տարածած վիդեո մեղադրանքներին։
Խուդոլին, առաջին անգամ գործադուլին անդրադառնալով, երեկ սպառնացել է, որ եթե հանքը չվերագործարկվի, ընկերությունը չի անի պետական վճարներ։
Նա նաև մեղադրել է «մի խումբ անձանց», որոնք քաջարանցի կամ կապանցի չեն», «անօրինական գործողություններ հրահրելու», իսկ «երրորդ ուժերին»՝ իրավիճակն իրենց շահերի համար օգտագործելու մեջ։
Շավարշ Մարգարյանն անդրադարձել է իրեն և շարժման լիդերներին ուղղված այս մեղադրանքներին ևս։
«Ես չէի կարող չանել այն, ինչ կարող էի, որպեսզի իմ պես հազարավոր բանվորների արժանապատվության հետ հաշվի նստեն։ Այսօր ավելի քան երբևէ ես զգում եմ, որ վճռական եմ, որպեսզի բարձրաձայնեմ դա։ Ես չեմ հավատում, որ գործադուլի բազմության մեջ մարդիկ անկեղծ չէին իրենց դժգոհություններում և ես եմ համոզել, որ իրենք դժգոհ են։ Ախր ես որ խոսում էի, ես նայում էի մարդկանց աչքերին։ Ես իմ առջև ազնիվ եմ։ Ես հասկանում եմ, որ համակարգը իր բոլոր լծակներով, սանկցիաներով, անօրեն գործողություններով ազդել է շարժման վրա և նոսրացրել է։ Բայց ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետև հասկանում եմ՝ ինչ ընտրության առջև են իրենց կանգնեցրել՝ արժանապատվությունը զոհաբերել հանուն անվտանգության», – ասել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ դժգոհությունները կուտակվել են վերջին երեք տարում, սակայն մենեջմենթը ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել դրանք բավարարելու համար. դժգոհության նման ալիքը հնարավոր չէր լինի ստեղծել արհեստականորեն։
Քիչ առաջ ԶՊՄԿ-ն նոր հայտարարություն է տարածել՝ առաջին անգամ զիջումներ խոստանալով։ Մասնավորապես, ընկերությունը խոստանում է բարձրացնել աշխատավարձը մինչև 20% մի քանի ամսվա մեջ, փոխել առողջապահական ապահովագրական ընկերությունը, աշխատանքային պայմանները բարելավելու համար օդափոխության և ասպիրացիայի համակարգերը տեղադրել հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
Մինչև 20% աշխատավարձի բարձրացումը նոր խոստում չէ, այն տրվել է նաև հունվարի 31-ին, երբ բանվորները հայտարարել էին գործադուլ սկսելու մտադրության մասին։ Աշխատավորները դեմ են եղել այս 20% բարձրացմանը, քանի որ դա ոչ միայն քիչ է, այլև աբստրակտ խոստում է. օրինակ, մեկին՝ 5%, մյուսին` 15% բարձրացումը արդար չի լինի, միայն միջանձնյա կոնֆլիտներ կստեղծի և կպառակտի կոլեկտիվը։
Այօսր ԶՊՄԿ ղեկավարության հետ բանակցությունների է մեկնել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Գործադուլավորները սպասում են դրանց արդյունքին։
Մանասերյանը երեկ դատապարտել էր գործադուլի մասնակիցներից ութին աշխատանքից հեռացնելը։ «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։ Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ»,- հայտարարել էր նա։