Home / Հայաստան / Ինչու են Քաջարանում գործադուլ անում․ մանրամասներ

Ինչու են Քաջարանում գործադուլ անում․ մանրամասներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է։ Հունվարի 31-ից կանգնած են բոլոր հանքերը և բոլոր արտադրամասերը։ Հումք դուրս չի գալիս։

ԶՊՄԿ-ն Հայաստանի ամենամեծ ձեռնարկությունն է՝ համար մեկ հարկատուն։ Գործադուլին միացել են հիմնականում բանվորները, որոնք միջինում 200-ից 500 հազար մաքուր աշխատավարձ են ստանում, սմենի պետերը, որոնք մոտ 600 հազար են ստանում, և մեխանիկները, որոնց աշխատավարձը տատանվում է 400-ից 800 հազարի սահմաններում։ Թվերը հիմնավորելու համար գործադուլի մասնակիցները ցույց են տալիս իրենց աշխատավարձերի ստացականները։ Ղեկավար անձնակազմը, ըստ նրանց, ստանում է միլիոնից մինչև մի քանի միլիոն աշխատավարձ։ Գործադուլավորները համոզված են՝ գործարանի տնօրեն Ռոման Խուդոլինի աշխատավարձը անցնում է 30 միլիոնը։

Բողոքին միացած աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը պրոգրեսիվ սանդղակով․ մինչև 300 հազար դրամ ստացողների վարձատրությունը պետք է բարձրացնա 40 տոկոսով, 300-ից 500 հազար ստացողներինը՝ 30 տոկոսով, 500-ից 1 միլիոն ստացողներինը՝ 20 տոկոսով։ Միլիոնանոց աշխատավարձեր ստացողների՝ գրասենյակային աշխատողների, բեռնատարների շոֆերների հարցը գործադուլի մասնակիցները թողնում են տնօրինության հայեցողությանը։

Կոմբինատի բանվորները կեսօրին սկսել են ստորագրահավաք անել, քանի որ «ղեկավարությունից» երեկ ասել են, թե գործադուլը անօրինական է և դրան այդքան էլ շատ մարդ չի մասնակցում։ Սպասվում է, որ ստորագրահավաքին կմիանան մոտ 4700 աշխատողների կեսից ավելին։ Որպեսզի գործադուլը օրինական համարվի, այն պետք է հայտարարվի արհմիության միջոցով։ Բայց ԶՊՄԿ արհմիությունը տնօրինության կողմից է, աշխատողներն ասում են՝ նրանք չեն համաձայնել նույնիսկ ներկայացնել իրենց պահանջները։ Աշխատողները հերթափոխով մնում են ԶՊՄԿ առաջին պոստի մոտ՝ նաև գիշերները։