Home / Համայնքներ / Քաղաքապետարանը շանտաժով տապալեց վարորդների գործադուլը

Քաղաքապետարանը շանտաժով տապալեց վարորդների գործադուլը

Երեկ ամբողջ օրը «Երևանի ավտոբուս» համայնքային ՓԲԸ-ի աշխատակիցները՝ մոտ 300 վարորդ, գործադուլ էին անում՝ բարձրաձայնելով իրենց աշխատանքային վատ պայմանների մասին։  Նրանց պահանջները լղոզվեցին «սաբոտաժ», «նախկիններն են ուղղորդում», «կտրվել են օրվա կոպեկից, դրա համար են բողոքում», «վերացնում ենք ստվերը» և նմանատիպ այլ որակումների արանքում։ Արդյունքում 32 վարորդ հեռացվեց աշխատանքից, վախի և սպառնալիքների մթնոլորտում մյուսները վերադարձան երթուղի։

Գործադուլավոր վարորդները ճշմարտությունը չէին թաքցնում՝ այո՛, ստվեր եղել է, ուղեվարձի մի մասն իրենց են պահել, պահել են, որպեսզի կարողանան լուծել այն ֆինանսական ծախսերը, որոնք անտեսվել են թե՛ նախկին գծատերերի, թե ներկայիս համայնքային իշխանությունների կողմից։ Օրինակ, աշխատողները ստիպված են ինքնուրույն վճարել համազգեստի, ավտոբուսների ներսում մաքրությունն ապահովելու, աշխատանքային օրվա սկզբին և վերջում տաքսիով աշխատատեղ կամ տուն հասնելու համար։

Մարդիկ աշխատում են օրական նվազագույնը 12-14 ժամ՝ օրենսգրքով սահմանված 8-ի փոխարեն։ Ընդմիջման հնարավորություն չի տրվումլ։ Որոշ դեպքերում վարորդներին աշխատացրնում են մինչև 17 ժամ։ Գործատուն նույնիսկ տարրական պայմաններ չի ապահովել․ վերջին կանգառներում զուգարան-բաղնիք, ճաշարան կամ հանգստի սենյակ չկա։

Այս կոնտեքստում հետաքրքիր է հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի արձագանքը։ Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին նա խոսում էր հիմնականում վարորդների և նրանց «վարքագծի» մասին։ «Գործադուլը գործադուլ էր, թե՞ աշխատանքների դադարեցում», – տարակուսում էր արհմիութենական առաջնորդը։ Մեկ ժամ տևած քննարկման ընթացքում Մանասերյանն իր խոսքի մեծ մասը նվիրեց ոչ թե քաղաքապետարանի կողմից աշխատանքային իրավունքի կոպիտ խախտումները քննադատելուն, այլ աշխատավորներին մեղադրելուն՝ արհեստակցական միությանը չանդամակցելու, սխալ գործադուլ անելու համար։

«Դեռևս մայիս ամսին, երբ իրենք էլի նման բողոքի ակցիաներ էին իրականացնում, Տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային արհմիության կողմից ստացել են արհմիությանն անդամակցելու առաջարկ։ Ճյուղային միությունն նրանց կողքին է եղել և՛ մայիս ամսին, և՛ երեկ՝ հորդորելով վարորդներին ճիշտ վարքագիծ դրսևորել», – ասում էր կոնֆեդերացիայի նախագահը։

Երեկվա գործադուլի ընթացքում Epress.am-ը զրուցել է բազմաթիվ վարորդների հետ, նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչ է արհմիությունն ու որն է նրա գործառույթը։ Թե ում կողքին է մայիսին և երեկ եղել Տրանսպորտի և հաղորդակցության ճյուղային միությունը՝ պարզ չէ։

Արհմիություններից մեկի ներկայացուցիչն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ մայիսին իրենք «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվապահությանն են առաջարկել անդամակցել արհմիությանը։ Կրկին։ Թե ինչու պետք է սովորաբար տնօրինության հետ համագործակցող հաշվապահությունը մտածեր աշխատավորների մասին՝ պարզ չէ։

«Աշխատանքային պայմանագիրն ի՞նչ կապ ունի։ Գոյություն ունի ընդհանուր պայմանագիր մեր ազգի համար, որ մարդը պետք է աշխատի 12 ժամ։ Կապ չունի տրոլեյբուս ես քշում, թե տաքսի։ 12 ժամ աշխատեցիր, պետք է գնաս քնես, հանգստանաս», – վարորդներից մեկի այս խոսքերը ամենալավն են բնութագրում արհմիությունների՝ աշխատողների «կողքին լինելու» մասին հայտարարությունը։

Պակաս տհաճ չէր Տիգրան Ավինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Երիտասարդ քաղաքապետը հիշում էր «մեր մայրերին ու քույրերին, տատիկներին ու պապիկներին», ներողություն խնդրում «սիրելի երևանցիներից», գործադուլով և բողոքի ակցիայով խնդիր բարձրաձայնելն անվանում «հին և անընդունելի բարքեր»։ Ավինյանը ոչինչ չէր հերքում և չէր էլ հաստատում՝ այո խնդիրներ կան, բայց այդ խնդիրները հո նոր չեն ծագել, միշտ էլ կային, լուծվում են, լուծվել են, թողե՛ք աշխատենք։

«Բժիշկների չափ աշխատավարձ են ստանում», – ասում էր քաղաքապետը։ Վարորդների մի զգալի մասը վարձով է ապրում, 300-400 հազար աշխատավարձի կեսից ավելին գնում է տանտերերին։ Մյուս մասով հոգում են աշխատանքային օրվա ընթացքում առաջացած ծախսերը և հազիվ կարողանում գնել օրեցօր թանկացող առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներ։

Համայնքային իշխանությունները հաճախ են կրկնում, որ դժգոհ վարորդներն այդքան գումար են ստանում ընդամենը 15 օր աշխատելով՝ մոռանալով հիշատակել, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրանք աշխատում են երկուսի չափ։

Վարորդներն ասում են, որ պայմանագրի համաձայն՝ իրենք պետք է աշխատեն օրումեջ՝ 14 ժամ (2 ժամ ընդմիջում) գրաֆիկով, բայց  աշխատանքային օրը սովորաբար  17-18 ժամ է տևում։ Մեկ ավտոբուսի համար համայնքապետարանը պետք է ունենա 3 վարորդ, որպեսզի ամբողջ ամիսը ծածկվի։ Փոխարենը պահում է երկուսին՝ «մրցունակ աշխատավարձով» ապահովելու համար։

Վարորդներն այս ընթացքում շատ լավ հասկացել են՝ ինչ հնարքների են դիմում քաղաքային իշխանությունները, որ վարկաբեկեն իրենց բողոքն ու լռեցնեն քննադատությունը։ Ասում էին՝ «պալիտիկայով չենք զբաղվում», փորձում էին հնարավորինս հեռու մնալ «նախկին» ներկա ընդդիմադիրներից։ Պարբերաբար իրենց լրատվականների ուղեկցությամբ գալիս էին «Հայաստան» դաշինքի, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներ, տարբեր ընդդիմադիր բլոգերներ։ Նրանք ելույթ էին ունենում լրագրողների ձևավորած նեղ շրջանում և անմիջապես հեռանում։ Իսկ Խորհրդարանի ամբիոնից իշխանական պատգամավորները գործադուլի հետևում փնտրում և գտնում էին ընդդիմադիրներին։