Home / Բանտ / Իրավապաշտպանին կալանավորել են ԱՄՆ-ում մրցանակ ստանալուց առաջ

Իրավապաշտպանին կալանավորել են ԱՄՆ-ում մրցանակ ստանալուց առաջ

Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովին Բաքվի դատարանը կալանավորվել է 4 ամսով։ Մյուս շաբաթ նա պետք է ԱՄՆ պետքարտուղարի կողմից պարգևատրվեր՝ մարդու իրավունքների ոլորտում ծավալած աշխատանքի համար: Սաֆարովը չի ընդունում խարդախության և խուլիգանության հոդվածով մեղադրանքը, քրեական հետապնդումը պատճառաբանում է իր իրավապաշտպան գործունեությամբ: Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի, նա իբրև թե կոնֆլիկտ է ունեցել մեկ այլ քաղաքացու հետ հողի առքուվաճառքի շուրջ։

Սաֆարովի փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է՝ իշխանությունները գիտեին, որ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ նա ԱՄՆ-ում պետք է մրցանակ ստանար անձամբ Էնթոնի Բլինքենից, քրեական գործ են կարել, որ խափանեն մրցանակաբաշխությունը և պատժեն նրան։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Մարի Սթրուզերսը պահանջել է անհապաղ ազատ արձակել Սաֆարովին։ «Շինծու մեղադրանքներն այլախոհությունը լռեցնելու՝ Ադրբեջանի իշխանությունների հետևողական ջանքերի վառ օրինակն են», – նշել է Սթրուզերսը՝ շարունակելով․ «Ռուֆաթ Սաֆարովի կամայական կալանավորումը նպատակ ունի խարխլել իրավապաշտպանների աշխատանքը, կանխել երկրում մարդու իրավունքների իրավիճակի մշտադիտարկումը և վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ճշմարտությունը բարձրաձայնել»։

Միացյալ Նահանգները, Եվրոպական Միության մի շարք երկրների և Շվեյցարիայի դեսպանները դատապարտել են կալանավորումը։ Ադրբեջանի արտագին գործերի նախարարությունից արձագանքել են՝ դա միջամտություն է երկրի դատական համակարգի գործունեությանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Սաֆարովի ձերբակալության առնչությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ազատազրկված են, և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների դեմ ճնշումները:

Սաֆարովը 2015-ին հեռացել էր դատախազության քննիչի պաշտոնից՝ ի նշան երկրում մարդու իրավունքների ոտնահարման և անօրինականությունների դեմ բողոքի։ Դրանից հետո նա ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ 2019 թվականին ազատ էր արձակվել և հիմնել հասարակական կազմակերպություն, որը բարձրաձայնում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների և հետապնդումների, կառավարական օղակներում կոռուպցիայի, խոշտանգումների մասին:

Քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն Ադրբեջանում պերմանենտ բնույթ են կրում։ Անազատության մեջ են պահվում տասնյակ լրագրողներ, ակտիվիստներ, ընդդիմադիր գործիչներ, գիտնականներ, հավատացյալներ։ Նախկինում նրանց հիմնականում խուլիգանություն, խարդախություն, թմրանյութերի վաճառք էր մեղսագրվում։ Վերջին շրջանում մեղադրանքների շարքը համալրել է արտարժույթի մաքսանենգությունը (գրանտ ստանալ) ու պետական դավաճանությունը (շփվել հայ կոլեգաների հետ)։ 2024-ի ամառվա տվյալներով, քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։