Անկախ լրագրողների դեմ ռեպրեսիաներն Ադրբեջանում շարունակվում են․ Toplum TV առցանց հեռուստաալիքում և Երրորդ Հանրապետություն պլատֆորմի գրասենյակում մարտի 6-ին զանգվածային ձերբակալություններ էին, արդեն այսօր քաղաքացիական հագուստով ոստիկաններն առևանգել են հեռուստաալիքի հիմնադրին ու Պլատֆորմի ևս մեկ անդամի։
Լրագրողներին և ակտիվիստներին արտարժույթի մաքսանենգություն են մեղսագրում։ Պետական քարոզչությունը նրանց մեղադրում է օտարերկրյա ֆինանսավորում ստանալու մեջ։ Ձերբակալություններից հետո Toplum TV-ի յութուբյան էջը վերանվանվել է, ներբեռնված հեռուստահաղորդումներն ու ռեպորտաժները սկսել են անհետանալ։
տե՛ս Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես»
փորձառու լռեցվողներ
Մարտի 6-ին ադրբեջանական ուժայինները խուզարկություններ են արել Toplum TV-ի խմբագրատանը, III Հանրապետություն պլատֆորմի գրասենյակում, աշխատակիցների՝ Ակիֆ Գուբանովի, Ֆարիդա Իսմայիլովայի և Էլմիրա Աբասովը բնակարաններում։
III Հանրապետություն պլատֆորմը հիմնվել է 2023-ի տարեվերջին՝ մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք հայտարարում էին, թե «Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց հետո» Ադրբեջանը նոր հասարակական օրակարգի կարիք ունի՝ ավտորիտարիզմից անցնում ժողովրդավարությանը, նախագահի միանձնյա կառավարումից՝ խորհրդարանական հանրապետությանը։ Պլատֆորմի հիմնադիրները՝ արևմտամետ ազգայնականներ, պնդում են, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի եվրաինտեգրմանն ու ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալուն։ Պլատֆորմի համահիմնադիր Ակիֆ Գուբանովը նաև Toplum TV-ի համահիմնադիրներից է։
Խուզարկություններից անմիջապես հետո Toplum TV-ի խմբագրատունը փակվել է՝ դռների վրա ոստիկանները կնիք են դրել։
Մոտ 20 հոգու բերման են ենթարկել, կեսգիշերից հետո նրանցից տասին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք առաջադրել։ Ազատ արձակվածները պատմել են՝ բաժիններում բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկվել, իրենց փորձել են ստիպել ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, հեռախոսի գաղնաբառն ասել։
Անցած նոյեմբերից մինչև 2023-ի տարեվերջ Ադրբեջանում ևս 18 լրագրողի և մեդիա-աշխատողի են կալանավորել։ Ամբողջապես ջախջախվել է Abzas Media-ի խմբագրությունը։ Ձերբակալվել են նաև Kanal13 առցանց ալիքի աշխատակիցները։ Թեև քննությունը նրանց տարադրամի մաքսանենգություն է մեղսագրում՝ կառավարական մամուլը անկախ լրատվամիջոցների դեմ արշավը պատճառաբանում է հակաարևմտյան պայքարով, ասել է թե՝ նրանք ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից և«հետաքննելով կոռուպցիան՝ զբաղվում են դիվերսիայով»։
Toplum TV-ի բերման ենթարկված լրագրողների հետ գործընկերները տևական ժամանակ կապ հաստատել չէին կարողանում։
Փաստաբանները տևական ժամանակ չէին կարողանում պարզել՝ քանի հոգու են բերման ենթարկել և կոնկրետ ուր են տարել։ Խուզարկություններին ներկա գտնվել նրանց արգելել են։
«Տեղի ունեցողը որևէ խելամիտ բացատրություն չունի։ Ըստ ամենայնի՝ նրանք պարզապես ուզում են վերջնականապես լիկվիդացնել երկրի անկախ լրատվամիջոցներին, այնպես անել, որ քննադատության համար հարթակներ չմնան», – ասել է Toplum TV-ի գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլը (Իսմայիլովա)։
Իսմայիլը ադրբեջանում հայտնի հետաքննող լրագրող է՝ նախկին քաղբանտարկյալ։ Ժամանակին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում՝ «Ազադլըքում» էր աշխատում, բացահայտում էր Ալիև-Փաշաևների կլանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների բիզնես կայսրությունները։ 2014-ի տարվերջին Ադրբեջանի ուժային կառույցները նրա դեմ արշավ էին սկսել՝ բնակարանում գաղտնի տեսախցիկ էին դրել, փորձում էին վարկաբեկել «ինտիմ» տեսանյութերով։ Արշավն ավարտվել էր ձերբակալությամբ։ Սկզբում Խադիջա Իսմայիլին մեղադրանք էին առաջադրել ինքնասպանության հասցնելու, հետո՝ հարկերից խուսափելու և գումար յուրացնելու հոդվածներով։ 2015 թվականին նրան 7․5 տարվա ազատազրկման էին դատապարտել, 2016-ին ազատ արձակել՝ բանտարկությունը փոխարինելով պայմանական պատժով։ Վերջին երկու տարիների ընթացքում Խադիջա Իսմայիլը աշխատում է Toplum TV-ում։
«Մենք ներգրավված չենք որևէ հանցավոր գործողության մեջ, ապօրինի ոչինչ չենք արել։ Տեղի ունեցողը որևէ իրավական հիմք չունի», – գործընկերների ձերբակալության օրը ասել է Իսմայիլը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածներին՝ Ֆարիդ Իսմայիլովին, Ակիֆ Գուրբանովին, Մուշվիղ Ջաբբարովին, Ռամիլ Բաբաևին, Էլմիր Աբբասովին, Ալի Զեյնալին ու Իլկին Ահմեդովին, մեղադրանք են առաջադրել՝ մաքսանենգություն, որն իրականացվել է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հոդվածով։
Նախօրեին Ադրբեջանի ուժային կառույցներից հայտարարել են, թե խուզարկությունների ընթացքում Toplum TV-ի խմբագրատանը «30 հազար եվրո են հայտնաբերել», ևս «2700, 3100 և 20 հազար եվրո էլ, ըստ նրանց, աշխատակիցների բնակարաններում են գտել»։
Փաստաբանները ահազանգել են իրենց պաշտպանյալների նկատմամբ ճնշումների մասին։
Արդեն այսօր հարազատները գրել են՝ առավոտյան քաղաքացիական հագուստով անձինք Բաքվում գտնվող «Ստամբուլ» կլինիկայի մոտից առևանգել են Toplum TV հիմնադիր Ալեսկեր Մամեդլիին։ Խադիջա Իսմայիլը տեղեկացրել է՝ ոստիկանները անհայտ ուղղությամբ են տարել նաև «III Հանրապետություն Պլատֆորմի» անդամ Ռուսլան Իզզատլիին, որին մարտի 6-ին բերման էին ենթարկել և ազատել կեսգիշերին։
ջնջում են վիդեոները
Լրագրողների ձերբակալության օրը Toplum TV-ի յութուբյան ալիքը վերանվանվել է, բովանդակությունը սկսել են ջնջել։
Ալիքն ավելի քան 3600 տեսանյութ ուներ՝ 92 հազար հետևորդ։
Իրավապաշտպանների կարծիքով, ոստիկանությունը հասանելիություն է ստացել այդ օգտահաշվին կամ ստիպել է ալիքի ադմինին ոչնչացնել/ջնջել լրագրողական կոլեկտիվի երկարամյա աշխատանքը։
խորը անհանգստություն
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են հաղորդումներից, ըստ որոնց՝ ադրբեջանական ոստիկանությունները խուզարկություններ է արել Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակում և ձերբակալել մի քանի լրագրողների և քաղհասարակության մի քանի ներկայացուցիչների», – նույն օրը ասել է ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք մեր առարկություններն ենք ներկայացրել ընդդեմ շարունակվող փորձերի՝ վախեցնել, ճնշել և պատժել լրագրողներին, ակտիվիստներին և ընդդիմադիր գործիչներին, – հավելել է ամերիկացի պաշտոնյան. – Կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ իրենց ազատություններն իրացնող քաղաքացիների նկատմամբ հետապնդումներին, և կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր քաղաքականապես մոտիվացված գործերով անարդարորեն անազատության մեջ են պահվում։ Ոչ ոք չպետք է բախվի բանտարկության կամ այլ տիպի պատժի, զուտ որովհետև իրացնում է կարծիքի ազատության իր իրավունքը»:
Turan գործակալության հարցին՝ ինչու է Վաշինգտոնը կարծում, որ Բաքուն ականջալուր լինի այս կոչերին, եթե մինչ այս Ալիևի վարչակազմը ամբողջապես անտեսել է միջազգային հանրության այսօրինակ արձագանքը, Միլլերը պատասխանել է․ «Ես այլ հետևություններ չեմ անի, պարզապես կասեմ՝ նրանք պարտավոր են վերջ տալ խոսքի ազատության դեմ ոտնձգություններին զուտ որովհետև դա բխում է իրենց իսկ ժողովրդի շահերից։ Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ երբ մենք մասնավոր դիվանագիտական բանակցություններ ենք վարում ադրբեջանական կողմի հետ, ինչպես նախորդ ամիս դա արել է պետքարտուղարը, մենք բարձրացնում ենք նաև այս հարցերը»։
ոչ միայն լրագրողներին
2023-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։ Դեկտեմբերից հետո շարունակվել են ոչ միայն լրագրողներին ձերբակալել, այլև կալանավորել են տասնյակ հավատավորների։
Մահմեդական (շիա) հավատավորների զանգվածային ձերբակալությունները Ադրբեջանում 2023-ին են մեկնարկել։ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին շիաներին լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։
տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի