Բաքվում և շրջաններում շարունակվում են «իրանամետ տարրերի ձերբակալման» գործողությունները` հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Ժամը 15։30-ի դրությամբ հայտարարվել է 7 մարդու ձերբակալության մասին։ Թե ինչում են նրանք մեղադրվում կամ կասկածվում՝ հայտնի չէ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ իրավապահները խուզարկություններ են անում Salamnews.org և Inter.az խմբագրություններում։
Turan գործակալությունը նշում է, թե հիշյալ կայքերը «համարվում են պրոիրանական» և «ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ֆինանսավորվում են Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից»։
դիվանագիտական գործունեությունը կասեցված է
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լարվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կասեցնում է դիվանագիտական գործունեությունն Իրանում։ Կշարունակի աշխատել միայն Թավրիզի հյուպատոսությունը։
տե՛ս «Ընտանեկան դրդապատճառով» զինված հարձակում Իրանում Ադրբեջանի վրա
Կիրակի օրը Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը՝ ընտանիքի անդամների հետ միասին, հատուկ չվերթով «տարհանվել է» Բաքու։ Ադրբեջան է տեղափոխվել նաև դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված սպայի՝ ավագ լեյտենանտ Օրհան Ասքերովի մարմինը։ Ադրբեջանցիներն իրանական պատվո պահակազորի անդամներին արգելել են նրա մարմինը տեղափոխել մինչև օդանավ։
Դիվանագետների և անվատգության ծառայության սպանված աշխատակցի տարհանումը Բաքուն տեղավորում էր վերջին շրջանի քաղաքական լարվածության կոնտեքստում։ Պաշտոնական Թեհրանը, մինչդեռ, շարունակում էր պնդել՝ հարձակումը քննվում է, ըստ նախնական տվյալների՝ այն «անձնական դրդապատճառներ է ունեցել»
շեյխ-ուլ-իսլամը հիշել է «շուրջ 40 միլիոն ադրբեջանցիների» մասին
Նախօրեին Օրհան Ասքերովին հուղարկավորեցին Բաքվի «Շեհիդների ծառուղում»`Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների զոհերի կողքին։ Հուղարկավորության արարողությանը ներկա էին Ադրբեջանի բոլոր ուժային կառույցների ղեկավարները։
Սպանված լեյտենանտի հոգեհանգստի արարողությանից հետո շիա մահմեդականների առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության պետ, շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն հայտարարեց․ «Այսօր մենք նահատակ ենք բերել Իրանից՝ երկրից, որ համարում էինք եղբայրական պետություն։ Մենք արդեն հասկացել ենք՝ Իրանը մեր եղբայր երկիրը չէ, այլ Հայաստանի եղբայրն է»։
Փաշազադեն խոսեց նաև Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների մասին՝ պնդելով, թե Իրանի կենտրոնական իշխանությունները ճնշում են նրանց․ «Իրանի պետության կազմում այսօր շուրջ 40 միլիոն ադրբեջանցի է ապրում։ Նրանք գերիներ են իրանական, պարսկական վարչակազմի ձեռքում»։
Սա, թերևս, Բաքվի կողմից վերջին ամիսներին շրջանառվող ամենահնչեղ թեզերից մեկն է։
Բաքուն հորդորում է չգնալ Իրան
Արդեն այսօր Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը կոչ է արեց զերծ մնալ Իրան այցելություններից։ «Հաշվի առնելով Իրանում առկա անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացչության դեմ կատարված ահաբեկչական հարձակումը՝ խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան այցելություններից, այդ երկիր մեկնելու դեպքում էլ խիստ զգոնություն ցուցաբերել»։
Օրվա երկրորդ կեսին հաղորդվեց Ադրբեջանի մի շարք շրջաններում «իրանական գործակալական ցանցի դեմ իրականացված հատուկ գործողության մասին»։
զորավարժություններ, նոտաներ, «ահաբեկիչներ»
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են դեռևս անցյալ տարի։
Աշնանը Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարեցին, թե զինված ցանց են բացահայտել, որի անդամները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից և ռազմական պատրաստություն անցել Սիրիայում։ Օրեր անց Իրանի տեղեկատվության և հետախուզման նախարարությունը հաղորդեց, թե Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին։
տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»
Ավելի ուշ կողմերը միմյանց դեսպաններին կանչեցին արտգործնախարարություններ և փոխադարձաբար բողոքի նոտաներ հղեցին՝ պահանջելով, մի դեպքում, դադարեցնել հակաիրանական, մյուս դեպքում՝ հակաադրբեջանական քարոզը։
Հոկտեմբերին Իրանը հյուպատոսություն էր բացել Հայաստանի Սյունիքի մարզում՝ Կապանում, և զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Նոյեմբերին պատասխան զորավարժություններ էր կազմակերպել նաև Ադրբեջանը՝ արդեն Իրանի հետ սահմանին։
տե՛ս Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Դիվանագիտական, ռազմական և ոստիկանական այս միջոցառումներին զուգահեռ՝ շաբաթներ տևող փոխադարձ մեղադրանքների ֆոնին, ադրբեջանական մամուլը, այդ թվում՝ պետական, խոսում էր Իրանի թյուրքախոս նահանգների (խոսքը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և առավելապես՝ Արևելյան Ադրբեջան նահանգի մասին է) բնակչության ճնշվածության մասին։ Որոշ դեպքում հնչում էին նաև անջատողական կոչեր։
տե՛ս Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»
Իրանը, մինչ այդ, Բաքվին մեղադրում էր իրանական սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու մեջ և կտրուկ ընդդիմանում «Զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական պահանջներին։