Home / Հայաստան / Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»

Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի արգործնախարարություն, իսկ Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի արտգործնախարարություն․ շաբաթներ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին դիվանագետները միմյանց բողոքի նոտաներ են հղել ոչ բարեկամական հայտարարությունների առթիվ։

Իրանի արտգործնախարարի օգնականը պաշտոնական Թեհրանի վճռական բողոքն է հայտնել դեսպան Ալի Ալիզադեին՝ «Ադրբեջանի պաշտոնյաների ոչ-բարեկամական հռետորաբանության» և ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական քարոզչության կապակցությամբ, հաղորդել է Թեհրանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը դեսպան Աբբաս Մուսավի միջոցով իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ Իրանի «բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության», «իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ քարոզչության, զրպարտչական արշավի» կապացությամբ։ «Կիկին շեշտվել է Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ կատարած, դատարանի որոշմամբ կալանավորված և միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների կողմից Իրանում բնակություն հաստատելու անթույլատրելիությունը, խոսվել է նրանց արտահանձնելու կարևորության մասին», – հավելել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Փոխադարձ զորավարժություններ

Հոկտեմբերին Իրանը հերթական՝ 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ զորավարժություններն էր սկսել Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանին։ Ադրբեջանը դրանց արձագանքել էր պատասխան զորավարժություններով։

Նոյեմբերի 8-ին՝ Շուշիում ելույթ ունենալիս, Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Այստեղ թելադրողը մենք ենք, այստեղ հիմնական ուժը մենք ենք․․․ Դա գիտեն բոլորը, դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մեր սահմաններին զորավարժություններ են անցկացնում ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»։

Իրանը կոշտ է արձագանքում «Զանգեզուրյան միջանցի» մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին։ Պաշտոնական Թեհրանը շարունակաբար կրկնում է՝ չեն հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Սա ամեն անգամ սուր արձագանքի է արժանանում ադրբեջանական մամուլի կողմից։ Բաքվում քննադատում էին նաև Կապանում նոր հյուպատոսարան բացելու Թեհրանի որոշումը։

Բաքվում հիշել են «Հարավային Ադրբեջանի» մասին

Շաբաթներ տևող փոխադարձ մեղադրանքների ֆոնին ադրբեջանական մամուլը, այդ թվում՝ պետական, կիկին հիշել է Իրանի թյուրքախոս նահանգների մասին։

Az TV-ին անցած օրերին հյուրընկալել էր որպես «Հարավային Ադրբեջանի առաջնորդ» ներկայացող Մահմուդալի Չեհրաղանլիին, որն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, թե «մոլլաների պարսկա-ֆաշիստական ռեժիմը» մոտենում է ավարտին։

«Հարավային Ադրբեջանը պետք է դուրս գա Իրանի կազմից»՝ գրում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները՝ նկատի ունենալով Իրանի հյուսիս-արևմուտյան շրջանները (առավելապես՝ Արևելյան Ադրբեջան նահանգը)։

Տեղեկատվական այս ֆոնին Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանից դուրս ապրող «շուրջ 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը» զրկված են իրենց իրավունքներից։ «Ժամանակն է, որ մենք չանտեսենք մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և ազգային ինքնության պաշտպանության հետ կապված հարցերը, թույլ չտանք նրանց ձուլել», – Թյուրքական պետությունների կազմակերպության այսօրվա գագաթնաժողովին ասել է ադրբեջանի նախագահը՝ ըստ «Թուրան» գործակալության, նկատի ունենալով Իրանի  թյուրքախոս բնակչությանը։

Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»

Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Ադրբեջանում գործող զինված ցանց է բացահայտել, որի անդամները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից և ռազմական պատրաստություն անցել Սիրիայում։

Նոյեմբերի 7-ին Թեհրանից հայտարարել էին, թե Շիրազ քաղաքում 15 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման ետևում Ադրբեջանի քաղաքացիներ են կանգնած։