Ադրբեջանի համազգեստավորված նախագահը այսօր մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ» տոնելու։ Դահլիճում հավաքված զինվորականների առջև իր ունեցած ելույթում Իլհամ Ալիևը հիմնականում գովում էր ինքն իրեն և սպառնում Հայաստանին։ Հայաստան բառն, ի դեպ, արտաբերվեց ուղիղ 36 անգամ։
Ստորև՝ մեջբերումներ Ալիևից․
Պատերազմի նպատակը՝ Շուշի
«․․․ Առանց Շուշա մեր հաղթանակը ամբողջական չէր լինի։ Վստահ եմ, Ադրբեջանի ժողովուրդը լավ հասկացավ, որ մեր վերջնական նպատակը, պատերազմի վերջնական նպատակը Շուշան օկուպացիայից ազատագրելն էր․․․»
Ղարաբաղյան առաջին պատերազմի մասին
«Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտությունը բարոյապես ցնցեց մեր ժողովրդին։ Այդ պարտության պատճառները հայտնի են։ Հակաազգային տարրերն այն ժամանակ զավթել էին իշխանությունը, կռիվ էին տալիս իշխանության համար, իշխանության գալու համար, Շուշիի պես անառիկ ամրոցը նրանք փաստացի հանձնեցին Հայաստանին։ Եվ այդպես էլ եղավ։ Շուշիի և Լաչինի օկուպացիայից մեկ ամիս անց Ադրբեջանի ժողովրդական ճակատ-Մուսավաթ տանդեմը իշխանության եկավ․․․»։
Դաշնակիցներ
«Եվրամիության անդամ պետություններից 9-ը Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության հռչակագրեր են ստորագրել․․․
․․․Մենք սերտ կապեր հաստատեցինք մուսուլմանական երկրների հետ և կարողացանք բացատրել նրանց, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր դեմ, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհի դեմ։ Նրանք, ովքեր մզկիթներ են քանդում, չենք կարող մուսուլմանների ընկերը լինել․․․ Մենք մեկուսացրեցինք Հայաստանը մուսուլմանական աշխարհի հիմնական հենարաններից։ Ճիշտ է՝ չկարողացանք դա անել ամբողջությամբ․․․
․․․Մեր նախաձեռնությամբ իրականացվող տրանսպորտային և էներգետիկ նախագծերում մասնակցող երկրների թիվը աճում է։ Խոսքը տասնյակների մասին է։ Այս փուլում դա էլ ավելի մեծ թափ է ստանում, բոլոր այդ երկրները մեր բնական ընկերներն ու դաշնակիցներն են։ Միևնույն ժամանակ այդ նախագծերը մեզ համար հավելյալ ֆինանսական հնարավորություններ են ստեղծում։ Այդ հնարավորությունները մենք ուղղում ենք, առաջին հերթին, ռազմական ներուժի հզորացմանը․․․»։
Երեխաների մասին
«․․․Երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը իմ՝ իբրև նախագահի, քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էր։ Եվ մենք հասանք դրան։ ․․․Մեր երիտասարդությունը, որը երբեք չէր տեսել Ղարաբաղը, պատրաստ էր մահվան գնալ հանուն Ղարաբաղի։ Եվ գնաց․․․»
Նախագահի առաջնահերթությունը
«․․․Եթե նայել պետական բյուջեի ծախսերին իմ նախագահության օրոք, կարելի է տեսնել, որ առաջին տեղում ռազմական ծախսերն են․․․ Ադրբեջանի գալիք տարվա պետբյուջեն հասել է ռեկորդային մակարդակի, ռեկորդային մակարդակի են հասել նաև ռազմական ոլորտին ուղղվող ծախսերը․․․»։
Ստաբիլ
«․․․Շատ երկրներ տապակվում են ներքին խնդիրների մեջ, շատ երկրներում ներքին ճգնաժամ է տիրում, փոխադարձ անվստահություն, հասարակական կարգի խախտում, անջրպետ ժողովրդի և իշխանության միջև։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում մեզ մոտ։ Ներքին ստաբիլությո՜ւն, ազգային միասնությո՜ւն, ազգային համաձայնությու՜ն, ժողովրդի և իշխանության միասնությու՜ն։ Սա մեր քաղաքականության հետևանքն է։ ․․․Մինչև Հայրենական պատերազմը իմ բոլոր քայլերը ծառայել են մեկ նպատակին՝ ազատագրել մեր հողերը, քշել թշնամուն մեր հողերից․․․»։
Ռուս խաղաղապահները ժամանակավոր են, ռազմական ագրեսիան դաս է
«․․․«Ֆառուխ» օպերացիան [Փարուխի բռնազավթումը], «Հատուցում» օպերացիան [ռազմական հարձակում Լաչինի ուղղությամբ], հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-14-ի մարտերը պետք է դաս լինեն Հայաստանի համար։ ․․․Հույս ունենք, նրանք հնազանդորեն կզբաղվեն իրենց ներքին հարցերով, աչք չեն դնի մեր հողերի վրա, աչք չեն դնի Ղարաբաղի վրա։ Ղարաբաղը մեր հողն է։ Ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են, նրանց տեղակայման ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայտարարության մեջ։ Եթե նրանք [հայկական կողմը] որևէ մեկի վրա հույս են դրել, ապա՝ կրկին կբախվեն ողբերգության․․․»։
Հարգելու և գլուխ ջարդելու մասին
«․․․Մենք միշտ հարգում ենք միջազգային պայմանավորվածությունները․․․ Մենք երկու տարի իրականացնում ենք նոյմեբերի 10-ի Հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտականությունները։ Իսկ Հայաստանը իրականացնո՞ւմ է։ Ոչ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո այն այնքան վախեցած էր, որ բնականաբար իրականացնում էր այդ դրույթները։ Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները վերադարձրեցին մեզ առանց գեթ մեկ կրակոցի։ Եթե չվերադարձնեին, մենք կրկին կջարդեինք նրանց գլուխը։ Իսկ հետո ի՞նչ։ Հետո նրանք սկսեցին ժամանակ ձգել։ Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր համբերությունը անսահման չէ․․․»։
Լաչինի միջանցքը, «Զանգեզուրի միջանցքը»
«․․․Երկու տարի մենք ձեռք չենք տալիս մեքենաները, որոնք Լաչինի ճանապարհով Հայաստանին գնում են Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Մենք պարտավորվել էինք, մենք դա անում ենք, ազատ տեղաշարժ է։ Հայաստանն էլ է պարտավորվել, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցություն լինի։ Երկու տարի է անցել։ Չկա ոչ տնտեսական-տեխնիկական հիմնավորում, ոչ տեղաշարժ, ոչ եկաթգիծ, ոչ ավտոուղի։ Մինչև ե՞րբ ենք մենք պարտավոր սպասել․․․»։
Ադրբեջանը բարձունքներ է գրավում, արևմտյան գործընկերները «ծուղրուղու են կանչում»
«․․․Սեպտեմբերի 13-14-ի օպերացիայից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ հիմնական ռազմավարական բարձունքների վրա։ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այդ ռազմավարական բարձունքներից մենք այսօր մեր աչքերով տեսնում են Ղարաքիլիսան [Սիսիան], Կաֆանը [Կապան], Գորիսը, Իսթիսուն [Ջերմուկ]․․․
․․․Հայաստանի որոշ արտասահմանյան հովանավորները ուզում են մեզ ինչ-որ բաներում մեղադրել։ Ես պատասխանել եմ նաև նրանց։ Եթե նրանք նորից ծուղրուղու կանչեն, նորից կպատասխանեմ։ Դա ինձ չի կանգնեցնի․․․»։
Մահ կամ ազատություն
«․․․Մենք ոչ ոքից չենք վախենում, ոչնչից չենք զգուշանում։ Եթե մենք որևէ մեկից վախենայինք, չէինք սկսի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Մեզնից յուրաքանչյուրը գնում էր մահվան՝ մինչև վե՛րջ, մա՛հ կամ ազատություն։ Այժմ մենք պատրաստ ենք գնալ մահվան՝ պահանջելու մեր իրավունքները․․․»
Սպառնալիքներ Իրանին
«․․․Յուրաքանչյուրը գիտի այս մասին, պետք է իմանան նաև նրանք, ովքեր ի աջակցություն Հայաստանի զորավարժություններ են իրականացնում մեր սահմանին [հոկտեմբերին Իրանը զորավարժություններ էր սկսել Նախիջևանի հարևանությամբ]։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»։
Ժամանակի մասին
«․․․Եթե Հայաստանը բարիդրացիականության քաղաքականություն է ուզում վարել, այն պետք է նախևառաջ իրականացնի նոյեմբերի 10-ի Հայտարարության բոլոր դրույթները։ ․․․Պետք է արհեստականորեն ժամանակ չձգի, չպետք է սպասի հրաշքի․․․ Մենք ուզում ենք խաղաղություն, մենք պատերազմ չենք ուզում։ ․․․Պայմանները, որոնք մենք առաջ ենք քաշել, արդար են, դրանք հիմնված են միջազգային իրավունքի վրա։ Խաղաղության պայմանագիչը պետք է կնքվի այդ պայմանների հիման վրա։ Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, այն կստորագրվի, եթե ոչ՝ չի ստորագրվի։ Իսկ թե ինչ տեղի կունենա հետո՝ ցույց կտա ժամանակը»։