Իրանական Շիրազում՝ Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին՝ հայտարարել է Իրանի տեղեկատվության և հետախուզման նախարարությունը։
Շահ Չերաղ մզկիթում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Զոհերի մեջ կան նաև երեխաներ։ Մոտ երկու տասնյակ մարդ վիրավորվել է։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է նաև ահաբեկիչը։ Վերջինս մահացել է հիվանդանոցում:
Քրեական գործով ձերբակալված 26 անձանցից ոչ մեկն Իրանի քաղաքացի չէ։ Իրանական կողմի հաղորդմամբ, ահաբեկչությունը համակարգվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու կողմից։ Ձերբակալվածները Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Ահաբեկիչն, ով հոկտեմբերի 26-ին ներխուժել էր Շահ Չերաղի դամբարան և կրակ բացել հավաքված հավատացյալների վրա, Տաջիկստանի քաղաքացի էր, մականունը՝ «Աբու Աիշա»:
«Օպերացիայի ղեկավարման և համակարգման առանցքային օղակը երկրի ներսում Ադրբեջանի քաղաքացի էր, որը Իմամ Խոմեյնիի օդակայան էր ժամանել Բաքվում գտնվող՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից։ Թեհրան ժամանելուց հետո անձը այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող համակարգող մարմնին։ Աֆղանստանում գործող օպերատիվ շտաբի միջոցով նա անմիջապես կապ է հաստատել ԻԼԻՊ-ի՝ օտարերկրյա քաղաքացիների ցանցի հետ, և տեղեկացրել, որ գտնվում է Թեհրանում», – հայտարարել են Իրանի իրավապահները։
Պաշտոնական Բաքվից մեկնաբանություններ դեռևս չկան։
Ադրբեջանական «Թուրան» պարբերականը գրում է, որ սա առաջին դեպքն է, երբ Թեհրանը մեղադրում է Բաքվին Իրանի տարածքում ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեջ։ Եվ հիշեցնում՝ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել էին, թե ձերբակալել են մի խումբ իրանամետ գրոհայինների։
Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել էր իրանական հատուկ ծառայությունների ենթակայության տակ գործող ադրբեջանական զինված ցանցի բացահայտման մասին։ Թե կոնկրետ երբ է բացահայտվել այդ խումբը՝ չէր նշվել։
Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը պնդում էր, որ Իրանի հատուկ ծառայությունները հավաքագրել են Ադրբեջանի առնվազն 19 քաղաքացիների, նրանց երրորդ երկրներով տեղափոխել սկզբում Թեհրան, հետո՝ Դամասկոս։ Սիրիայի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ռազմադաշտերում, ըստ Բաքվի, այդ մարդիկ հատուկ ռազմական պատրաստություն են անցել։
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե հիշատակված 19 անձինք ներգրավվել են քննության, հայտնաբերվել և առգրավվել են «ապօրինի կերպով Ադրբեջան բերված տարատեսակ գրքեր և տեսանյութեր», որոնք «ծայրահեղական, կրոնական, էքստիմիստական գաղափարմեր» են քարոզում՝ ընդդեմ «ժամանակից զարգացման և աշխարհիկ պետության»։
Ադրբեջանական հատուկ ծառայությունները պնդում էին, թե ձերբակալվածների մեծ մասը ժամանակին անդամակցել է ներկայումս արգելված «Մահմեդական միասնության շարժմանը»։ Հայտնի հոգևորական, այժմ բանտում գտնվող Թալեհ Բաղիրզադեյի կողմից 2015-ին ստեղծված այս կազմակերպության անդամները, սակայն, կտրականապես հերքում են, թե որևէ առնչություն ունեն Ադրբեջանի Պետանվտանգության կողմից «բացահայտված» անձանց հետ՝ գրում էր «Թուրան» գործակալությունը։