Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ «Սիլ պլազան» պատկանում է խոշոր գործարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի («Գռզո») ընտանիքին։
Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել Սուքիասյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը («Գռզո պլազա» ՍՊԸ) «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է «ճանաչել Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Գործով պատասխանող է Կադաստրի կոմիտեն, «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 16-ին։
Վարչական դատավարությունից բացի շենքի սեփականաշնորհման առթիվ նաև քրեական գործ է հարուցվել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը։ Վարդապետյանի պաշտոնավարման ընթացքը նշանավորվել է մի շարք հնչեղ գործերով՝ հարուցված այդ թվում նաև դատավորների նկատմամբ։
Օտարել են 5 հազար դոլարով, նպատակին չի ծառայել
Սուքիասյանների նկատմամբ հարուցված վարչական և քրեական գործերի հիմքում «Հետքի» հետաքննությունն է՝ հրապարակված 2021 թվականին։
Հրապարակման համաձայն, 28 տարի առաջ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն այժմ զբաղեցնում է Հայաստանի նախագահի պաշտոնը։
Արամի 3 հասցեում գտնվող շենքը սեփականաշնորհվել է պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի հիմնադրած կոոպերատիվի կողմից՝ ընդամենը 5655 դոլարով։ Նույն ժամանակաշրջանում Խաչատուր Սուքիասյանը զբաղեցնում էր արդյունաբերության նախարարության տնտեսական կապերի գլխավոր վարչության պետի, ապա` նախարարի խորհրդականի պաշտոնը։
Գործարքի համաձայն, շենքը պետք է ծառայեր որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն։ Սեփականաշնորհումից հետո, սակայն, Սուքիասյանները վերակառուցել են այն և օգտագործում են բիզնես նպատակներով։
թարմացում — «Գռզոն» ուրախ է
«Ես շատ ուրախ եմ։ Եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել և օրենքը պետք է պաշտպանվի»,- դատախազության նախաձեռնած գործընթացը մեկնաբանել է Խաչատուր Սուքիասյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե տարածքը «ջրի գնով է վաճառվել», Սուիաքսյանը պատասխանել է՝ այդ տարածքի վրա իրենք միլիոններ են ծախսել։
«Ո՞վ է ասել, որ «ջրի գնով» է վաճառվել։ Մեզ երկար ժամանակ համոզել են՝ դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու։ Այդ խնդիրները եղան՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը և այլն․․․
Ի սկզբանե եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։ Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չարդարացրեց իրեն։ Շատ ուրախ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն, հասկանան․․․ Սիլ պլազան կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա։ Հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում 5000 դոլարով է վաճառվել։ Դա ինչ անելու բան է։ Ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5 բնակարան։ Ի՞նչ կապ ունեն այդ պատը և Սիլ պլազան»։