Home / Ազգային ժողով / Գռզոյի կարճ ռեպլիկները Վազգեն Սարգսյանի մասին արժեքավոր էին

Գռզոյի կարճ ռեպլիկները Վազգեն Սարգսյանի մասին արժեքավոր էին

Ազգային պառլամենտում Գռզոյի կարճ ռեպլիկները Վազգեն Սարգսյանի մասին արժեքավոր էին։ Վազգեն Սարգսյանի հետմահու սպարապետացման և կռապաշտության հուժկու ավանդույթը խախտելու համարձակություն քիչ պաշտոնյաներ են ունեցել։ Առաջին նախագահից մինչև առաջին վարչապետ չեն խախտել սպարապետի կուռքի դիկտատուրան, այլ բոլոր առիթներով սատարել են դրան, նպաստել ամրակայմանը, տուրք տվել վերարտադրությանը։ Սարգսյանի անձի և գործի քննադատությունը տաբուացված էր և տաբու է մնում մինչև օրս։ Նա վաղուց ևեթ սրբադասված է համակարգի կողմից և դուրս է քննարկելիության հավանականությունից անգամ։ Սահմանները շատ հստակ են գծված, և բոլոր խելամիտները վաղուց գիտեն դրանք չհատելու ձևերն ու ճանապարհները։ Քաղաքական ակտիվություններից մինչև հեղափոխություններ կարողանում են իրացվել, ներկայանալ, անուն հանել` առանց տրորելու համակարգի սահմանած կարմիր գծերը, առանց հարցադրելու սահմանած գաղափարական նորմերը, առանց դիպչելու սրբերին ու սրբագործություններին։ Հիրավի, մեծ ճարպկություն և ճկունություն, կարելի է ասել` քարից հաց քամել։ Քամել, քամել, քամել։

Բայց քամող սիստեմին սպասարկող քաղաքականությունները և գաղափարախոսությունները չեն կարող մշտնջենական լինել։ Դրանք պատուհասում են մարդկանց կյանքը, անընդհատ աղետների բերում։ Որքան էլ քաղաքական միտքը ստերջ է և կամ երկփեղկվելու անընդունակ փողոցային հեղափոխությունից և պատերազմից հետո վերանայելու և վերագնահատելու Հայաստանի քաղաքական անցյալը և դրա դերակատարաներին, պետք է հավատալ, որ սառույցը կսկսի հալչել վաղ թե ուշ, և քաղաքական գնահատականներ հնչեցնելու արտոնությունները, որ վերապահված են իշխանություններին, խոշոր կապիտալատերերին, գողականներին և ուրիշ նմանատիպ խմբերի, հնարավոր կլինի ազատագրել և նվաճել նրանց ձեռքից։ Հայաստանում հաստատված քաղաքական տասնամյակների տոտալիտար համակարգը աղետային է. այն ամեն տեղ է, ամեն ինչի մեջ։ Համակարգը հասցրել է բույն դնել ամեն տեղ` առաջադեմներից մինչև պահպանողականների ուղեղներն ու բերանները։

Այսօր արդեն հրապարակվում են Գռզոյի կուսակիցների ներբողներն ու վարքաբանական բանաստեղծությունները առ Վազգեն Սարգսյան։ Սա բնական է` Հայաստանի Հանրապետության քաղաքական գաղափարախոսության հիմնասյուները նույնն են դրա հիմնադրումից մինչ օրս` աջ լիբերալ միլիտարիստական ազգայնականություն` դրա վառ կամ թույլ երանգներով։ Տարբերություն չկա։ Այդ սպեկտորում Վազգեն Սարգսյանը հարմար դեմք է հերոսացնելու համար, եղել է գաղափարախոսության իրականացնողներից և մարտիկներից մեկը, ապա սպանվել։ Պետական սիստեմը նրան դեռ երկար կսրբացնի, դասագրքային ճշմարտություն կհռչակի, կփակի անձի քննադատության ճանապարհները, կհանի բոլոր աչքերը` ուրիշ տեղից նայող, մինչև չառաջանա հուժկու և ձևակերպված այլընտրանք Հայաստանի տիրապետող քաղաքական օրակարգերին, մինչև չճեղքվի տոտալիտարիզմի պատը, մինչև հնարավոր լինի պատռել կապիտալիստ-ազգայնական հոտած թախիծն ու պայքարի իմիտացիան վառ վառված մարդկանց համերաշխության սվիններով, որոնք կկոտրեն հերոսների և աստվածների դամբարանները և կտան նրանց հողին։

Գայանե Այվազյան
սկզբնաղբյուր