Home / Կրթություն / Բժշկականի նախկին ռեկտորի հետապնդումը հիշեցրեց Իշխան Սաղաթելյանի մասին

Բժշկականի նախկին ռեկտորի հետապնդումը հիշեցրեց Իշխան Սաղաթելյանի մասին

Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը մեղադրվում է 39 միլիոն դրամ հափշտակելու մեջ։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ն՝ Միքայել Նարիմանյանը, անձամբ և նույն հիմնադրամի «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված Հիմնադրամի գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով։

Նախկին ռեկտորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հափշտակության, իսկ արհեստակցական կազմակերպության նախագահի նկատմամբ՝ հափշտակությանն օժանդակելու համար։

2012-ից մինչև 2017 թվականները Նարիմանյանը զբաղեցրել է ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնը, 2017-ից առ այսօր նույն համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչն է։ Հայտնի էր որպես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկ։

Նարիմանյանը, Իշխան Սաղաթելյանը և Ծովասարի հանգստյան գոտին

Դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ «հափշտակության» մասին է խոսքը։

Դեռևս 2019 թվականի ամռանը ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել Բժշկական համալսարանի մասին պետական վերահսկողական ծառայության զեկույցի հետքերով։ Նույն թվականին ՊՎԾ-ն հայտարարել էր, թե ռեկտորը 5 միլիոնը գերազանցող, իսկ պրոռեկտորը՝ 3 միլիոնը գերազանցող ամսական աշխատավարձներ են ստացել։ Վերահսկողական ծառայությունը կասկածներ էր հայտնել նաև բուհի տնօրինած գույքի օգտագործման վերաբերյալ։

Խոսքը Սևանի ափին գտնվող «Ծովասար» հանգստի գոտում բժշկական համալսարանի ապարտամենտների մասին է։ ՊՎԾ-ն կարծում էր՝ 2015 թվականին ԵՊԲՀ-ն շուկայականից բարձր արժեքով և առանց գնման պատշաճ ընթացակարգերի ձեռք է բերել կոնֆերանսների դահլիճ և 6 ապարտամենտ՝ վճարելով գրեթե կես միլիոն դոլար։ ՊՎԾ-ն կասկածներ ուներ, որ այդ ապարտամենտները բուհը գաղտնի օգտագործել է կոմերցիոն նպատակով (վարձակալության է հանձնել)․ համալսարանի ներկայացուցիչները այս տեղեկությունը հերքել են։

2014 թվականին «Ծովասար» հանգստյան գոտու բացմանը ներկա էր անձամբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, «Ծովասարի» գլխավոր ներդրողը դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է, ով առաջնորդում է այսօրվա ընդդիմության շարժումը։ «Ծովասարի» հանգստյան գոտին, ըստ Իշխան Սաղաթելյանի, պատկանում է իր հորը, ոչ թե անձամբ իրեն։

2015-ին թվականին, երբ տեղի ունեցել Բժշկականի և «Ծովասարի» միջև մոտ կես միլիոն դոլար արժողության գործարքը, բուհի ռեկտորը Միքայել Նարիմանյանն էր, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ հանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։