Home / Հայաստան / Հարյուրավոր փախստականներ մնացել են Սիցիլիայի ջրերում

Հարյուրավոր փախստականներ մնացել են Սիցիլիայի ջրերում

Իտալիայի ծովային սահմանին նոր միգրացիոն ճգնաժամ է հասունացել։ Սիցիլիայի նավակայանում մնացած միգրանտներից երեքը ցած են նետվել փրկանավից։ Քանի որ Իտալիայի իշխանությունները ներգաղթյալներին արգելել են իջնել ափ, հարյուրավոր մարդիկ արդեն տևական ժամանակ «ապրում» են նավի մեջ։ Փրկանավերում վարակներ և քոս է տարածվում, դեղամիջոցներն ու սնունդը արդեն սպառվում են։

Ոստիկաններին հաջողվել է փրկել ծով նետված երեք տղամարդկանց։ Թե ի՞նչ է լինելու նրանց հետ՝ պարզ չէ։ Բացառված չէ, որ երեքն էլ դեպորտացվեն։

Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնցով «ոչ օրինական» միգրանտները հատում են Միջերկրական ծովը և մոտենում իտալական ափերին։

https://twitter.com/sosmedintl/status/1587356070640599041?s=21

Հումանիտար կազմակերպությունները զգուշացնում են՝ Իտալիայի կառավարությանը դատի են տալու ծովային իրավունքը և եվրոպական օրենսդրությունը խախտելու համար։ Երկրի իշխանությունները հրաժարվել են իջեցնել Սիցիլիայի ափին մոտեցած 4 փրկանավերի հարյուրավոր միգրանտներին։

Նավերից մեկը՝ «Գեո Բարենց»-ը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության փրկանավն է, որը նորվեգական դրոշի ներքո է լողում, մյուսը՝ «Հյումանիթի 1»-ը, կառավարվում է գերմանական բարեգործական SOS Humanity կազմակերպության կողմից։

Այս նավերից իջել են միայն երեխաներն ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող ուղևորները՝ ընդհանուր 501 հոգի։ Մյուսները՝ 250 մարդ, մնացել են նավի վրա։ Բացի այդ, ծովում են մնացել ևս 2 փրկանավեր՝ ընդհանուր 327 ուղևորներով։ Միգրանտների մի մասը արդեն 2 շաբաթ է, ինչ նավի վրա է «ապրում»՝ ծավում կամ ափեզրին։

Մարդիկ քնում են հատակին և տախտակամածների վրա, նավում տենդ առաջացնող վարակներ և քոս է տարածվել, հաղորդվում է, որ դեղամիջոցներն ու սնունդը շուտով կվերջանան։

Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնին «խոստացել է» կագնեցնել փչովի մակույկներով Միջերկրական ծովը հատող միգրանտների հոսքը։

Միգրանտների համար Իտալիան եվրոպական դարպաս է։ Այստեղ հասնող միգրանտների մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայից է։ ՄԱԿ-ի տվյալներով, տարեսկզբից նավակներով կամ հումանիտար նավերով Իտալիա է հասել շուրջ 85 հազար մարդ։

Նավակները, որոնցով մարդիկ փորձում են հասնել Եվրոպա, հաճախ կործանվում են, միգրանտների մի մասին փրկում են հումանիտար նավերը։

Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Պյանտեդոզին հայտարարել է, թե միգրանտները, որոնք չեն պատկանում խոցելի խմբերին (երեխաներ և այլն), պետք է լքեն Իտալիայի ջրերը, նրանց համար պետք է հոգ տանի այն պետությունը, որի դրոշի ներքո նրանք հասել են ծովային սահման։

Այնուամենայնիվ, «Հյումանիթի 1»-ի նավապետը հրաժարվել է լքել Կատանիայի նավահանգիստը, մինչև ծովային աղետից տուժած բոլոր ուղևորները չիջնեն ափ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է գերմանական SOS Humanity-ին։

https://twitter.com/msf_sea/status/1589653554197073921?s=21

Թվիթերի իր էջում SOS Humanity-ն հիշեցրել է՝ ծովային իրավունքը պարտավորում է նավապետին աղետից փրկվածներին հասցնել մոտակա անվտանգ վայր։

«Վերապրածները օգնություն ստանալու համար անհատական ստուգում անցնելու իրավունք ունեն, որը հնարավոր է միայն ցամաքում։ «Հյունանիթի 1»-ում պաշտպանություն հայցող 35 անձանց ստացած մերժումը կոլեկտիվ մերժման ձև է, հետևաբար՝ ապօրինի է», – հայտարարել է SOS Humanity-ն։

ՀԿ-ները պնդում են, որ միգրանտները ափ իջնելու և ապաստան հայցելու իրավունք ունեն, որը այժմ խախտվում է։

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որին պատկանում է «Գեո Բարենց» նավը, Իտալիայի կառավարության որոշումը նույնպես ծովային իրավունքի խախտում է որակել։

Երկու կազմակերպություններն էլ համարում են, որ իրենց նավերում գտնվող անխտիր բոլոր մարդիկ պատկանում են խոցելի խմբերին՝ առնվազն այն պատճառով, որ նրանք ծովային աղետ են վերապրել։

Մյուս երկու նավերը մնում են ծովում։ Ի տարբերություն «Հյումանիթի 1»-ի և «Գեո Բարենց»-ի՝ Սիցիլիային մոտենալ նրանք չեն կարողանում։ Նավակայանները հրաժարվել են ընդունել նրանց։

Խոսքը գերմանական «Ռայզ Էբավ» հումանիտար նավի մասին է, որում 93 մարդ է մնացել, և «Օուշն Վիքինգ» նավի մասին, որը կառավարվում է եվրոպական բարեգործական SOS Mediterranee կազմակերպության կողմից և որում այժմ 234 միգրատներ են գտնվում։

Սիցիլիա են ժամանել նաև իտալական հումանիտար խմբերը և երկու քաղաքական գործիչներ, որոնք դեմ են կառավարության որոշմանը։ Փրկանավերում մնացած մարդկանց առաջին օգնություն է ցուցաբերում Կարմիր Խաչը։

աղբյուրը՝ ԲիԲիՍի