Արմեն Մուրադյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր։ Ընտրությունն անցկացվել է դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում․ Մուրադյանը ընտրվել է միաձայն։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 5-ը ներկայացնում են Ուսխորհուրդը (որն էլ, իր հերթին, ներկայացնում է ուսանողությանը)։
Ռեկտորի վերընտրման, համալսարանում ձևավորված մթնոլորտի, պաշտոնավարման անցած և ապագա 5 տարիների, Ուսխորհրդի նշանակության մասին Epress.am-ը զրուցեց բժշկական համալսարանի ուսանողների հետ․
Ուսանող․ – Մուրադյանի վերընտրվելը սպասելի էր, բայց ոչ ցանկալի։
Եթե ուսանողներին հարցնեք, երևի մեծամասնությունը կասի, որ վճարած գումարը չի համապատասխանում ստացած գիտելիքներին, «գրքերին», որով սովորում են (գրքեր չկան, հաճախ մնում ես պատճենած թղթերի հույսին)։ Մենք այդքան վարձ ենք տալիս ու համապատասխան գիտելիք չենք ստանում։
Առարկաներ կան, որ անցնում ենք շատ հին գրքերով։ Ինֆորմացիան շատ հին է ու ներկայումս անպետք։ Կան դասախոսներ, ովքեր այնքան նոր ինֆորմացիա չեն ստացել, որ քարացել են։
Համալսարանում նաև անարդարության մթնոլորտ է, որի մասին տեղյակ են բոլորը։ Խմբեր կան՝ քննական բազաներ ունեն ու քննություն են ստանում, խմբեր կան՝ դասախոսը տրամադրում է ինչ-որ թեստեր։ «Ղեկավարությունը» տեղյակ է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում․ սա նույնպես վատ է ազդում մթնոլորտի վրա։
Մուրադյանին, ըստ իս, սիրում են այն ուսանողները, ովքեր իրա էջի փոստերում են հայտնվում պարբերաբար։ Սիրում են այն ուսանողները, ովքեր համալսարանի ինչ-որ վարչական ենթակառուցվածքների՝ Ուսխորհորրդ և այլն, անդամ են։ Չեն սիրում այն ուսանողները, որոնք համալսարանում փոփոխություններ են ուզում։
Ուսանողական խորհրդի հիմնական նպատակը պետք է լինի ուսանողության շահերի, իրավունքների պաշտպանությունը, ինչը մեր ՈՒԽ-ը չի կատարում կամ կատարում է թերի։ ՈՒԽ գործունեությունը, ինձ թվում է, սահմանափակվում է մենակ ինչ-որ միջոցառումների կազմակերպմամբ․․․
Ուսանող, ուսխորհրդի անդամ․ – Ռեկտորի վերընտրմանը վերաբերվում եմ դրական։ Ինձ թվում է՝ վերընտրվելը արդարացված է։
Ինձ թվում է, որ ուսանողության մեծամասնությունը իրեն սիրում է։ Նույնն էլ դասախոսների դեպքում։ Պարոն Մուրադյանի պաշտոնավարման տարիներին ավելի ուսանողամետ քաղաքականություն է վարվել ու ավելի ընդունելի որոշումներ են կայացվել։
Իրականում, ինչպես բոլոր մյուս համալսարաններում, այնպես էլ մեր համալսարանում լիքը բան կա, որ կարելի է փոխել՝ սանհանգույցներից մինչև ուսումնական նյութերի ու գրքերի վիճակը։ Բայց ինձ թվում է, այս փոփոխությունները արդեն իսկ սկսված են․ մի քիչ ժամանակ է պետք։
3 տարի է՝ ինչ սովորում եմ, եղել եմ ՈՒԽ երկու նախագահների ժամանակ։ ՈՒԽ-ի դերը այդքան էլ փոփոխության չի ենթարկվել, ստաբիլ է։ ՈՒԽ-ի դերը բավականին մեծ է ուսանողության շրջանում ու արդարացված։
Ուսանող․ – Տեսանելի որոշ բաներ համալսարանում փոխվում են, բայց տակից նույն բանն է մնում։ Հենց հիմա շենք է կառուցվում, շենքի մի մասում միշտ ռեմոնտ է։ Կրթությունը հետին պլանում է․․․ Ես մի անգամ խոսել եմ Մուրադյանի հետ, ինքը շատ «գլոբալ» է մտածում ու փոքր, պարզ բաները աչքից վրիպում են։
Նախ, ուսանողների իրավունքները մեզ մոտ գետնին ընկած վիճակում են։ Ուսանողների իրավունքներն այստեղ պաշտպանում է մի հոգի ու այդ մի հոգին մեր դեկանն է։
Կրթության որակի բարելավումը շատ դանդաղ է գնում, այնքան դանդաղ, որ մինչև իրենք բարելավեն՝ գիտությունն արդեն երկու քայլ առաջ է լինելու։ Մեր մասնագիտության մեջ ամեն ինչ անընդհատ փոխվում է․․․ Կուզեի, որ բոլոր ամբիոններն ունենային ոչ թե գրքեր up to date, այլ գոնե ինֆորմացիա up to date: Պետք չի վերահրատարակել 99 թվի գիրքը՝ 10 տարի հետո․․․
Ես չեմ նկատում, որ Մուրադյանն այս առումով ինչ-որ բան փորձում է փոխել։ Ես մենակ նկատում եմ, որ ինքը վատ մարդ չի։ Ամեն դեպքում՝ չեմ պատկերացնում, որ իմ թվարկած փոփոխությունները հնարավոր են իր օրոք։
Ինչ վերաբերում է Ուսխորհրդին՝ ես անկեղծ պատկերացում չունեմ, վստահ չեմ՝ ինչի համար է ընդհանրապես ստեղծվում այդ կառույցը, ինչ է իրենից ներկայացնում։ Ուսխորհուրդի սենյակը․․․ իրենք ներկայացնում էին, որ ցանկացած մարդ կարող է այդտեղ մտնել։ Նախ՝ այդ սենյակը փակում են բանալիով․․․ Կարելի է ասել՝ ինչ-որ մի կուլտ է, խմբակ, որտեղ մարդիկ զբաղվում են ինչ-որ բաներով՝ իվենթներ և այլն։ Երևի ցանկացած մարդ կարա ՈՒԽ անդամ դառնա, ուղղակի ես դրա իմաստը չեմ տեսնում։
Ուսանող․ – Հույս ունեի, որ փոփոխություն կլինի։ Մուրադյանը հնարավոր ամենավատ տարբերակը չի հաստատ, բայց ավելի շատ կենտրոնացած է սիրուն շենք ու տեսք կառուցելու վրա, քան լավ նյութ ու կրթություն տալու։
Եթե ասեմ, որ ռեկտորին սիրում են մենակ նրանք, ովքեր շահ ունեն կամ ընդհանրապես տեղյակ չեն ինչ ա կատարվում համալսարանի ներսում, շատ կոպիտ է՞։
Կոռուպցիան երևի նվազել է։ Կողքից նայողը կարող է մտածել՝ շատ բան է դեպի լավը փոխվել, բայց փոխված բաների մեծ մասը ձևականություն է, հաստատ ավելի հիմնարար փոփոխություններ կարելի էր անել նույն բյուջեով։
Նյութերի մեծ մասը լուրջ վերանայման կարիք ունի։ Կախված ամբիոնի վարիչից՝ ամբիոն կա, որ շատ լավն է, ամբիոն կա՝ շատ վատն է։ Որակի վերահսկում ավելի վերադաս օղակը չի անում, լավ կրթություն տալը մնում է դասախոսի խղճի վրա։ Գիտելիքների «ստուգման» համակարգը չի ստուգում գիտելիքները, ստուգում է անգիր անելու ու 50 րոպե կենտրոնանալու ունակությունը։ Բազմաբաղադրիչ գնահատման մեթոդ է պետք մտցնել․․․
Ճիշտն ասած՝ Ուսխորհրդի դերը ես չգիտեմ։ Առաջին կուրսում մի հարցով խմբով մտել էինք, օգնելու տեղը վիրավորեցին։ Դրանից հետո դիմել չենք փորձել, իմ հասկանալով՝ բավականին անիմաստ կառույց էր Մուրադյանից առաջ ու տենց էլ մնացել է իրենից հետո։
Ուսանող․ – Ես կոնկրետ հոգնել եմ, մեկ է դարձել, իրոք։ Էսօր տեսա, ոնց որ ԵՊԲՀ-ի էջն էր գրել, մտքումս ասեցի՝ «հաաա,օկ» ու անցա առաջ։ Ո՛չ խորացա՝ ուրիշ թեկնածու եղել է, թե չէ, ոչ բան… Առաջ գուցե ոգևորվեի, արձագանքեի, խորանայի, հիմա էն որ՝ «օկ, մեկ ա ինձ»…
Մուրադյանի պլյուսներից իր օրոք կառուցված Զինվորի տունն է, որոշ ամբիոնների, լսարանների վերանորոգումը։ Օրինակ՝ Լաբորատորը մինչև էտ քանդած, ահավոր մասնաշենք էր, հիմա մասնաշենքի բոլոր ամբիոնները վերանորոգված են։ Բայց ուսումնակրթական որևէ բարեփոխում ես անձամբ չեմ տեսել: