հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Անցյալի գնահատականը կնպաստի նաև բուհերի բարեփոխմանը

Անցյալի գնահատականը կնպաստի նաև բուհերի բարեփոխմանը

Արդյոք բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների արագությունն ու որակը համապատասխանում են հեղափոխության կողմից տրված հնարավորություններին։ Որպես ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը պատասխանում է՝ ոչ։

Հոկտեմբերի 28-ին կայացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ընթացքում մի խումբ երիտասարդներ կանգնեցին բանախոսների առջև՝ «անցյալի գնահատական», «իրական փոփոխություններ», «չիրականացված խոստումներ» և «որակյալ կրթություն» պաստառները պարզած։ Ըստ նրանց՝ սա սկիզբն է նոր ուսանողական ինքնաբուխ ակցիաների, որոնք «հետապնդելու են» այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն էին վերցրել կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումների համար։

Ակցիայից հետո Դավիթ Պետրոսյանը շարունակեց՝ հիշատակելով Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ֊ում իրականացրած ուսումնասիրությունը։ Նա հարց բարձրացրեց՝ արդյոք որևէ մեկը տեղյակ է դրա արդյունքներից․ «Նախաքննության փուլ սկսվե՞լ է, թե՞ չի սկսվել, գործը որտե՞ղ է փոխանցվել ու իսկապես հետևողականության խդնիր կա»։

Նա նաև մտահոգված է համալսարաններում ձևավորված խմբերով, որոնք, օգտագործելով իրենց նկատմամբ առկա թավշյա մոտեցումը, ոչ թե ուզում են փոփոխություններ անել, այլ փորձում են հին մթնոլորտը պարտադրել։ Նախաձեռնության անդամը նկատել է՝ կրթական ծրագրերի հետ կապված ոչ մի փոփոխություն չկա, քննադատական մտածողությունը, նախկինի պես, չի խրախուսվում։

«Այն գաղջ մթնոլորտը որ կար, որը չէր խրախուսում ուսանողական ազատություն, դասախոսական ազատություն, ժողովրդավարության մասին ծաղրով էին խոսում, այդ նույն մարդիկ շարունակում են դասավանդել բուհերում, շարունակում են իրենց նույն հռետորաբանությունը՝ «տեսա՞ք, որ տենց էլ բան չփոխվեց», ֊ հայտարարել է Պետրոսյանը՝ ցանկանալով իմանալ, թե ովքեր են բուհերում փոփոխությունների համար պատասխանատվություն կրում։

Նա նշել է, թե չի կարծում՝որևէ մեկը հստակ կարող է ասել, թե օրենքը երբ կընդունվի, սակայն ժամանակը գնում է․ «Հեղափոխությունից հետո արդեն մեկուկես տարի անցել է, բայց բուհերի մեծամասնությունում ոչ թե իրավիճակը բարելավվել է․․․ Օրինակ, Ագրարային համալսարանի դեպքում, որտեղ կոնկրետ փոփոխություններ են իրականացվել, դրանք ավելի քան նշմարելի են։ Տեղաշարժեր կան նաև Տնտեսագիտական համալսարանում, որտեղ չնայած փոխվում են ռեկտորները, բայց էլի փոփոխություններ կան։ Բայց կան բուհեր, որտեղ ընդհանրապես փոփոխություններ չկան ու, հակառակը, վիճակն ավելի վատ է։ Կա ցանկություն, որ կլինի փոփոխություն, բայց հոգաբարձուների խորհուրդներում այժմ կառավարական ճգնաժամ է։ Ես չգիտեմ՝ օրենքը որքանով կկարողանա այդ խնդիրները լուծել և երբ այն կընդունվի»։

Ըստ Պետրոսյանի՝ քննարկումներն արդեն 5-6 տարիների պատմություն ունեն․

«Օրենքներ նախկին կառավարություններն էլ էին գրում, ես չեմ ասում որակի մասին, իհարկե, համեմատել չի կարելի։ Ես երևույթի մասին եմ փորձում ասել։ Պետք է հետամուտ լինել, որ էդ օրենքի իմպլեմենտացման համար լինի պարարտ տարածություն։ Այն կար հեղափոխությունից հետո, հիմա կա, թե չկա, ես կասկածում եմ։ Երբ որ ինքնավարության մասին էինք խոսում․․․ Բուհերի հետ կապված մի շարք գործընթացներում մենք չունենք պատասխանատուներ ու, այսպես ասած, ուսանողը չգիտի՝ ում դիմի»։

Պետրոսյանն օրինակ բերեց, երբ Գյումրի քաղաքի «Ռեստարտ» նախաձեռնության ճյուղը տասնյակ անգամներ հրապարակումներ էր արել «Ֆեյսբուք» սոցցանցում՝ նշելով նախարարին և այլ աշխատակիցներին, սակայն որևէ արձագանք չէր ստացել։ Իսկ նամակին ի պատասխան ասվել էր, որ նախարարությունը չի խառնվում Ուսխորհրդի հետ կապված հարցերին, և այդ հարցը կարող է լուծվել մեծ թվով ուսանողների առկայության դեպքում․ «Իհարկե, ոչ մի իրավական հղում տրված չէր, թե էդ «մեծը» ո՞նց է որոշվում։ Հիմա, մենք գիտենք, որ էս օրենքը շատ լավն է՝ փորձագիտական կարծիքով, բայց եթե մեծ քանակությամբ մարդիկ դեմ են, մենք հաշվի ենք առնելու այդ մեծ քանա՞կը․․․ Որակ֊քանակ խնդիր ունենք; Նախկին իշխանություններն էլ՝ երբ շատ մարդ չէր հավաքվում, չէին լսում, անպայման պետք է դասադուլ լիներ, ինչ֊որ մարդիկ ինքնահրկիզվեին։ Եթե մենք էսպիսի իրավիճակում ենք գտնվում, դա շատ տխուր է»։

Պետրոսյանի խոսքով՝ Նախարարության համար էլ է բարդ, քանի որ յուրաքանչյուր բան անելիս, ասվում է՝ «դուք խառնվում եք մեր ինքնավարությանը»։ Ընդ որում, ինքնավարության մասին խոսում են նրանք, ովքեր նախկինում շատ լոյալ էին իշխանությունների հանդեպ, իսկ այժմ հիշել են բուհական ինքնավարության մասին։ Բանախոսը խորհուրդ տվեց՝ հաշվի առնելով նախարարության մանդատը, որը տրվել էր հեղափոխության արդյունքում, սադրանքներին չտրվել ու հասկանալ, որ միայն լավ օրենքով փոփոխություններ տեղի չեն ունենա․

«Անցյալի գնահատականն այդ գործիքներից մեկն է։ Գնահատական տալ չի նշանակում մարդկանց գործից հանել, պատժել, հակառակը, այն ուղղված է համերաշխությանը։ Մենք ասում ենք՝ նախկինում, նախկինում, նախկինում, բայց չենք ասում՝ ինչ է եղել նախկինում։ Եթե չենք ասում, հետևաբար, դրա բուժումը մենք չենք կարող անել։ Հստակ պետք է ասվի՝ ինչի ենք մենք ուզում նոր օրենք։ Սա պետք է ասվի ոչ միայն նախարարության կողմից, այլ հենց բուհերում․ նույն գիտխորհուրդներում, հոգաբարձուների խորհուրդներում։ Ոչ թե պետք է քննարկվի, թե այս մարդուն հանենք՝ ինչ է լինելու, այլ պետք է գաղափարներ ու արժեքներ քննարկվեն։ Էդ քննարկումը մենք հիմա չունենք»։

Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը նշեց, որ օրինագծի շրջանակներում գրված սկզբունքները մեխանիզմների առումով փոփոխության քիչ տեղ են տալիս։ Օրինակ, նա կցանկար՝ հանրային քննարկման դրվեր այն մեխանիզմը, որով ձևավորվում է կառավարման խորհուրդը և տեղ է տալիս հանրային բուհերի կառավարմանը։ Խոսքը հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության, նշանակման, հաստատման մասին է։ Իրեն հասած տարբերակում 12 անդամներ են նշվում, և Գևորգյանը հետաքրքրվում է՝ ինչպե՞ս է որոշվել տվյալ թիվը․

«Ինձ նույնպես հետաքրքիր է, թե ինչո՞ւ 50 տոկոսին միևնույնն է նշանակում է նախարարը, և այստեղ ինձ ամենաշատ հուզող հարցն է՝ նույն նախարարը պետք է նաև հաստատի խորհրդի կազմը։ Ես անձամբ տեսնում եմ շահերի բախում, որտեղ նախարարը և՛ առաջ է քաշում, և՛ հաստատում է խորհրդի կազմի անդամներին ու նաև հաստատում է խորհրդի ղեկավարին»։

Կիսվելով նախագծի մասին իր կարծիքով, մասնագետը, մասնավորապես, ասել է, որ պետական ֆինանսավորում է տրամադրվում այն ուսանողների, ոքվեր մրցութային կարգով են ընդունվում կամ մնացել են առանց ծնողական խնամքի, կամ զոհված զինծառայողների երեխաներ են։ Սակայն, շեշտեց Գևորգյանը, այստեղ մի մեծ խումբ է բացակայում, որն ունի սոցիալ֊տնտեսական մեծագույն խնդիրներ, ինչը դժվարացնում է բարձրագույն կրթության հասանելիությունը։ Տարբեր զեկույցներ ցույց են տալիս, որ աղքատությունը մեծագույն խոչընդոտ է բարձրագույն կրթությունը շարունակելու համար․ «Պետությունն իր վրա փորձում է վերցնել արժանիքների հիման վրա հիմնականում խմբերի ֆինանսավորումը՝ կրթաթոշակների տեսքով, բայց կարիքի հիման վրա ֆինանսավորումը․․․ ես գիտեմ, որ տարբեր զրույցներում դրա մասին խոսվում է, բայց թղթի վրա չեմ տեսել»։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նկատեց, որ սա միայն օրենքի աշխատանքային տարբերակ է և նույնիսկ քննարկման ընթացքում բարձրացված հարցերի մի մասն արդեն լուծված է։ Աշխատանքներին մեծ թվով մասնագետներ են մասնակցում, այդ թվում՝ միջազգային։ Իսկ քննարկումներ, նրա խոսքով, կլինեն, երբ աշխատանքային տարբերակը նախագիծ դառնա։