հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Հեղափոխություն անողը պետք է նոր շունչ տար կրթական համակարգին

Հեղափոխություն անողը պետք է նոր շունչ տար կրթական համակարգին

Գաջ քսողից մինչև մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս, վերջերս Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կրթական համակարգն ավերակ է։ Իսկ թե ինչպե՞ս է կառավարությունն անցած երկու տարիների ընթացքում փորձել այդ ավերակի հարցը լուծել, քննարկել են ոլորտի մասնագետները։

Մշակութային մարդաբան, հետազոտող Լուսինե Խառատյանի կարծիքով՝ նշված ժամանակահատվածի ընթացքում շատ էր խոսվում կրթության համակարգը բարեփոխելու մասին, սակայն, ըստ նրա, եթե նույնիսկ որևէ հստակ աշխատանք է կատարվել, դա առայժմ չի երևում։

«Կա նաև ինֆորմացիայի պակաս․ էդքան էլ հստակ ու հասկանալի չէ, թե ի՞նչ ուղղությամբ են գնալու ռեֆորմները և ի՞նչ փոփոխություններ են արվելու։ Իրար հակասող տարբեր գաղափարներ են հնչել և քանի որ հասարակությունն ընդհանուր առմամբ տեղյակ չէ, չեմ կարող այս պահին ասել՝ որևէ բան արվե՞լ է, ի՞նչ է արվել և ո՞ւր ենք գնալու։

Բայց էն, որ մեր կրթությունը շատ վատ վիճակում է, այդ մասին խոսում են թե՛ թվերը, թե՛ էն, ինչին մենք բախվում ենք ամենօրյա ռեժիմով։ Եվ էդ պրոֆեսիոնալիզմի պակասը նկատելի է նաև կառավարությունում, այսինքն՝ միայն գաջ քսողների մասին չէ խոսքը։ Էն փաստը, որ աշխատանքները, որոնք արվում են, նույնիսկ բավարար չեն կոմունիկացվում, քննարկվում և մասնակցային չեն, սա՛ էլ պրոֆեսիոնալիզմի պակասի դրսևորումներից մեկն է», – ասել է Խառատյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ակնկալում էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո կիրականացվի նախորդ տարիների կրթական բարեփոխումների որոշակի վերլուծություն և գնահատական կտրվի․

«Այսինքն երեք մակարդակով պետք է վերլուծություն արվեր, որի արդյունքում պետք է ֆիքսվեր՝ այսուհետ ի՞նչ չենք անում, երկրորդը՝ ի՞նչն ենք շարունակում և ի՞նչն ենք այլ որակով անում։

Եթե դու հեղափոխություն ես արել, դու պարտավոր ես նոր շունչ տալ կրթական համակարգին, իսկ դա անելու համար դու պետք է, նախ, անցյալը համակարգված ձևով վերլուծես, ինչպես հիմա ընդունված է ասել՝ որոշակի գիծ քաշես և անցնես առաջ։ Ցավոք սրտի, դա չարվեց»։

Խնդիրը նաև կայանում է նրանում, թե ո՞վ պետք է բարեփոխում իրականացնի։ Դրա համար, ըստ Խաչատրյանի, ինստիտուտներ են անհրաժեշտ․ բնական է, որ միայն նախարարությունը դրանով չի կարող զբաղվել։

«Նմանատիպ բարեփոխումների համար պետք են, այսպես ասած, ուղեղային կենտրոններ, ընդ որում, դրանք չպետք է լինեն երկու-երեք ամսով հավաքվող ժամանակավոր փորձագիտական խմբեր, որոնք միջազգային կազմակերպությունից գումար են ստանում, հետո ծրագիրն ավարտվում է և գնում են տներով։ Ամենապարզ հարցը, որ պետք է տալ․ ո՞ր օղակն է այս ամենն անելու։ Կրթության նախարարությունը ֆինանսավորում է բազմաթիվ գիտական ծրագրեր, բայց ո՞ւր է այն ֆինանսավորումը, որը պետք է հենց կրթության գիտական կողմն առաջ տանի», – ասել է փորձագետը՝ հավելելով, որ առանց այս ռազմավարական մտածողության ոչինչ անել չի հաջողվի։

Փաստելով, որ այժմ դպրոցներում կուսակցականացում գոյություն չունի, «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն այլ խնդիր բարձրացրեց, ասելով, որ, մյուս կողմից էլ, ուղերձները, որոնք, օրինակ, ուղղված են նույն կառավարման խորհուրդներին, հստակ չեն․

«Մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցային կամ նորարար գաղափարներ ներդնել դպրոցում, հայտնվում են այլմոլորակայինի կեցվածքում, և մշակույթը, որը եղել է նախկինում, մեծամասամբ պահպանվում է»։

Երկրում, նշեց Սողոմոնյանը, մոտավորապես 380 000 աշակերտ և 38 000 ուսուցիչ կա, սա, կարելի է ասել, պետություն է պետության մեջ․ «Եվ եթե մենք խորամուխ չենք լինում էն հովանավորչական երևույթներին, որ դեռևս գործում են համակարգում, մենք շարունակում ենք սնել համակարգի արմատը։ Երկու-երեք տարի հետո մենք չպետք է զարմանանք, թե այս ինչպե՞ս եղավ, որ մարդիկ նորից վերադարձան հին մտածողությանը»։

Ըստ նրա՝ վերջին երկու տարիների ընթացքում ուսուցիչների վերապատրաստումներ տեղի չեն ունեցել, և դա այն դեպքում, երբ տվյալ մասնագետներին պետք էր հստակ ուղերձներ հղել այն մասին, թե ինչ ուղղությամբ է գնում համակարգը․ «Առաջադեմ, ստեղծագործ մտածողությամբ ուսուցիչներին պետք էր ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»։

Քննարկումն ամբողջությամբ՝ այստեղ