Home / Ապատեղեկատվություն / Որևէ մասնագիտական գիտելիք չունեցողները վարկաբեկում են հեղափոխությունը պաշտպանածներին

Որևէ մասնագիտական գիտելիք չունեցողները վարկաբեկում են հեղափոխությունը պաշտպանածներին

Վերջին շրջանում սպառնալիքների թիրախում են հայտնվել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ընտանիքները։ Հասարակական կազմակերպությունները, գիտական հանրությունն ու «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դատապարտեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, ՎԵՏՈ Ֆեյսբուքյան էջի հիմնադիր Նարեկ Մալյանի կողմից հնչեցված սպառնալիքները։

Ըստ ազգագրագետ Լուսինե Խառատյանի՝ սպառնալիքները հիմնականում հնչում էին նրա եղբոր՝ Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հասցեին, սակայն վերջերս թիրախավորվել է ամբողջ ընտանիքը։

Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի դեմ արշավ իրականացնող Մալյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս պահանջել էր մի շարք հրաժարականներ, հակառակ դեպքում սպառնացել. «Մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»։ Նրա գրառումների հասցեատերերն են Հարություն Մարությանը, վերջինիս դուստրը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը, հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և նրա որդին՝ Արսեն Խառատյանը։ Ավելի վաղ վերջինս նկատել էր, որ իրավապահ համակարգը բավարար կանխարգելիչ գործողություններ չի իրականացնում, ինչի հետևանքով հաճախակիանում են նաև պատգամավորների վրա տարաբնույթ հարձակումները։

Մեդիա-կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ Լուսինե Խառատյանը նկատեց՝ ընտանիքը թիրախավորվել էր հատկապես իր եղբոր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ «Հիշում ենք, պատրաստ ենք ներել, սակայն ոչ երբեք մոռանալ» գրառումից հետո։

«Նարեկ Մալյանը և իր շրջապատը սկսեցին ուղղորդված թիրախավորել մեզանից յուրաքանչյուրին, մեզ երեքիս սկսեցին ներկայացնել որպես թուրքերին սիրող, ցեղասպանությունն ուրացող, մի ընտանիք, որը փող է աշխատում ցեղասպանության զոհերի հիշատակի վրա», – ասել է ազգագրագետը։ Բանը հասավ նրան, որ արշավը կապեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի և նրա ընտանիքի հետ։

Խառատյանը հստակ միտում է տեսնում մալյանականների գործողություններում․ հայ հանրությունն ունի մի քանի շատ զգայուն թեմաներ, որոնցից ամենազգայունը Ցեղասպանության հարցն է և Թուրքիայի հետ չլուծված խնդիրները․

«Հենց այդ զգայուն թեմաների վրա է փորձում խաղալ այս խումբը, որը մարդկանց մանիպուլյացնում է՝ տարածելով սխալ տեղեկատվություն, վարկաբեկելով մեր ընտանիքի անդամների անունները և ամեն կերպ մեր դեմ անհանդուրժողականություն սերմանելով»։

Խառատյանները երկար ժամանակ անտեսում էին Մալյանի գործունեությունը, սակայն իրավիճակը մտահոգիչ է դարձել, երբ նրանցից մեկին փողոցում սկսեցին Էրդողան անվանել։

Վերջերս Մալյանն այսօր՝ մայիսի 13-ին ավարտվող վերջնաժամկետ էր ներկայացրել։ Իր կողմից առաջ քաշված պահանջները չկատաելու դեպքում սպառնում էր «մերումանուկ անել» Խառատյաններին և Մարությաններին։ Այս կապակցությամբ ազգագրագետն ասել է՝ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդականն իր յուրաքանչյուր գրառումը նախապես խորհրդակցում է իրավաբանի հետ․ «Էնպիսի լղոզված ձևակերպումներ է տալիս, որ հետագայում կարողանում է չոր դուրս գալ իր ստեղծած ցանկացած պատմությունից։

Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները լրջությամբ վերաբերվեն էս դեպքերին և ո՛չ թե թույլ տան, որ էդ գրառումն այս կամ այն կերպ մեկնաբանվի, կամ մեկնաբանվի այնպես, որ դա սպառնալիք չէ»։

Բանախոսի կարծիքով՝ թիրախավորելով հեղափոխությունը պաշտպանած ընտանիքները և փորձելով անընդհատ նմանատիպ թեմաներ շրջանառել, հիշատակված խմբերը ցանկանում են վարկաբեկել ամբողջ հեղափոխությունը։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը հիշեցրեց՝ հեղափոխությունից հետո Մալյանն առաջին անգամը չէ, որ թիրախավորում է գաղափարական արժեքներ կրող որևէ խմբի։

«Դա արվում է վարկաբեկելու և անձի կշիռը հասարակության մեջ նվազեցնելու համար, որպեսզի այդ խոսքը ո՛չ միայն լսելի չլինի, այլև լինի տեղ չհասնող այն, ինչի մասին մենք խոսում ենք․․․

Իսկ դրանք հանրային կարևորագույն դիսկուրսներ են, դա վարկաբեկելը և նսեմացնելը նշանակում է հանրությանը զրկել բազմակարծության հնարավորությունից, մասնագիտական հանրույթի մասնակցությամբ քննարկումներից, որովհետև վարկաբեկողները որևէ մասնագիտական կարծիք չեն ներկայացնում։ Ուրիշ խնդիր կլիներ, եթե նրանք ներկայացնեին մասնագիտական հանրույթ և ունենային այլ պատկերացումներ խնդիրների վերաբերյալ՝ սկսած մարդու իրավունքներից վերջացրած հանրության համար շատ զգայուն ցեղասպանություն կամ Լեռնային Ղարաբաղ խնդիրներով։

Սակայն այդ խմբերը բացարձակ որևէ մասնագիտական գիտելիք չունեն, և նրանց ցանկացած նմանատիպ քայլ այդ դիսկուրսը վարկաբեկելուն է ուղղված»։ Այս տեսանկյունից թե՛ իրավապաշտպան խմբերի, թե՛ քաղաքացիական հասարակության տարբեր սեգմենտների նկատմամբ արշավները, Հովհաննիսյանի համոզմամբ, կազմակերպվում են հենց այդ մասնագիտական խմբերի ոչնչացման նպատակով։

«Թիրախավորվում են հանրային կարծիք ձևավորող և համապատասխան գիտելիքներ ունեցող մարդիկ», – ընդգծել է նա։