Որևէ խնդրի խորքային պատճառը բևեռացումն է, որովհետև դա մեկին մյուսի դեմ հանելու, վախեր և ատելություն սերմանելու ամենահեշտ ճանապարհն է։ Այս մասին «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։
Հայաստանյան գրասենյակի անձնակազմի և այստեղ այցելող քաղաքացիների՝ հետապնդումների և հոգեբանական ճնշումներին ենթարկվելու մասին հայտարարվում է 2019-ի աշնանից։ Հոկտեմբեր ամսին քաղհասարակության նկատմամբ թշնամանքի հրահրումը դատապարտեցին ԱԺ պատգամավորները։ Հիմնադրամի դեմ արշավի ակտիվ մասնակիցներից էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն, ով երեկ՝ «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ միասին նախ բերման էր ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Բևեռացման հարցը լուծելու ճանապարհը, Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով, բաց և որակյալ քաղաքական դիսկուրսին աջակցելն է․
«Ես դրա հնարավորությունը տեսնում եմ միայն բաց և որակյալ քաղաքական դիսկուրսին աջակցելու մեջ, երբ տարբեր տեսակետներ ամենապռոբլեմատիկ հարցերի շուրջ կդրվեն քաղաքական քննարկման և կքննարկվեն ոչ թե դավադրության տեսությունների, վախերի, այլ փաստերի և հնարավորությունների [հիման վրա]։ Միայն այդ պարագայում եմ ես տեսնում դժվար հարցերի հնարավոր լուծումներ, իսկ որ մենք հեշտ հարցեր հիմա համարյա չունենք, դա ակնհայտ է»։
«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ն աջակցում է կայուն և համակարգային փոփոխությունների, որոնք ուղղված են ավտորիտար և կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը։ Արդեն տևական ժամանակ է՝ Հիմնադրամի և դրա գործընկերների դեմ լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ է իրականացվում, որն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ՝ բռնության անթաքույց կոչերով։ Իսկ արշավի հեղինակներն, ընդգծել է Մինասյանը, նենգափոխում են Հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը։ Կազմակերպության հայտարարությունն ընթերցելով, նա կոչ արեց ԶԼՄ֊ներին չներգրավվել ատելության և ստի արշավի մեջ։
Անդրադառնալով լրատվամիջոցներում առավել հաճախ շրջանառվող կեղծ լուրերին, Մինասյանը մի քանի օրինակ բերեց․
«Սուտ՝ Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր և հեղափոխություններ հրահրելով, և «Բաց հասարայության հիմնադրամները» դերակատարություն են ունեցել այդ գործում։ Փաստ՝ Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից։
Սուտ՝ Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզը։ Փաստ՝ Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղության քաչոզ չի՛ ֆինանսավորել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երևէ չի ֆինանսավորել։
Սուտ՝ Հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց։ Փաստ՝ Հիմնադրամը կազմակերպությունների է դրամաշնորհ տրամադրել, որտեղ աշխատել են այդ մարդիկ մինչ պետական պաշտոն զբաղեցնելը»։
Հանրային դիսկուրս է ներմուծվում սուտը, իսկ այն մասին, թե կոնկրետ ով է դա անում, հստակ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր լեգիտիմությունը նրանում չէ, որ մեզ չեն փակել և մենք գործել ենք դեռ նախորդ՝ կոռումպացված, ավտորիտար ռեժիմի ներքո։ Մեր լեգիտումությունը նրանում է, ինչ մենք անում ենք, և անում ենք դա թափանցիկ, բաց և հաշվետու ձևով», – նշել է Լարիսա Մինասյանը։
«Բաց հասարակություն հիմնադրամներ»֊ը հիմնադրվել են ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, բարերար Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թվականից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը։ Ամբողջ աշխարհում հիմնադրամն աջակցում է անհատներին և կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու և թափանցիկ կառավարման, արդարության և հավասարության համար։ Ասուլիսին հնչած հայտարարության համաձայն, Հայաստանում կառույցն իր գործունեությունն սկսել էր 1997 թվականին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին, ընտրությունների և պետական, հանրային, համայնքային մշտադիտարկում անցկացնող կազմակերպությունների, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների։ «Հիմնադրամն ուղղակի և անփոխարինելի ներդրում ունի ՀՀ֊ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների տարածման գործում և հպարտությամբ շարունակելու է այդ գործունեությունը», ֊ մասնավորապես, ասված էր հայտարարության մեջ։