հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պետք է սկսել ձեզանից․ Փաշինյանը՝ «սորոսականների» մասին

Պետք է սկսել ձեզանից․ Փաշինյանը՝ «սորոսականների» մասին

Այսօր կապանում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որտեղ վարչապետը նախ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստեր, իսկ հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

«Իրավունք» թերթի լրագրողը նախ պնդեց, որ իշխանության վերին օղակներում «սորոսականներ» կան, ապա նշեց, որ «իրենք» չեն հավատում, թե Նիկոլ Փաշինյանը «սորոսական» է, «սակայն տպավորություն կա, որ վարչապետը կամ զգուշանում է նրանցից կամ գերի է նրանց ձեռքում»։ Լրագրողը պահանջեց հերքել կամ հաստատել այս փաստը, հերքելու դեպքում նշել, թե ինչու՞ վարչապետը «չի զսպում նրանց ակտիվությունը, որը երբեմն նաև ակնհայտ ապազգային է»։

Վարչապետը նշեց, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներ․ «Եվ այդ թվում այն իշխանության ժամանակ, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի հիմնադիր խմբագիրը [Հայկ Բաբուխանյան֊խմբ․], և եթե էդքան վատ բան էր, թո՛ղ փակեին»։

Փաշինյանի պնդեց, որ  բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում,  կամ տեղ են ունեցել նախկին իշխանության մեջ, կամ թիմի անդամ, կամ նրանց շրջապատում էդ մարդիկ են․ «Այսինքն դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։ Ուրեմն նախ կսկսենք ձեզանից»։

Վարչապետը խորհուրդ տվեց գնալ և այդ հարցերի պատասխանները պահանջել «իրենց լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից»։

«Ձեզ համար ամեն ինչ չափվում ա փողով, դուք արել եք դա, որպեսզի միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ձեր մասին ավելի մեղմ զեկույցներ գրեն, ձեր ընտրակեղծիքների, ձեր բաժանած և հավաքած կաշառքների նկատմամբ աչք փակեն»։ 

Վերջում Փաշինյանը հավելեց, որ եթե «սորոսական» ասելով նկատի ունեն պետության դեմ գործած անձանց, ուրեմն «իրենք» են ամենամեծ «սորոսականները»․ «Արմատախիլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզնից և ձեր շոշափուկներից և ձեր մնացորդներից, որովհետև դուք թալանչի, սրիկա, դավաճան մարդիկ եք»։