Home / Դատարան / ՀՔԾ֊ն խուզարկել է Հրայր Թովմասյանի բնակարանը

ՀՔԾ֊ն խուզարկել է Հրայր Թովմասյանի բնակարանը

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում՝ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հրայր Թովմասյանի փաստաբանը պնդում է, որ քննչական գործողություն, որպես այդպիսին, չի սկսվել և որ իրենց պաշտպանական իրավունքը չի իրացվել․ «Պաշտպանական մեր իրավունքը ամբողջ ծավալով պետք է իրացվի։ Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր միջնորդել ենք քննիչին հնարավորություն տալ ծանոթանալ, հնարավորություն տալ այդ որոշման պատճենը ստանալ։ Մենք իրավունք ունենք օրենքով սահմանված դատարանի որոշումը բողոքարկել։ Ո՞նց կարող ենք բողոքարկել մի փաստաթուղթ, որի պատճենը մենք չունենք։»

Փաստաբանը նշում է, որ քննիչը կարդացել է որոշման փաստաթուղը, սակայն իրենց դրա կրկնօրինակը չի տրվել․ «Քննչական գործողությունը սկսվում է դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո։ Ես ուզում եմ արձանագրել, որ խախտվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը»։

Ինքը՝ Հրայր Թովմասյանը, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Երկու֊երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր տանն են քննչական գործողություններ։ Իմ խնդրանքը եղել է, որ ամբողջը տեսաձայնագրվի։ Այն, ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու։ Ցավ եմ ապրում դրա համար։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ գալիս է հիմնավորելու, որ խնդիրները իրոք խորքային են և եթե իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից որպես ՍԴ նախագահ։ Եվ այդ ամբողջը արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ և դրա մասին այլևս իմ ասելով չի, որ ողջ հանրությունը, նաև միջազգային հանրությունը, դրա մասին տեղյակ ա։ Իմ համար Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական է»։

Թովմասյանը նշել է, որ իր համար կարևոր է երկրի հեղինակությունը․ «Չի՛ կարելի տարիներով հավաքած հեղինակությունը էդքան արագ մսխել»։

ՍԴ նախագահի պաշտպանը լրագրողների հետ զրույցում փաստեց, որ խուզարկությունն ավարտվել է և ոչինչ չի հայտնաբերվել․ «Փնտրում էին փաստաթղթեր, դրանք չէին կարող լինել իրականության մեջ պարոն Թովմասյանի բնակարանում»։

Հատուկ քննչական ծառայությունն իր կողմից  հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է:»

ՀՔԾ֊ն իր հայտարարության մեջ նշում է, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել  քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը, իսկ Ա. Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը:

Քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում է գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց: