Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց 10 տարի փորձաշրջանով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին:
Հունվարի 23-ին կայացել է Աշոտ Մանուկյանի փաստաբանների վաղաժամկետ ազատման բողոքի քննությունը։ Դատավոր Մնացական Հարությունյանը լսել է կողմերին։
Պետական մեղադրողը, ով երկու նիստերի ընթացքում չէր ներկայանում դատարան` պատճառաբանությամբ, թե աշխատանքը խիստ ծանրաբեռնված է` առարկություններ է ներկայացրել այն մասին, որ դատապարտյալը սկզբում դրական վարքագիծ չի ունեցել, քրեակատարողական հիմնարկում հեռախոս է ունեցել:
Աշոտ Մանուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը առարկել է, որ Մանուկյանը 2014 թվականից սկսած որևէ տույժ չի ստացել, ավելին նա երկու գրքի հեղինակ է, հոգեբանության ֆակուլտետի ուսանող:
«Եթե 10 տարի նստելով կհատուցեմ, պատրաստ եմ նստել, պատրաստ եմ կյանքովս էլ հատուցել», – իր ելույթում ասել է Աշոտ Մանուկյանը։
Արդեն այսօր Վերաքննիչ քրեական դատարնը որոշում է կայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Աշոտ Մանուկյանին՝ սահմանելով 10 տարի ժամկետով փորձաշրջան։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար:
Նախկինում Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը նրա ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն են տվել:
Չնայած տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական: Նրան ներել են նաև տուժողների ծնողները, սակայն նման փաստերի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Աշոտ Մանուկյանը պետք է մնա անազատության մեջ։