2019 թվականի հոկտեմբերին, Լեհաստանի և Բալռուսի սահմանին բեռնատար էր կանգնեցվել, որով Իտալիայից դեպի Դաղստան տասը վագր էին տեղափոխում։ Կենդանիները ծանր վիճակում էին, նրանցից մեկի կյանքն ի վերջո չհաջողվեց փրկել։ Ուղարկողներն ու ստացողները պնդում են, որ վագրերը Ռուսաստան էին տեղափոխում որպես նվեր։ Բի֊բի֊բի֊ի ռուսական ծառայությունը խոսել է Դաղստանում կենդանիներին սպասող կնոջ հետ։ Փաստաթղթերի համաձայն, բացի «Սկազկա» կենդանաբանական այգու հսկողությունից, ուր պետք է տեղափոխվեին վագրերը, կինը զբաղվում էր նաև ռեստորանային բիզնեսով ու վայրի կենդանիների վաճառքով։ Ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, «Սկազկան» արդեն փակվել է։
2019 թվականի հոկտեմբերի 22-ին Իտալիայի Լատինա քաղաքից բեռնատար է շարժվել, ներսում՝ Իտալիայի երկու քաղաքացիներ և տասը վագրեր։ Փաստաթղթերի համաձայն, ուղևորվել էին դեպի Դաղստանի Դերբենդ քաղաքի «Սկազկա» կենդանաբանական այգի։
Փաստաթղթերում նշված էր, որ ճանապարհը երկու օրից ավելի քիչ կտևա։ Իրականում երկու օրվա ընթացքում մեքենան հազիվ հասել էր Լեհաստան֊Բելառուս սահման։ Բեռնատարը նախատեսված էր խոշոր եղջերավոր անասունների կամ ձիերի համար, բայց ոչ վայրի կենդանիների․ անգամ նորմալ չէին տեղավորվում։
Վագրերը «Սկազկային» նվիրում էր Մոնտիկո ընտանիքը, որն Իտալիայում հայտնի է իր կրկեսային բիզնեսով։ Լեհական TVN24 հեռուստաընկերության նկարահանող խմբին Գաետանո Մոնտիկոն պատմել էր, որ իրեն դիմել են այդ կենդանաբանական այգուց և վագրեր խնդրել։ Նկարահանումից առաջ Մոնտիկոն երկու օգնականներ էր բերել, ովքեր ձայնագրում էին լրագրողների հետ հանդիպումն ու խոստանում դատարան դիմել։ Բի֊Բի֊Սի֊ի հետ կապվեն Մոնտիկոները չցանկացան։
«Իտալիայում դեռ ուժի մեջ չի մտել, բայց արդեն գործում է վայրի կենդանիներին կրկեսներում շահագործելու մասին օրենքը։ Նմանատիպ օրենսդրական ակտեր գործում են Եվրոպայի մի շարք երկրներում», – բացատրում է վայրի կենդանիների փորձագետ, իտալական LAV կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության համակարգող Անդրեա Կազինին։ Նրա խոսքով, հենց այս օրենքն է կրկեսների սեփականատերերին ստիպում վայրի կենդանիներին ուղարկել երկրներ, որոնցում օրենսդրությունը դեռևս խստացված չէ։
Իտալիայից դեպի Դաղստան ուղևորված բեռնատարը Բելառուսի հետ սահմանը փորձել է անցնել հոկտեմբերի 25-ին, ինչը սակայն չի հաջողվել․ իտալացի վարորդները Բելառուսի վիզա չեն ունեցել։ Նույն բեռնատարը վերադարձել է հոկտեմբերի 26-ին, այս անգամ վարորդները ռուսաստանի քաղաքացիներ էին։ Բելառուսի սահմանապահները նրանց մուտքը թույլատրել են առանց հարցերի։
Խնդիրներ առաջացել են անասնաբուժական փորձաքննության ժամանակ։ Փաստաթղթերում առկա մի շարք սխալների պատճառով մեքենան հետ են ուղարկել Լեհաստան։
Մի քանի օր առանց սննդի ու ջրի մնացած վագրերին Լեհաստանում փորձել են բուժել։ Վագրերից մեկը, սակայն, մահացել է։
Փաստաթղթերի համաձայն, վագրերին Դաղստանում պետք է դիմավորեր «Տեֆի +» ՍՊԸ֊ն։ Նման անունով գրանցված ընկերություն Դերբենդում կար․ զբաղվում է «մասնագիտացված խանութներին խմիչքների մանրածախ վաճառքով»։ Ընկերությանը պատկանող հեռախոսին պատասխանեց տղամարդ, ով հրաժարվեց ներկայանալ ու մեկնաբանություններ թողնել։
Նույն փաստաթղթերում նշված էր, որ կենդանիներին կարող է դիմավորել նաև անհատ ձեռներեց Իրինա Կուլիկովսկայան։ Նա 2018 թվականից «Կյանքի իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է։
Դերբենդում նման անվանմամբ կենդանիների ապաստան կա։ Սոցիալական ցանցերի միջոցով դրամահավաք են իրականացնում շների բուժման համար, ապաստարաններ կառուցում։
Ձեռնարկատիրական լիցենզիայի համաձայն, Կուլիկովսկայան զբաղվում է ընտանի կենդանիների մանրածախ վաճառքով, ռեստորանային բիզնեսով և վագոն֊ռեստորաններին սննդի առաքմամբ։ Բայց նրա հիմնական գործունեությունը կապված է վայրի կենդանիների հետ։ Նրան էր պատկանում Դերբենդի «Սկազկա» կենդանաբանական այգին։ 2017 թվականին այն փակվել է, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների պահանջով։
Պոզնանսկի կենդանաբանական այգու տնօրեն Եվա Զգրամչինսկան Իտալիայից բերվող վագրերին տեսնելով, կասկածանք է հայտնել, որ կենդանիներին ցանկացել են ողջ վիճակում տեղ հասցնել․ «Սարսափելի պայմաններում էին պահվում։ Գեղեցիկ կրկեսային շոու կամ ցուցադրություն կազմակերպել ցանկացողները նման պայմաններ չէին ստեղծի կենդանիների համար։ Դա մահացու ճամփորդություն էր այդ վագրերի համար։ Սև շուկայում վագրերը կարող են մեծ գումարներ արժենալ, ընդ որում՝ մարմնի առանձին մասերը հաճախ ավելի թանկ են, քան կենդանի վագրը»։
Նրա կարծիքով, ուղարկողը պնդել է, որ կենդանիներին որպես «նվեր» է ուղարկում զուտ վայրի կենդանիների մասին Վաշինգտոնյան կոնվենցիան շրջանցելու համար։
2019-ի հոկտեմբերին «Սկազկա» կենդանաբանական այգու ինստագրամ էջում (Իրինա Կուլիկովսկայան հաստատել է, որ ինքն է վարում այդ էջը) վագրի ձագի տեսանյութ էր հայտնվել՝ «Վաճառվում է։ Գինը՝ անձնական նամակով» գրառմամբ։ Քննադատական մեկնաբանություններին Կուլիկովսկայան պատասխանել է, որ վագրերն այնքան թանկ արժեն, որ գնորդները դժվար թե վատ վերաբերվեն իրենց կենդանուն։
Կուլիկովսկայան այս գրառմանն անդրադառնալով ասել է, որ ինքը վայրի կենդանիների վաճառքով չի զբաղվում․ «դա ընդհամենը գովազդ էր, խնդրել էին»։