Դաղստանի Կասպիյսկ քաղաքի «Անժի Արենա» սպորտային համալիրի երկու լողավազաններից մեկը հունվարի 21-ից փակ է կանանց համար։ Համալիրի ներկայացուցչի պնդմամբ, նման որոշում կայացվել է խնդրանքների հիմա վրա՝ թե կանանց, թե տղամարդկանց։
Այդ լողավազանն ամենամեծն է Հյուսիս֊Կովկասյան դաշնային մարզում։ Մյուսը, որը չափերով ավելի փոքր է, այժմ միայն կանանց համար է։ «Այդպիսի բաժանում մտցրել ենք հենց հաճախորդների խնդրանքով՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Իրենց այսպես ավելի հարմար է», – պատմել է համալիրի աշխատակիցը։
Սպորտային համալիրի բացման արարողության ժամանակ՝ 2019-ի ամռանը, հատուկ նշվել էր, որ «որ այցելությունների բոլոր օրերն ընդհանուր են»։ Դաղստանում լողավազանները հիմնականում առանձնացնում են օրերը․ կա կանանց օրերի գրաֆիկ և տղամարդկանց։
Արգելքի մասին որոշումից հետո բացառություն են արել միայն մինչև 14 տարեկան աղջիկների համար․ կարող են մասնակցել մրցումներին կամ գալ պարզապես լողալու, բայց անպայման մեծահասակ տղամարդու հետ։
«Իրավական նախաձեռնություն» իրավապաշտպանական նախաձեռնության փաստաբան Օլգա Գնեզդիլովայի խոսքով, կանանց համար լողավազանի այցելության արգելքը հակասում է ՄԱԿ֊ի՝ կանանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրականության բացառման մասին կոնվենցիային։ Ռուսաստանում վավերացված այդ կոնվենցիայում առանձնացվում են ոլորտներ, որոնց վրա գործում է դիսկրիմինացիայի արգելքը, այդ ցանկում են նաև հանգստի ու սպորտի հետ կապված միջոցառումները։
Գնեզդիլովան մտադիր է օգնել դաղստանցի կանանց և գանգատը ներկայացնել դատախազություն։
«Կոնտուր․ֆոկուս» բազայի տվյալներով «Անժի֊Արենայի» սեփականատերը Ասիաթ Խիզրիևնա Աբաքարովան է՝ Դերբենդի քաղաքապետի դուստրը։
Մախաչկալայից լրագրող Սվետլանա Անոխինան «Մեդուզայի» հետ զրույցում պատմել է, որ բաժանումները միայն լողավազաններին չեն վերաբերում։ Ամռանը ծովափն էլ է բաժանվում կանանց ու տղամարդկանց գոտիների։ Կա նաև ընդհանուր հատված, որտեղ «կանայք զգեստներով ու գլխաշորերով են լողում ու արևայրուք ընդունում, իսկ լողազգեստով աղջիկներին անամոթ անվանում»։
«Կանանց կարելի է աշխատել սպորտային համալիրում, իսկ այ լողավազանում լողալ՝ ոչ»,- նշում է Սվետլանա Անոխինան։ Դեպքի հետ կապված նա հիշում է Դաղստանի մուֆթի Հաջի Աբիդովի 2019-ի մարտի հայտարարությունը․ «Ֆիթնես ակումբներ գնացող, ազատ կյանք վարող կանայք, հետո տուն են գալիս ու սկսում ամուսիններից իրավունքներ պահանջել։ Կնոջ համար լավագույն ֆիթնեսը այգի տնկելը, կով կթելն ու հավ պահելն է»։
«Լավագույն լողավազանն էլ երևի լվացքն է, հա՞», – ենթադրում է Անոխինան։