Home / Առողջապահություն / Քովիդին արդեն հարմարվել էինք, պատերազմը դեռ չէր սկսվել․ ռեպորտաժ Մեղրիից

Քովիդին արդեն հարմարվել էինք, պատերազմը դեռ չէր սկսվել․ ռեպորտաժ Մեղրիից

2020 թվականի ամռանը առաջին անգամ գնացինք Մեղրի։ Պլանավորում էինք վերադառնալ ռեպորտաժներ անելու։ Բայց սեպտեմբերին սկսվեց պատերազմը, որ փոխեց ամեն ինչ։

Քովիդին արդեն հարմարվել էինք, իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ չէր սկսվել. oգոստոս, 2020:

Երկրից դուրս գալն անհնար էր, որոշեցի ընկերոջս հետ գնալ Հայաստանի ամենահեռու քաղաքը՝ Մեղրի։ Ճանապարհը երկար էր։ Որոշեցինք կանգնել Գորիսում։ Այստեղ քաղաքի նոր իշխանությունները փորձում էին տուրիզմ զարգացնել։ 

Գորիսի քաղաքապետարանը համայնքային հողերը վաճառում էր հյուրանոցներ կառուցելու համար, ասֆալտապատում էր հյուրատներով փողոցները, քննարկում էր տուրիստական հարկ սահմանելու հարցը։

Գորիսից հարավ տուրիստական Հայաստանն ավարտվում էր ու սկսվում, ինչպես համոզված են հարավցիները, Հայաստանի ամենասիրուն բնությունը։ Լեռները գնալով բարձրանում են, կանաչը՝ գնալով մգանում, ժայռերի գույները՝ խտանում։

Հասնում ենք Կապան։ Նստում ենք դեպի Մեղրի միակ հանրային տրանսպորտը՝ կուրյեր Արմենի մեքենան։ Նա ճանապարհին պատմում է գիտական նորություններ։ Ասում է, որ ԱՄՆ-ում կա քաղաք, որտեղ մեքենաները օդով են գնում, մեկ այլ քաղաք, որտեղ երկնքի գույները փոփոխվում են։ Երկուշաբթի վարդագույն է, երեքշաբթի՝ կանաչ և այլն։ Նա հույս ունի, որ տեխնոլոգիաները կգան Հայաստան։ Մինչ այդ որդուն է ուղարկել Ամերիկա՝ գունավոր քաղաքներում ապրելու։ 

image4

Կուրյերն ասում է, որ հեղափոխությունը իսկական կլինի, եթե Քաջարանի հանքը պետականացվի։ Եվ այդ ժամանակ ոչ մի կապանցի, ոչ մի հայաստանցի ստիպված չի լինի աշխատել։ 

— Դա շատ դժվար հարց է էլի։ Կարա՞ պետականացնի։ Բայց եթե կարա էտ բանը անի, Նիկոլը վաբշե մալադեց։ Եթե էս կոմբինատը պետականացրեց, ասում եմ՝ մնացածը որ ժողովուրդը ոչ մեկ էլ չաշխատի, էս կոմբինատը ժողովրդին կպահի։

Սա դուր չի գալիս մյուս ուղևորին՝ ևս կապանցու։ Նա ասում է, որ չաշխատելը բթացնում է մարդուն։ Կապանցին պիտի աշխատի ռեժիմով ու ցածր աշխատավարձով, կապանցին սիրում է աշխատանքը, ոչ թե եկամուտը, չաշխատես՝ շուտ կծերանաս։ 

Կապանում միակ աշխատատեղը պղնձի և մոլիբդենի հանքերն են։ Սա անդրադառնում է ամեն ինչի վրա, օրինակ՝ անշարժ գույքի գների․ տուն գնելը շատ թանկ է, դա կարող են իրենց թույլ տալ միայն հանքափորները։ Իսկ այլ մասնագետները հաճախ լքում են Կապանը։ Հանքը ազդում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա՝ տղամարդիկ ծանր, վնասակար աշխատանքով փող են աշխատում, իսկ նրանց կանայք այդ փողը ծախսում են իրենց ամուսիններին վիտամիններ գնելու վրա։ 

— Երևանցի բժիշկը մեկ էլ տեսնում է՝ կանայք կրծքի քաղցկեղով գալիս են Ղափանից, Քաջարանից կամ ինչ-որ մի ուրիշ տեղից։ Ավելի լավ վերլուծությունը պետք է նաև հաշվի առնի Կապանի այլ առանձնահատկությունները։ Օրինակ, որ դեպրեսիայի համար ավելի շատ հիմքեր կան։ Հեռանանկար չկան․․․ Ասենք՝ Էջմիածինը, Հոկտեմբերյանը, Հրազդանն ու Ամբովյանը ոնց որ արդեն անցել են։ Առաջ Կապանը Հայաստանի 4-րդ քաղաքն էր, հիմա՝ 8-րդ։ Նրանք անցել են, որովհետև շատ մոտ են Երևանին։ Կապանի լանդշաֆթը ավելի հետաքրքիր է։

Կուրյերը կանգնում է Քաջարանում։ Հայաստանի ամենահարուստ քաղաքի փողոցները անմխիթար են։ Ուղևորներից մեկը ցույց է տալիս թափթփված ինքնաշեն տները ու ասում. «Ամոթ չէ՞, հազար մարդ է գալիս էս կողմեր..»։ 

Ճանապարհը ձգվում է վերև՝ ալպիական բարձրություն, իջնում ներքև՝ տրոպիկական բարձրություն՝ ծովի մակարդակից 500 մետր, Հայաստանի ամենացածր կետը՝ Մեղրի։ 

image6

Երթևեկությունը այստեղ վախենալու է՝ ոչ թե արագության, այլ Իրանից հեղուկ գազ բերող հսկա մեքենաների պատճառով։ Նրանց հետևից փոշու ամպ է կանգնում։ Պարզ չէ՝ մեքենայի՞ց է, թե՞ քաղաքն է փոշոտ՝ ոսկու հանքերի պայթեցումներից։ 

Արագ անցնում ենք մայթ։ Քաղաքի որևէ հատված գնալու համար պիտի քայլենք դեպի սարեր։ Քաղաքը կարծես պանօպտիկում լինի. սարերի տներից երևում են բոլորի բալկոններն ու բակերը։ 

Ընդհանրապես Հայաստանում նոր-նոր են մարդիկ նկատում իրենց հայրենի քաղաքների և գյուղերի ունիկալությունը, վաճառելիությունը։ Ջերմուկցիները նույնանում են ջրի հետ, Ծաղկաձորում բոլորը դահուկորդ են, Ստեփանավանում՝ բոլորը պոետ։ Մեղրիում մարդիկ քաղաքը ծախելու խնդիր չունեին, բայց հպարտ են իրենց աճեցրած մրգերի քաղցրությամբ։

RNI-Films-IMG-6CBEBEF8-88A9-4C7D-91F3-BF10333776AD

— Ստեղ շատ ընտիր տեղ ա։ Մրգերը շատ ընտի՜ր, որակով մրգեր են։ Համո՜վ, քա՜ղցր, ոչ մի տեղ Հայաստանում էսպես համով մրգեր չկա։

***

— Ցերեկային ժամերին ամբողջ սարերը տաքանում են, գիշերը տաքությունը տալիս ա բերքին։ Ջերմությունը բերքը անընդհատ կլանում ա, ինքը անընդհատ ջերմության մեջ ա։ Ստեղի ցանկացած միգ քաղցրահամ ա։

***

— Մեղրեցիները հյուրասեր մարդիկ են՝ էտ մրգի նման քաղցր։ 

RNI-Films-IMG-D4F3DFA0-DDF0-4979-A10A-B781B70E8008

Մեր այցը համընկավ Իրանի սահմանի փակվելու հետ, ինչը մեղրեցիները ծանր էին տանում։ Լոգիստիկ առումով դա միակ ճանապարհն է, որը կապում է Մեղրին աշխարհի հետ։ 

Մինչև Սովետական միության անկումը գնացքով Երևան հասնելը 3 ժամվա պատմություն էր՝ Մեղրին Երևանին կապվում էր Նախիջևանի տարածքով գնացող երկաթուղիով։ Քանի կար Իրան գնալը՝ յոլա էին գնում։ Իսկ հիմա ընկնում են նոստալգիայի մեջ։

photo_2022-10-10_10-52-47

— Մեր կայարանից նստում էինք գնացք իրիկունը ժամը 12-ին, պարկում էինք քնում, առավոտ 7-ին արդեն Երևանում էինք։ 

— Կհիշե՞ս՝ բանակի քեֆ էին անում, նվագով բանով տանում՝ գիշերը դնում էին գնացք, ճանապարհում Երևան։

— Էս պուճուրիկ սենյակները տոմսարկղերն էին, սենյակներից մեկում, եթե պետք էր լինում, մարդիկ գիշերում էին, մի սենյակում էլ իրեր էին դնում։

— Այստեղ արձան եղե՞լ է։

— Վա՜յ, արձանը չկա։ Շահումյանի արձանն է եղել ստեղ։ Ո՞ւր է։ Չգիտեմ՝ ով է հանել։ Ինքը շատ հպա՜րտ կանգնած էր։ Կարո՞ղ ա՝ ընկած ա ներսը։ Կարող ենք մաս-մաս հավաքել։

— Էտ գնացքը մի ուրիշ բան էր։ Արկղերի շատությո՜ւնը։ Էտ գնացքը հնարավորություն էր տալիս բոլոր բարեկամներիդ ամեն ինչ հասցնես։

photo_2022-10-10_10-54-22

— 8-10 ժամվա ճանապարհ է, մինչև Երևանից գալիս է, պարզ է՝ ճանապարհի ծախսով-բանով թանկանում է ամեն ինչը։ Դրա համար ասում եմ՝ Նախիջևանը պիտի վերցնենք, որ էժանանա (ծիծաղում է)։

— Որ Իրանից գալիս է, թող կանգնեն ստեղ ավտոները՝ դատարկեն ինչ-որ բաներ։ Գնում է Երևան, հետո գալիս է՝ կրկնապատկվում է ծախսը։

— Մեծ հույսով սպասում ենք Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, որը մեծ թափ է տալու Մեղրիի պտղաբուծությանը։ Այդ ճանապարհը կհեշտացնի արտահանումները, կավելացնի արտահանումները։ Բնականաբար, երբ կա իրացում, կա նաև արտադրություն։ Շուկան է որոշում պահանջարկ-առաջարկ հարաբերության մեջ։

image00062

— Առաջ չորանոց կար էստեղ։ Հանձնում էինք թուզը, ամեն տեսակ թուզ վերցնում էին։ Իսկ հիմա վերցնում են միայն մեծ թզերը։ Բացի չորանոցից․․․ առաջներում կյանքը շատ ավելի ուրախ էր։

Աշխարհից կտրված են նաև տեղական իշխանությունների կենտրոնացվածութան պատճառով։ Առողջապահական հարցերով ևս։ Կապանի և Մեղրիի բնակիչները հաճախ ստիպված են գնալ Երևան․ տիպային հիվանդանոցը կա, բայց նեղ մասնագետներ չկան։

— Գազը Մեղրիով գնում է Երևան, բայց Մեղրին գազ չունի։ Հիմա քաշում են։

image00081

Մեղրի վերադարձա մեկ տարի անց։ Կարծես՝ լոգիստիկ հարցերը լուծվում են։ Եվրամիության ֆինանսավորմամբ կառուցվում է արագընթաց ճանապարհը, որը 80 կիլոմետրով կկրճատի դեպի Երևան ճամփորդությունը։ Բարձրացվել են հանքերից գանձվող հարկերը, դրանց մի մասը կուղղվի համայնքների ֆոնդին՝ կայուն զարգացման ծրագրերի։ Նախիջանի երկաթգծի մասին կառավարությունը հույսեր ունի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից հետո։

Այս նորությունները այն էին, ինչ մարդիկ երազում էին անցյալ տարի։ Բայց այժմ էյֆորիա չկա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը շատերին է հոգեպես կոտրել։

— Պատերազմը իրա հետևանքները բնականաբար ունի։ Ունենք 20-ից ավել զոհեր Մեղրիից։ Դա և՛ հոգեպես ա ազդում, և՛ մնացած բոլոր առումներով։ Հավատն է կորում պատերազմից հետո․․․

Շատերը կարծում են, որ պատերազմին տելեգրամով հետևելով՝ մարդիկ տեսնում են պատերազմի իրական դեմքը, որը մոռացել էին վերջին 30 տարվա ընթացքում, և հիմա կուզեն խաղաղություն։ Բայց պատերազմի դաժանությունը չի բերում ապրումակցման, այն նույնիսկ չի բերում վրեժի զգացողության։ Դաժանությունը տեսնելը հանգեցրել է դրան սովորելուն, հարմարվելուն, բարձրացրել է հանդուրժողոականության սահմանները և իջեցրել սպասելիքները քաղաքականությունից։

Առաջ եթե դեմ կլինեինք օլիգարխիկ տնտեսություններին, այժմ կբավարարվենք, եթե այդ օլիգարխը լինի հայ։ Առաջ եթե կուզեինք լավ աշխատանքային պայմաններ, ապա հիմա գործ ունենալն արդեն լավ է։ Առաջ եթե կուզեինք ճամփորդել, այժմ ճամփաները կբացվեն միայն ապրանքների համար։ 

image00024

— Եթե նայում ես գաղափարին՝ շատ լավ է, որ ճանապարհները բացվեն։ Բայց գալիս ենք ռեալ իրավիճակին՝ արդյո՞ք մենք այդ ապաշրջափակումից կարող ենք օգտվել։

***

— Անվտանգության խնդիր է այստեղ առաջանում։ Եթե այդ անվտանգությունը ապահովելու են․․․ Ես խիստ կասկածում եմ։ Անվտանգ չենք, անվտանգ չի՛։ Ամեն օր կրակոցը կա, ամեն օր մի խնդիր կա։ Չեմ ասի՝ ես լրիվ անհավատ եմ կամ լրիվ հուսահատ եմ։ Ես փորձում եմ միշտ լավատես լինել։ Ուղղակի կոտրված եմ։ Ես էլ և, ինձ թվում է՝ շատերը, բոլորը։

***

— Հիմիկվա լարվածությունը մեր էն վախտվա կյանքից վատ է։ Կորոնա է, բան է․․․ Չես իմանում՝ ճիշտ ա, թե սխալ ա, ճիշտ կյանքով ենք ապրում, թե սխալ կյանքով ենք ապրում։

***

— Բոլորի ցանկությունն է, որ լինի խաղաղություն։ Բայց թե ինչպես դա կլուծվի, դա մենք արդեն չենք կարող ասել։ Մեզնից մեծերը զբաղվում են այդ հարցերով։ Ինձ թվում է՝ լավ կլինի։ Ի՞նչ ասեմ։

image5 (1)

Քնար Խուդոյան, Անի Թադևոսյան