Home / Կանանց իրավունքներ / Ճամփորդություն հետպատերազմյան Բերդ

Ճամփորդություն հետպատերազմյան Բերդ

«Պատրաստվեք, գնում ենք իսկական Հայաստան, շուտով կլսեք իսկական հայերեն լեզուն». բերդեցի վարորդի այս խոսքերի ներքո փախնում ենք երևանյան շոգից և ուղևորվում Հայաստանի հյուսիս-արևելյան սահման։ 

Սեդա․ — Ամենամեծ սահմանը, ամենամեծ սահմանային գիծը մերն է։ Միշտ մենք հպարտանում ենք ինչի՞ համար։ Մեր մոտ, էս տարածաշրջանում՝ նախկին Շամշադինի տարածաշրջանում, մի հատ այլազգի մարդ չկա․ ո՛չ եզդի, ո՛չ հույն, ո՛չ ադրբեջանցի։ Մենք մեզ համարում ենք մաքուր, զտարյուն հայեր։ Մի քանի ռուս կա, էն էլ՝ իրենք իրենց ոտքով հարս են եկել։ ․․․Այստեղ ապրելը շատ դժվար է։ Շատ պիտի աշխատես, որ կարողանաս ապրել։ Շատ պիտի չարչարվես։

2020 թվականի հուլիսյան մարտերից հետո Բերդ քաղաքը հայտնվել էր կառավարության ուշադրության կենտրոնում։ 2020-ի օգոստոսից քաղաքի կենտրոնում հնագետները սկսել էին «Ցլիկ Ամրամ» միջնադարյան ամրոցի պեղումները։ Նախատեսված էր, որ այն կդառնա մեծ տուրիստական վայր։ Սեպտեմբերի 13-ին Բերդի Սորանի այգում անցկացվեց ջազի փառատոն, որպեսզի այստեղ միայն կրակոցներ չլսվեն, այլև բարձրաճաշակ երաժշտություն։

Սեպտեմբերի 27-ին նույն այգում պիտի կայանար մեղրի և հատապտղի ամենամյա փառատոնը։ Բայց հրավիրված պաշտոնյաները չեկան, ու բերդեցիները հասկացան, որ սկսվել է լայնածավալ պատերազմ։

RNI-Films-IMG-DB96FF25-F3EA-4BC6-A216-C2C7BA3939BD

44-օրյա պատերազմից հետո Բերդը կրկին մոռացվեց։ Մեզ իր տանը հյուրընկալող Անահիտն ասաց, որ այս տարի զբոսաշրջիկներ գրեթե չեն եղել, մենք նրա առաջին հյուրերն էինք․ 

Անահիտ— Էն տարիներին, որ մի քիչ խաղաղ էր, եկել էին կամավորներ։ Կոնկրետ ես 4 ամերիկացի եմ պահել, բայց որ տեսան պատերազմական վիճակ ա՝ էլ չեկան։ Ես իրենց համար ճաշ էի եփում, ինձ ֆինանսավորում էին։ Ես արդեն աշխատանք էի գտել ինձ համար։

Սեդա.— Առաջին հերթին հեռավորությունն է խանգարում, որ տուրիստները գան։ Երկրորդ հերթին՝ սահմանին բավականին մոտիկ լինելը։ Հիմնականում այս երկու խոչընդոտներն են, որ շատ տուրիստներ չեն գալիս մեզ մոտ․․․

Բերդի ամենահայտնի հատապտուղը հապալասն է։ Բերդեցիք հապալասին մլմլա են ասում։ Կան բազմաթիվ պատմություններ, թե ինչպես է մլմլան Բերդում դարձել բռենդ․ մի դեպքում մի ամերիկացի է նրանց ցույց տվել պտուղը, մեկ այլ դեպքում ուկրաինացի երիտասարդ է պատմել հապալասի օգտակար հատկությունների մասին։ Դժվար է գտնել ճշմարտությունը, սակայն մի բան հստակ է՝ Անահիտ և Ելենա քույրերը առաջիններից էին, ովքեր մրղուզ սարի փեշերից հավաքեցին վայրի սև հաղարջը, ապա հավաքչության պրոցեսում ներգրավվեցին նաև իրենց ծանոթներին և հարևաններին։

Հապալաս և այլ հատապտուղներ, և մուրաբաներ, չրեր արտադրելը տեղաղցի կանայք համարում են կայուն տնտեսություն զարգացնելու հնարավորթյուն։  

RNI-Films-IMG-F298939C-6B23-43DC-989A-4879F6855E93

RNI-Films-IMG-BEB2BD02-22B0-4993-BCBD-2F24202A78B8

Երեկոյան ուղևորվում ենք «Սորան» ռեստորան։ Այն սովետական մոդեռնիստական շենքում է՝ սարի գագաթին, որտեղից սողում են քամիները։ Պատմում են, որ այստեղից ճոպանուղի պետք է գնար դեպի քաղաքի կենտրոն։ Ռեստորանը կառուցվել էր, իսկ ճոպանուղին՝ ոչ։ Այստեղ մեզ նապաստակի միս են հյուրասիրում, ասում են՝ այն Բերդում շատ են օգտագործում, քանի որ դիետիկ է և օգտակար։ Մթի մեջ Սորանից երևում է լեռների մեջ թաքնված Բերդը, սարերից լսվում է բորենիների ոռնոցը։ Ավելի ուշ աղմուկը լցվում է նաև մոտակա զորամասի երեկոյան վարժանքի ձայներով։ 

Բերդում հիմնական աշխատանքը զինվորական զորամասում է։ Պատերազմից հետո որոշ աշխատատեղեր կրճատվում են։ Հիմնականում կանայք, որոնք աշխատել են, օրինակ, որպես կապի մասնագետ, տեղափոխվում են ճաշարաններում աշխատելու, ինչը, ըստ նրանց, բավականին ծանր աշխատանք է։

Ասպրամ․ — Չեմ թաքցնի՝ ծառայության մեջ մտել եմ հիմնականում բարձր աշխատավարձի պատճառով, որովհետև գիտեի, որ իմ երեխային պետք է ուղարկեմ սովորելու։ Մտել եմ, նորմալ իմ ծառայությունը արել եմ, վստահ եմ, որ իմ հրամանատարությունը դժգոհ չէ ինձնից։ Աշխատում եմ հիմա զորամասի խոհանոցում, սակայն մտադիր եմ մեկ այլ աշխատատեղ փնտրել։ Որովհետև այդտեղ շատ դժվար է, ծանր է։ Ցածր աշխատավարձ է, բնականաբար։ Քանի որ, ինչպես մեծամասնությունը մեր մոտ, վարկերի խնդիրներ ունենք, ես պետք է այնպիսի աշխատանք գտնեմ, որ կարողանամ և՛ վարկերը վճարել, և՛ ապրել։

Որոշ պայմանագրայիններ էլ պատերազմից հետո կամովի են դուրս եկել։ Ուզում են ավելի անվտանգ ոլորտներ տեղափոխվել, մոռանալ պատերազմի սարսափները։ 

Ասպրամ․ — Ես ծառայում էի։ Մասնակցել եմ հուլիսյանին, իմ հերթապահության ժամանակ է սկսվել այստեղ։ Այս պատերազմի ժամանակ ծառայող էի։ Եղբոր երեխա եմ կորցրել՝ 19 տարեկան։ ․․․Մենք ընտանիքով լրիվս պոստերով էինք ցրված, չգիտեինք՝ մեր երեխուն ոնց գտնենք։ Մենակ մտածում էինք՝ մեր երեխուն գտնենք, վերադարձնենք։ Մենակ ուզում էինք, որ զանգի, ասի, որ ողջ է։ Բայց տենց էլ չեղավ այդ զանգը։ Իրա կորստով մենք ավելի շատ ոչ թե համախմբվեցինք, այլ մասնատվեցինք։ Բոլորս ագրեսիվ ենք դարձել, չենք կարողանում էլ հանգիստ խոսենք։ Փորձում եմ իմ ցավը իմ շրջապատինը չդարձնել։ Անընդհատ ականջիս մեջ իրա ձայնն ա, որ ասում էր՝ «հորքուր, ի՞նչ են ասում, էսի չի պրծնո՞ւմ»։

Բերդեցիներն ասում են՝ ռազմականացված քաղաք լինելն ազդում է նաև կյանքի այլ ոլորտների վրա։

Անահիտ Բադալյան․ — Հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ 10 կանանցից մոտավորապես 7-ը ունի վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարում։ Կապված է ջրի և հիմնականում սթրեսի հետ, երկարատև սթրեսների հետ։ Անընդհատ պատերազմի մեջ էինք որպես սահմանամերձ համայնք։ Ամենամեծ սթրեսի ենթարկվողները զինվորականների ընտանիքներն են, որոնք անընդհատ ստիպված են հաղթահարել ադապտացվելու փուլերը։ Իրենց կանայք հազվադեպ է, որ աշխատանք են գտնում նոր համայնքում, և չգիտեն՝ հաջորդ պահին ուր կլինեն։

Ասպրամ․ — Մեր հաստիքները կրճատվեցին, դուրս եկանք։ Մի տեսակ նաև տարօրինակ թեթևություն կար։ Արդեն այդ լարվածությունը չկա, որ՝ էս ա, պետք է զանգեն, գնաս, անընդհատ չես կարող Բերդից դուրս գալ, պետք է տարածաշրջանում լինես, որ որ ժամին զանգեն, ասեն տագնապ են տվել, կես ժամում հասնես․․․ Էդ բաները չկան, էտ հանգստությունը կա։ Զգում ես էլի՝ քիչ ա մնում արդեն, դու էլ ես զինվորական դառնում, կապ չունի, որ կին ես։ Բայց համ էլ երբ որ զինվորականի գործը չի կրճատվում, մարդ գիտի՝ ուրիշ ոչ մի բան չլինի էլ, ինքը պայմանագիր կկապի, կգնա պոստ կկանգնի․․․ Առօրյայի վրա զինվորականի այստեղ լինելը շատ է ազդել, անգամ բիզնեսի վրա։ Դրական բաներ էլ կան։

Լուսիկ․ — Զինվորականների շատ լինելուց այդ անվտանգությունն էլ կա, որ մեր սահմանները ապահով են, դատարկ չի, տղաները տեղում են։ Միաժամանակ համ այդ ապահովությունն է, որ իրենք այնտեղ են, համ տագնապն է․․․

RNI-Films-IMG-DBE89AE7-7A29-4056-96B3-D2AF89BD9D0C

Փորձ է արվում ստեղծել կայուն աշխատատեղեր կանանց համար, զարգացնել էկոտուրիզմը, բիոգյուղատնտեսությունը։

Անահիտ․ — Մենք գտնվում ենք «Արջեր և հատապտուղներ» էկոկենտրոնում՝ մոտ 1200 մետր բարձրության վրա, որտեղից երևում է Բերդն ամբողջությամբ։ Այստեղ մենք կենտրոնացրել ենք մեր հատապտուղների արտադրությունը, արջուկների արտադրությունը։ Նաև նոր նախաձեռնություն ունենք, որը կապված է էկոտուրիզմի զարգացման հետ։

Կենտրոնում կանայք ներգրավված են տարբեր աշխատանքներում, ոմանք սար են բարձրանում՝ հապալաս և այլ հատապտուղներ հավաքելու, ոմանք մուրաբա և ջեմ պատրաստում, մի մասն էլ հելյունով փափուկ խաղալիքներ է գործում և պիտակներ կպցնում։

Մեր այցի ժամանակ կենտրոնի կանայք հելյունով խաղալիքներ էին գործում։ Ասում են, որ գործելը հանգստացնում է։ 

Սեդա․ — Ինչքան ուզում է տանը աշխատես՝ տնային գործեր անես, այգում աշխատես, երեխաներին խնամես, մեկ է՝ ընտանիքի անդամների համար դա աշխատանք չէ։ ․․․«Արածդ ինչ ա»․ այս արտահայտությունը միշտ կա։ Իսկ սրանով դու ֆինանսապես ամբողջովին անկախանում ես, բարձրանում է նաև ինքնագնահատականը։ Եթե կին ես՝ ամեն ինչը քո պարտականությունն է։ Դա շատ սխալ է։

Կատյա․ — Փոքրուց եմ զբաղվել հատապտուղներով։ Արդեն ես սեր ունեմ։ Թեկուզ քիչ աշխատավարձով, բայց ես պետք է աշխատեմ, որովհետև ես սիրել եմ, հավաքել եմ փոքր ժամանակից, եփել եմ․․․ Դե՝ սեզոնային աշխատանք է, սա ձմեռը չէր հերիքի․․․ Կանայք շատ ուժեղ են, շատ համարձակ են, աշխատող, չարչարվող։ Այստեղ կայանք ունենք, որ նույնիսկ խոտ են հնձում։ Բրիգատ ունենք կանանց․․․

Անահիտ․ — Նախաձեռնությունը արվում է Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի կողմից։ Ի սկզբանե միակ նպատակը եղել է տարածաշրջանի կանանց աջակցելը։ Հիմնական խնդիրը եղել է կանանց գործազրկությունը, տնտեսապես կախված լինելը տղամարդուց։ Մյուս դրսևորումները, ենթադրենք՝ բռնության, մենք կապել ենք դրա հետ։ Նախկինում շատ գործարաններ կային, և կինը ընտանիքից դուրս ուներ դեր, պատասխանատվություն․․․ Խորհրդային տարիներին շատ էր խրախուսվում նաև կին-տնօրենների առկայությունը։ Ամեն ինչ շատ վատ տեսք ստացավ հետխորհրդային և հետպատերազմական ճգնաժամի պայմաններում, կինը կորցրեց իր դերը ընտանիքից դուրս, ընտանիքում դարձավ հիմնական հոգսի խնդիրը։ Բռնությունները եկան այս անհավասար դերաբաշխման արդյունքում, բոլոր տեսակի խնդիրները սրվեցին։

RNI-Films-IMG-2B23FCFE-3A02-49FB-97B0-993BE2E6561C

RNI-Films-IMG-60C9C3F8-A272-4330-82D0-6F2C7C9B4A98

Բերդում զգացվում է նոստալգիա Սովետի հանդեպ, ասում են, որ այն ժամանակ ամբողջ քաղաքն աշխատում էր ռելեի գործարանում, իսկ հետո գնում Թովուզի շուկայից առևտուր անում։ 

Այժմ ռելեի գործարանի տարածքը գրավել է մասնավոր «Տավուշ տեքստիլը», բերդեցիներն այն անվանում են ձեռնոցի գործարան։ Այն երկհարկանի ապակիներով մեծ շենք է՝ Բերդում գիշերը լուսավորվող միակ շենքը, քանզի աշխատում է օրը 24 ժամ։ Այստեղ մոտ 300 մարդ է աշխատում, մեծ մասը կանայք են։

Բերդից բացի «Տավուշ տեքստիլը» մասնաճյուղեր ունի երեք այլ սահմանամերձ համայնքներում՝ Չորաթանում, Արծվաբերդում, Մովսեսում։ Բերդեցիներն ասում են, որ շուտով մասնաճյուղ կբացվի նաև Պառավաքար սահմանամերձ գյուղում։

«Տավուշ Տեքստիլում» աշխատել նշանակում է աշխատել օրը 12 ժամ, 20-30 րոպե ընդմիջման հնարավորությամբ, երկու օր անընդմեջ գիշերային հերթափոխով և 80 հազար դրամ աշխատավարձով։ Նույնիսկ այն փաստը, որ սահմանամերձ համայնքներում գործող ընկերությունը ազատված է հարկերից, չի նպաստում արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելուն։

Ասպրամ․ — Բարձր աշխատավարձով աշխատատեղ չկա։ Ձեռնոցի գործարանն էլ շատ ծանր է, դժվար է։ Օրինակ ես գիշերները չեմ կարող երկու օր անընդմեջ չքնել․․․

Ամեն դեպքում, տեղացիները չցանկացան բողոքել։ Փորձում են գոհ լինել: Ասում են՝ գոնե սա կա, եթե լինեին ավելի լավ պայմաններով աշխատատեղեր, բնականաբար մարդիկ այստեղից դուրս կգային, բայց այլընտրանք չկա. 

Անահիտ— Ես հիշում եմ, կոմունիստի վախտը ձեռնոցի գործարանի տեղը Ռելե էր աշխատում։ Ամբողջ ռայոնը ռելեի գործարանում էր աշխատում, իրենց աշխատավարձը ստանում, զբաղված էին մարդիկ, գործ կար․․․ Էս ձեռնոցի գործարանն էլ, ըստ երևույթին, ժամի առումով չարաշահում են մարդկանց։ Բայց որ այլընտրանք չկա, մարդիկ ստիպված են ու գոհ էլ են․․․

2020 թվականին Ձեռնոցների գործարանում գործադուլ է եղել աշխատաժամանակի կրճատման պահանջով, սակայն այն համընկել է պատերազմի/համավարակի հետ և աշխատանքային պայմանները մնացել են նույնը։

Մեդիայում քիչ են նյութերը «Տավուշ Տեքստիլի» վերաբերյալ․ միայն այն, որ մեկ անգամ խախտվել են անվտանգության կանոնները և որ տնօրենը Սերժ Սարգսյանի կողմից խորենացու մեդալ է ստացել։

RNI-Films-IMG-67ABD189-0164-4689-BCB5-739704F70985

Բերդից ուղևորվեցինք Չինարի՝ սահմանամերձ, սահմանապահ գյուղ, որն ունի Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանը։

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը պահպանել էր գյուղի վերջին հնգամյա պլանի պոստերը և Շահումյանի արձանը։

Սամվել Սաղոյան․ — Ինքը հեղափոխական ա, ինքը մեծ հայ ա, բավականին ազգանպաստ գործունեություն ա ծավալել։ Չենք հաշվում, որ կոմունիստ ա էլի․․․

Գյուղապետ Սաղոյանը դեմ է տեքստիլի ֆաբրիկային, ասում է՝ գյուղացին պիտի գյուղական գործերով զբաղվի, եթե կանայք աշխատեն ֆաբրիկայում, հողն ո՞վ պիտի մշակի։ 

Փոխարենը նա մտահղացել էր կոպերատիվ  հիմնել՝ կանանց կոպերատիվ, որ զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ։ 

Սաղոյան․ — Փոքրիկ գինու արտադրամաս է տվել, չրեր է տվել, սառնարանային տնտեսություն է տվել։ Տնկարաններ ստեղծենք, սաթիլային տնտեսություն ստեղծենք, ճագարաբուծություն, հավաբուծություն․․․ Փոքրի՜կ, մարդ ա՝ իրա բիզնեսով զբաղվի, ընտանեական, ընտանեական բիզնեսով․․․

RNI-Films-IMG-B511D571-E055-49C8-B9D7-5520C31F5E52

RNI-Films-IMG-75A73EE1-6759-4F97-9059-64F781383038

Գեղեցիկը և Օլյան կոպերատիվի համահիմնադիրներն էին: Մենք նրանց հանդիպեցինք իրենց այգում, որտեղ էլ հյուրասիրեցին իրենց այգու թուզը։ 

— Մենք աճեցնում ենք, բայց մենք էլ ենք զարմացած, որ օգոստոս ամսին պոմիդորը 250 դրամ է։
— Անցյալ տարի 50-100 դրամով եմ ծախել։
— Ջրի պրոբլեմ կա, պետք է լրիվ կաթիլային լինի․․․ Մեր ջերմոցում մենք բերք չստացանք, շոգը ընկավ․․․ Չենք կարող խոնավություն տանք, ինչքան ուզում է ջրես։
— Երեխեքը ստեղ չեն ապրում այլևս։
— Ես չեմ կոտրվել՝ միշտ կյանքով լեցուն, ջանք չեմ խնայել, որ պահեմ, ջահելիս պահեմ մոտս։ Բայց դե ինչ․․․ գյուղը ծերացել է, ծերակույտ է դառնում։

RNI-Films-IMG-30BB48A1-8260-4EB7-B63D-3C1C17FF3AB8

Դեպի Բերդ ճանապարհին տաքսու վարորդ Ռոբը, ով Այգեձոր գյուղից էր, պատմում էր համայնքի խնդիրներից։ Ասում էր՝ գյուղերը ծերանում են, երիտասարդները լքում են բնակավայրերը, փորձելով ավելի լավ կյանքով ապրել։ Ասում էր, որ հասկանում է նրանց, ինքն էլ երեխա ունի ու այստեղ երեխայի համար ապագա չի տեսնում։ 

Հեռվում թողնելով Շահումյանի արձանն ու հնգամյա պլանի պոստերն, անցնում ենք Ստալինի պավառոտով։ Ռոբն ասում է, որ այստեղից գյուղացիները ձորն են նետել Ստալինի արձանը։

Անի Թադևոսյան, Քնար Խուդոյան
Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի

Ռեպորտաժը «Սահմանային պատումներ» շարքի երրորդ մասն է․ առաջինը «Փախուստ բնություն»-ն էր, երկրորդը՝ «Զայրույթի սենյակ»-ը։