Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է, հայտարարել է Թեհրանի ոստիկանապետ Հոսեյն Ռահիմիին։ Հարձակվողն, ըստ նրա, «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վաղ առավոտյան 50-ն անց տղամարդը՝ մեքենայով, որում գտնվում էին նրա 14-ամյա աղջիկն ու 7-ամյա տղան, առավոտյան մոտեցել է Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքին և շենքի նախասրահում սկսել է կրակել։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «կալաշնիկով ինքնաձիգով զինված անձը սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարին»։ Անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետին՝ իրանական ԶԼՄ-ները գրել են, որ ձերբակալված տղամարդը հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել և ասել, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղվելով «որոշ տվյալների», հայտարարել է, թե հարձակվողը Իրանի քաղաքացի էր։
Ադրբեջանի նախագահը հարձակումը «ահաբեկչություն» է որակել և պահանջել «պատժել ահաբեկիչներին»։
Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանի դեսպանատունը՝ ըստ Սպուտնիկի, թուրքական TRT Haber-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Բաքուն չի համարում, որ դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է անձնական դրդապատճառներով։
Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը իրանական կողմի վրա է՝ հայտարարել է Հաջիզադեն․ «Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները մասշտաբային հակաադրբեջանայան քարոզ են վարում․ հենց դա է դրդել հարձակման», – TRT Haber-ի հետ զրույցում նշել է ադրբեջանցի դիվանագետը։
Իրանի արտգործնախարարությունը հավաստիացրել է, որ միջադեպը հետաքննվում է հատուկ ջանադրությամբ։ Նախարարությունը դիմել է տեղական լրատվամիջոցներին․ «Նախաքննությունը ցույց է տալիս, որ տեղի ունեցածն «անձնական» բնույթ է կրել, ուստի՝ միջադեպը լուսաբանելիս Իրանի ԶԼՄ-ները պետք է զգույշ լինեն»։
տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»