Աֆղանստանում աննախադեպ ցրտի հետևանքով մահացել է ավելի քան 160 մարդ, առնվազն 70 հազար ընտանի կենդանի սատկել է։
Որոշ շրջաններում ջերմաստիճանն իջել է ընդհուպ մինչև մինուս 34-ի։ Վերջին 15 տարիների ընթացքում սա ամենացուրտ ձմեռն է։
Ձյան պատճառով լեռնային բնակավայրերը շրջափակման մեջ են հայտնվել։ Ճանապարհներն անանցանելի են։ Թալիբանի կառավարության տվյալներով, «որոշ մեքենաներ խցանվել են, ուղևորները մահացել են»։ Հումանիտար օդանավերն անգամ վայրէջք կատարելու հնարավորություն չունեն։
Մահացածների մեծ մասը, ըստ պաշտոնական հաղորդումների, հովիվներ և գյուղացիներ են, «որոնք բժշկական օգնության դիմելու հնարավարություն չունեն»։
Իրավիճակը հատկապես ծանր է Բադղիսի, Նիմրուզի, Ֆարյաբի և Գազնիի շրջաններում։
Թալիբանի իշխանության գալուց հետո Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը սրվել է․ միջազգային կազմակերպություններից օգնություն չի գալիս, պատժամիջոցներից միլիոնավոր աֆղանացիներ են տուժում։
Մինչև 2021 թվականը Աֆղանստանի պետական ծախսերի մոտ 75 տոկոսը ապահովվում էին օտարերկրյա գրանտների և հումանիտար օգնության հաշվին։ Միջազգային ծրագրերը այժմ փակված են, իսկ Կենտրոնական բանկի ռեզերվները, որոնք մեծամասամբ ԱՄՆ-ում էին պահվում, սառեցվել են։ Սա հանգեցրել է տնտեսական սուր ճգնաժամի և բանկային համակարգի փլուզման։
ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 25 միլիոն աֆղանացիներ՝ բնակչության կեսից ավելին, ապրում է աղքատության մեջ։ Ավելի քան 6 միլիոն մարդ սովի է մատնված։