Home / Եկեղեցի / Աֆղանստանը խավարում է

Աֆղանստանը խավարում է

Թալիբների առաջնորդ Հայբաթուլա Ահունձադան հրամայել է աֆղանացի դատավորներին առաջնորդվել շարիաթի օրենքներով․ կողոպուտի, առևանգումների և ապստամբությանը դրդելու համար (այսուհետ՝ արդեն օրենքով) պատժելու են հրապարակային անդամահատումներով և քարկոծումներով։

Թալիբների խոսնակ Զաբուհուլա Մուջահիդը գրել է «Թվիթերում», որ դատավորներին հրահանգվել է քրեական գործերում բացահայտել իսլամի սուրբ օրենքների խախտումները։ Հատկապես՝ գողությունների, առևանգումների և ապստամբությունների դեպքում։

Ըստ էության, թալիբները նոր բան չեն հնարել, այլ վերադարձել են պրակտիկաներին, որոնք ներդրվել էին 1996-2001 թվականներին: Այն ժամանակ Աֆղանստանի մեծ մասը վերահսկվում էր Թալիբանի կողմից։ Գողության համար պատժում էին ոտքերի և ձեռքերի անդամահատումներով, քարկոծումները հրապարակային մահապատժի օրինական ձև էին։


Հայբաթուլա Ահունձադա՝ թալիբների քաղաքական և կրոնական առաջնորդը, շարժման գերագույն առաջնորդների աստիճանակարգման մեջ երրորդ տեղն է զբաղեցնում

2021 թվականին իշխանության գալով՝ Թալիբանը խոստացել էր պահպանել «իսլամական արժեքները», բայցև ավելի մեղմ և ճկուն մոտեցում ցուցաբերել մի շարք հարցերում։

Սով

2021 թվականի ամռանը արևմտյան կոալիցիայի զինվորականները, որոնք Աֆղանստանում էին տեղակայվել երկու տասնամյակ առաջ, լքեցին երկիրը։ Իշխանությունը գրավեց «Թալիբանը»։

Աֆղանական օպերացիայի ձախողմանը Արևմուտքը պատասխանեց պատժամիջոցներով, որոնց հետևանքով աֆղան ժողովուրդը հայտնվեց ավելի զանգվածային աղքատության և սովի մեջ։

Մինչև թալիբների իշխանության գալը պետական ծախսերի մոտ 75 տոկոսը ապահովվում էին օտարերկրյա գրանտների և հումանիտար օգնության հաշվին։ Միջազգային ծրագրերը այժմ փակված են, իսկ Կենտրոնական բանկի ռեզերվները, որոնք մեծամասամբ ԱՄՆ-ում էին պահվում, սառեցվել են։ Սա հանգեցրել է տնտեսական սուր ճգնաժամի և բանկային համակարգի փլուզման։

ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 25 միլիոն աֆղանացիներ՝ բնակչության կեսից ավելին, ապրում է աղքատության մեջ։

«Անկախ թալիբների կարգավիճակից և այլ երկրների իշխանությունների համար նրանց վստահելիության աստիճանից, միջազգային տնտեսական սահմանափակումները վնասում են նախևառաջ աֆղան ժողովրդին և հանգեցնում [հումանիտար] աղետի», – ամռանը ասել էր Human Rights Watch ղեկավար Ջոն Սիֆթոնը։

Երկրում երաշտ էր, զանգվածային սով։ Տնտեսական աճը կրճատվել է մոտ 30-40 տոկոսով, գործազրկությունը՝ շեշտակի աճել։

Պատերազմ

Տասնամյակներ շարունակվող ռազմական գործողությունները Թալիբանի իշխանության գալուց հետո գրեթե վերջացել են։

Բռնության մակարդակը էականորեն նվազել է՝ գրում է ԲիԲիՍին։ Եթե նախկինում ռազմական գործողությունները, տեղային բախումները, օդային գնդակոծությունները և «ահաբեկչական» գործողությունները մշտական բնույթ էին կրում, այժմ դրանք հաճախականությունը էականորեն նվազել է։

Իզուր չէ, որ Աֆղանստանի հարավում և արևելքում՝ փաստացի ռազմաճակատին ապրող բնակչությունը ողջունում էր թալիբների իշխանությունը․ նախ՝ այն ավարտում էր «պատերազմը», երկրորդը՝ այս շրջաններում մեծամասամբ պուշթուններ են ապրում, որոնք կիսում են «Թալիբանի» ուլտրակոնսերվատիվ հայացքները։

Բռնություն

«Աֆղանստանում բռնությունը շարունակվում է այլ ձևով․ երկրով մեկ ձերբակալում և կտտանքների էին ենթարկում «Թալիբանի» քննադատներին», – պատմում էր ԲիԲիՍիի թղթակից Սեքունդեռ Կերմանին։

2021-ի օգոստոսից մինչև 2022-ի հունիս Աֆղանստանում արձանագրվել է նախկին պաշտոնյաների և իրավապահների արտադատական մահապատիժների առնվազն 160 դեպք։ Իրական թվերը շեշտակի ավելին են։

Հետապնդումների են ենթարկվել նաև ազգային և կրոնական փոքրամասնությունները, ընդդիմադիր գործիչները, լրագրողները, արվեստագետները, ՀԿ-ների աշխատողները, ՆԱՏՕ-ի զորքերի հետ համագործակցած թարգմանիչները և այլն։ Շատերին անցյալ տարվա օգոստոսին չէր հաջողվել լքել երկիրը։


Թալիբները պարեկություն են անում Քաբուլի փողոցներում

Սահմանափակվել է խոսքի ազատությունը։ Լրագրողներին արգելվում է հրապարակել/տարածել նյութեր, որոնք «հակասում են իսլամին» կամ «վիրավորում ազգային գործիչներին»։ Օրենքով հրահանգվում է «զգուշավորություն դրսևորել տեղեկատվության նկատմամբ, որը չի հաստատվել պաշտոնատար անձերի կողմից»։ Թե ինչ է սա նշանակում՝ պարզ չէ։ Տասնյակ լրագրողներ են ձերբակալվել։

Լրագրողների աֆղանական դաշնության տվյալներով, 2021 թվականին 544 ԶԼՄ-ներից 218-ը փակվել են․ ավելի քան 7000 լրագրող զրկվել է աշխատանքից։ Տեղացիները գրում են, որ արտասահմանյան լրատվամիջոցների համար արտոնություններ են գործում․ թալիբները նրանց նկատմամբ շատ ավելի հանդուրժող են։

Բռնաճնշումների են ենթարկվում հատկապես կրոնական և էթնիկ փոքրամասնությունները՝ Աֆղանստանի շիա համայնքը։ Թալիբների իշխանության գալուց հետո տասնյակ հազարիներ են սպանվել։

Կանայք մեկուսացվում են

Չնայած թալիբները խոստանում էին, որ հարգելու են կանանց իրավունքները՝ հետևելով «աֆղանական նորմերին և իսլամի արժեքներին», կանայք փաստացի հայտնվել են մեկուսացման մեջ։

Իշխանության գալուց հետո Թալիբանը լուծարել է կանանց հարցերով նախարարությունը՝ փոխարինվելով այն արատների կանխարգելման և առաքինության քարոզի նախարարությամբ։

Կանանց արգելվել է առանց խնամակալ-տղամարդու գնալ հասարակական վայրեր կամ լքել քաղաքը։ Մայիսից արգելվել է առանց բուրկայի՝ դեմքը կամ մարմնի հատվածները բաց, փողոց դուրս գալը։ Օրինազանցությունը կարող է պատժվել օրենքը խախտած կնոջ հոր կամ ամենամոտ տղամարդ-ազգականի ձերբակալությամբ կամ կալանքով։

2021-ին թալիբները խոստացել էին թույլատրել աղջիկներին շարունակել կրթությունը։ Բայց աղջիկներին թույլատրվում է հաճախել միայն տարրական դպրոց՝ 3-4 դասարաններ։ Փոխվել են նաև կրթական ծրագրերը։

ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան մեկ միլիոն աղջիկ-երեխաներ զրկվել են նաև դպրոցական այս կրթությունը շարունակելու հնարավորությունից։ Պատճառը, ըստ Թալիբանի, կին-ուսուցիչների պակասն է։


Բուրկայով կանայք

Պաշտոնապես կանանց թույլատրվել է շարունակել աշխատանքը միայն տարրական դպրոցում, բայց նրանցից շատերը զրկվել են աշխատավարձից՝ տնտեսական խնդիրների պատճառով։ Միայն եզակի կանայք են շարունակում աշխատել կրթական և առողջապահական ոլորտներում, 2021-ի օգոստոսից հետո շատերը դադարել են աշխատանքի դուրս գալ։

Արգելվել են նաև ֆիլմերը, որոնցում կին-դերասաններ կան։

Անցյալ շաբաթ կանանց արգելել են լինել Քաբուլի զբոսայգիներում, այցելել հասարակական բաղնիքները և մարզասրահները (չնայած բաղնիքներն ու մարզասրահները բաժանված են ըստ սեռերի)։


Արատների կանխարգելման և առաքինության նախարարության տեղային բաժինների ղեկավարները՝ բուրկայի կրումը պարտադիր դարձնող հրամանի ստորագրումից հետո, 2022 թվականի մայիսի 7

Անցյալ տարի կանայք մի քանի անգամ դուրս են եկել փողոց՝ բողոքի ցույցերի։ Ցույցերը ցրվել են, ոստիկանությունը հրազեն է կիրառել, տասնյակ կանայք ենթարկվել են ծեծի։

Հետագայում «Թալիբանը» արգելել է բոլոր ցույցերը, որոնք նախօրոք չեն արտոնվել ՆԳՆ-ի կողմից։

Օփիոն

Երկու տասնամյակ առաջ «Թալիբանը» փոփոխական հաջողությամբ պայքարում էր հերոինի արտադրության դեմ։ Քնաբեր կակաչի դեմ պայքար էր հռչակվել նաև այս անգամ։

Ապրիլին թալիբները կրկին արգելել էին կակաչի աճեցումը. հերոինի բիզնեսը Աֆղանստանի առաջատար ոլորտներից է։ Հաղորդվում էր, որ Հիլմենդ նահանգում ֆերմերներին հրահանգվել էր ոչնչացնել կակաչի դաշտերը։

ԲիԲիՍին մեջբերում էր Աֆղանստանում նարկոառևտրի փորձագետ, դոկտոր Դեյվիդ Մենսֆիլդին, ըստ որի՝ արգելքի ներմուծման պահին ափիոնային խաշխաշի հիմնական բերքահավաքն արդեն ավարտվել էր․ «[Տարվա] երկրորդ բերքահավաքը, որն ընթանում է Աֆղանստանի հարավ-արևմուտքում, որպես կանոն մեծ չէ․․․ դրա ոչնչացումը էական նշանակություն չի ունենա»։

Երկրում աճում է նաև մեթամֆետամինի արտադրությունը, չնայած թալիբներն արգելել են էֆեդրա բույսի օգտագործումը։