Միացյալ Նահանգները մտադիր են մինչև օգոստոսի 31-ն ավարտել ամերիկացիների, այլ երկրների քաղաքացիների և ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը. չնայած շատերն այդ վերջնաժամկետն անիրատեսական են համարում, G7-ի առաջնորդների հետ հանդիպումից հետո Ջո Բայդենը վերահաստատել է՝ հետաձգում չի լինելու (հակառակ դեպքում, ըստ նրա, ամերիկացիները կբախվեն «ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին»):
Բայդենի հավաստիացմամբ՝ ԱՄՆ-ն այս ընթացքում Աֆղանստանից շուրջ 70 հազար մարդ են տարհանել։ Առաջիկա օրերին կոալիցիոն ուժերը նախատեսում են ևս 12 հազար մարդու տանել Քաբուլից։
Արևմտյան երկրները դեռ շարունակում են Աֆղանստանից տարհանել իրենց քաղաքացիներին և այն աֆղանցիներին, ովքեր կարող են հետապնդվել «Թալիբանի» կողմից։
Ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանում գտնվելու վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 31-ին։ Վերջնաժամկետի հետաձգմանը կտրականապես դեմ են թալիբները, որոնք նախազգուշացնում են՝ համաձայնության խախտումը «հղի է հետևանքներով»։
G7-ի առաջնորդներն նախօրեին օնլայն քննարկելում էին Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Աֆղանական իշխանափոխությունից ի վեր սա առաջին հանդիպումն էր։ «Նպատակն է՝ համաձայնեցնել դիրքորոշումները․․․ Արևմուտքը միաձայն է լինելու», – ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
BBC-ի գրում էր՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որ Քաբուլից մեկնող ինքնաթիռների անվտանգությունը ապահովելու համար ամերիկյան զորքերը պետք է Աֆղանստանում մնան նաև օգոստոսի 31-ից հետո։ Բայդենն հանդիպման ավարտից հետո ուղերձով է հանդես եկել՝ վերահաստատելով, որ ժամկետների երկարաձգում չի լինելու։
Լուսնակրում՝ հերթ Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ, օգոստոսի 21