Home / Ոստիկանություն / Երկրորդ արյունոտ երեքշաբթին ԱՄՆ-ում․ 10 մարդ է սպանվել

Երկրորդ արյունոտ երեքշաբթին ԱՄՆ-ում․ 10 մարդ է սպանվել

Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքի սուպերմարկետներից մեկում սկսված հրաձգության արդյունքում 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ ոստիկան։ Մարդաշատ խանութում կրակ բացած տղամարդը ձերբակալված է։

Տեղական ոստիկանության ղեկավար Մարիս Հերոլդը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալն այժմ կալանքի տակ է։ Ամերիկյան հեռուստաալիքներով կադրեր են հեռարձակվել, որոնցում երևում է, թե ինչպես է ոստիկանների ուղեկցությամբ սուպերմարկետից դուրս գալիս մինչև գոտկատեղը մերկ, վիրավոր ոտքով տղամարդը։

Հրաձգության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

Միացյալ նահանգների նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ Ջո Բայդենին տեղի ունեցածի մասին զեկուցել են։

Սա վերջին մեկ շաբաթում ԱՄՆ-ում զանգվածային սպանության երկրորդ դեպքն է։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ անցյալ երեքշաբթի, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի երեք մերսման սրահներում սկսված հրաձգության արդյունքում 8 մարդ էր սպանվել։ Զոհերից 7-ը կանայք էին, 6-ը՝ ասիական ծագման։ Սպանությունների գործով մեղադրվում էր 21-ամյա սպիտակ տղամարդը։

Այս դեպքից հետո նախագահ Ջո Բայդենը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտում էր ռասայական հիմքով ատելությունն ու բռնությունը։