Մարտի 1֊ի գործը, շուրջ մեկուկես տարի ձգվող դատավարությունից հետո մտել է դատաքննության փուլ։ Այսօրվա դատական նիստին այս մասին հայտարարել է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Նիստի սկզբում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկ է հայտնել մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Դատարանը, սակայն, միջնորդությունը թողել է առանց քննության:
Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս միջնորդություն է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին, առաջարկելով սպասել ՍԴ-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշմանը, «որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»։ Դատարանն այս միջնորդությունը թողել է առանց քննության: Դատավորը նաև սանկցիա է կիրառել ամբաստանյալԱրմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ, քանի որ փաստաբանը չէր մասնակցել փետրվարի 23-ի նիստին:
Աննա Դանիբեկյանն վերջո հայտարարել է, որ այլևս չի քննվել որևէ միջնորդություն, և անցնում են մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Ի նշան բողոքի՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը, ինչի պատճառով նիստը հերթական անգամ հետաձգվել է։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 30-ին։
Վերջին տարիներին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը լռվել էր կրկնվող միջնորդությունների փուլում, որը բուն գործի նյութերին անցնելու հնարավորություն չէր ընձեռում։ Դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին նաև պաշտպանական բազմամարդ թիմի անդամներից որևէ մեկի բացակայության հիմքով։ Դատախազությունը շարունակ պնդում էր, որ պաշտպանական կողմը միտումնավոր ձգձգում է դատավարությունը, չարաշահում իր իրավունքները, խափանում դատական քննության բնականոն ընթացքը։ Մեղադրող կողմն այս կապակցությամբ առանձին միջնորդություն է ներկայացրել։
Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքին այս մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ճիշտ է՝ [մարտի 1-ին] կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է։ Եվ դա հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում․․․ Սա է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրյալների կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի։», ֊ նշել է վարչապետը։