ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան արձակուրդից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ամերիկացիներին հատուկ ուղերձով դիմելու համար:
Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբևէ Աֆղանստանում ժողովրդավարական պետություն կառուցելու նպատակ չի ունեցել։
Նախագահի պնդմամբ՝ 20 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, ամերիկյան զորքերը մտել են Աֆղանստան՝ ահաբեկիչներին և ահաբեկչությունը պատժելու և վնասազերծելու նպատակով։ «Խնդիրն ամբողջությամբ լուծվել է»։
Ամերիկայի զինվորները, ըստ նրա, պարտավոր չեն կռվել և զոհվել Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց իրենք՝ աֆղանցի զինվորները, կռվելու ցանկություն չունեն։
«Պետության ղեկավարները հեռացել են, բանակը հանձնվել է»,- հայտարարել է Բայդենը։
Ամերիկան, ըստ դեմոկրատ նախագահի, առանց այդ էլ ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել զենքով ու զինամթերքով, անգամ վճարել զինծառայողների աշխատավարձը: «300 հազարի հասնող լավ զինված բանակը հզոր ուժ էր․․․»։
Ուղերձից հետո Բայդենը որոշում է ստորագրել, որով մոտ 500 միլիոն դոլար է հատկացվում փախստականներին և հակամարտության զոհերին աջակցելու համար։ Քաբուլից ամերիկացիների և նրանց հետ սերտորեն համագործակցած աֆղանցիների տարհանումն առավոտյան վերականգնվել է։
Վաշինգտոնը նախատեսում է տարհանել օրական ընդհուպ մինչև 5 հազար մարդու։ Արդեն երեկ ամերիկյան ռազմատրանսպորտային С-17 օդանավը Քաբուլից Կատար է տեղափոխել մոտ 640 աֆղանցիների։
Լուսանկարը հրապարակել է DefenceOne-ը, ըստ որի՝ օդանավակայանում տիրող քաոսի ընթացքում մարդկանց հաջողվել է մտնել ինքնաթիռ (ռամպան բաց է եղել)։ 640 մարդն ավելին է, քան С-17-ի տարողունակությունը կամ «անվտանգ բեռնվածությունը»։ Ինքնաթիռի անձնակազմն, ամեն դեպքում, որոշել է թռչել։
Պենտագոնն էլ իր հերթին հաղորդել է, որ պատրաստ է Աֆղանստանից տարհանել մինչև 22 հազար աֆղանցիների։ Տեղացի փաստաբանների գնահատմամբ՝ հրատապ տարհանման կարիք ունի 50-ից 80 հազար մարդ։
Իսկ Բրիտանիան մտադիր է «բացառություն անել» սահմանահատման կանոններում և թույլ տալ թալիբներից փախչողներին մուտք գործել երկիր առանց անձնագրի (հետևաբար՝ նաև առանց վիզայի)։
Աֆղանստանը լքելու հնարավորությունները, սակայն, չափազանց սահմանափակ են․ ցամաքային սահմանները վերահսկվում են թալիբների կողմից, կոմերցիոն չվերթները չեղարկված են։ Մարդիկ փորձում են փախչել՝ գրոհելով ամերիկյան ռազմական օդանավերը։ Երեկվա գրոհի ընթացքում առնվազն 7 մարդ է զոհվել)։