Ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» շարժումն անցել է լայնածավալ հարձակման։ Թալիբները ամբողջական վերահսկողություն են սահմանել երկրի 421 շրջաններից 195-ի նկատմամբ, 74 շրջաններ այս պահին վերահսկվում են կառավարող վարչախմբի կողմից, ևս 269-ում վերջին տվյալներով մարտեր են ընթանում։
Ամերիկացիները գնում են, թալիբները՝ գալիս
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանի «հավերժական պատերազմին» վերջ դնելու և թալիբների ու «Ալ-Քաեդա» ահաբեկչական համարվող խմբավորման դեմ շուրջ 20 տարի կռված ամերիկյան զորքերը ասիական պետությունից դուրս հանելու մասին։ Զինվորականների դուրսբերման գործընթացը պլանավորվում է ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը՝ 2011 թվականի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը։
Հուլիսի 1-ին ամերիկյան զորքերը լքեցին Աֆղանստանում իրենց մեծագույն և գլխավոր հենակետերից մեկը՝ Բագրամ ավիաբազան՝ հանձնելով այն Աֆղանստանը միայն մասնակիորեն կառավարող, բայց դրա միջազգայնորեն ճանաչված իշխանությանը։
Հարկ է նշել, որ Աֆղանստանից (ինչպես նաև Իրաքից) ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին հայտնել էր նաև ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ անցյալ տարվա նոյեմբերին։
Մինչ ամերիկյան զինվորները սրընթաց լքում են Աֆղանստանի տարածքը, «Թալիբան» շարժման զինվորները ավելի ու ավելի են ամրապնդվում այնտեղ՝ հատկապես կենտրոնանալով երկրի հյուսիսային շրջանների վրա, որոնք սահմանակից են նախկին ԽՍՀՄ միջինասիական 3 պետությունների՝ Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին։
Թալիբների կողմից նոր գրավված հյուսիսային շրջաններում տեղակայված կառավարական հարյուրավոր զինվորականներ՝ հատելով սահմանը, ապաստան են հայցել հենց այս երկրներում։ Շատերն անցնել են թալիբների կողմը։ Տարածքների մի մասը ընկել է առանց մարտի, մյուսները՝ զինված բախման արդյունքում։ Ծանր մարտեր են ընթանում նաև Ուզբեկստանին և Թուրքմենստանին սահմանակից շրջաններում։ Իրավիճակը հատկապես թեժ է աֆղան-թուրքմենական սահմանին գտնվող Բադղիս շրջանում, որտեղ թալիբները փորձում են գրավել շրջանի կենտրոնական Քալա-Է Նո քաղաքը։
Թեհրանում այսօր հանդիպել են «Թալիբանի» և Քաբուլում աշխատող կառավարության ներկայացուցիչները՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ։ Երկու կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ համաձայնելով, որ պատերազմը հակամարտության լուծումը չէ։ Խոսվել է նաև հնարավոր նոր հանդիպման մասին, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում։
Սահմանային շրջանների նկատմամբ հսկողություն հաստատելով՝ թալիբներն, իհարկե, հսկողություն են հաստատում երկրի հյուսիսային սահմանների նկատմամբ։ Այս փաստն անհանգստություն է առաջացրել ոչ միայն հիշյալ 3 միջինասիական պետություններում, այլ նաև Մոսկվայում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ «Տաջիկստանի վրա հարձակման դեպքում իրենք իրենց պարտավորությունները կատարելու են», միաժամանակ՝ բացառել Աֆղանստանում ռուսական զորքերի տեղակայման հավանականությունը։
Հարկ է նշել, որ Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկն է, որտեղ նաև կա ռուսական ռազմաբազա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 5-ին զանգահարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ վերահաստատելով Ռուսաստանի աջակցությունը թե անհատական մակարդակում, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում։
Այնուհետև Ռահմոնը ևս 20 000 հոգուց բաղկացած զորք է տեղակայել աֆղան-տաջիկական սահմանին։ Դուշանբեն կացարան և սնունդ է հատկացրել աֆղան փախստականներին և պատրաստվում է ներգաղթի մեծ հոսքի։ Ռահմոնը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահների հետ։
Կարծիքներ Ռուսաստանից
«Թալիբանը» փոխել է ռազմավարությունը, «Новая Газета»-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հետախուզության աշխատակիցը (անունը չի նշվում՝ պաշտոնից ելնելով), ով պատասխանատու է Աֆղանստանի կառավարության հետ կապերի համար։
Սկզբում, ըստ նրա, կգրավվեն մարզերը, իսկ «կենտրոնն ինքը կընկի»։
«Եթե նախկինում «Թալիբանի» ղեկավարությունը հիմնվում էր պուշթունների (Աֆղանստանի ամենամեծ էթնիկ խումբը — խմբ․) վրա, ապա այժմ նրանք ընդունում են թե՛ ուզբեկներին, թե՛ տաջիկներին։ Դա շատ հզոր գաղափարական քայլ է։
Տաջիկստանի այն տարածքների բնակիչները, որոնք հարում են աֆղանական Բադաքշանին և Թահորին, մինչ օրս էլ այդ տեղերում բարեկամական կապեր ունեն։ Եվ բնակչության մեծ մասը (հատկապես Դարվազը) ընդդիմանում է [Տաջիկստանի գործող նախագահ-խմբ․] Ռահմոնի ռեժիմին։ Այդ պատճառով անպայման կլինի կանոնների և վերահսկողության խստացում։ Հիմա արդեն Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու կողմից ցանկացած տեղեկատվություն կարող է պետության և ուժայինների կողմից գնահատվել որպես լրտեսություն։ Նախադեպեր եղել են»,- նշել է պաշտոնյան։
Ըստ նրա՝ Տաջիկստանի ԱԳՆ աղբյուրները փաստում են, որ ամերիկյան զինուժերի հետ համագործակցել է ոչ պակաս, քան 20 000 աֆղանցի, որոնց ԱՄՆ-ն ցանկանում է տեղավորել Տաջիկստանի և Ուզբեկստանի փախստականների համար նախատեսված ճամբարներում, իսկ հետո՝ ուղարկել ՆԱՏՕ-ի երկրներ։ Ընդ որում, ըստ այս տեղեկատվության, փաստաթղթերի ձևակերպման հարցերն ու ծախսերը ԱՄՆ-ն վերցնում է իր վրա։
«Ռուսաաստանի ղեկավարության և Միջին Ասիայի կառավարությաննների ամենագլխավոր անհանգստությունները վերաբերում են գաղափարների ներթափանցմանը։ Միջին Ասիայի պետություններում դրանց կրողներն արդեն վաղուց կան։ Թալիբները մեսիանական պլաններ չեն դրսևորում, բայց Տաջիկստանի Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ղազախստանի արմատական մահմեդականները իրապես կարող են ընկնել [թալիբների] ուժի ազդեցության տակ և իրենց ընդհատակյա պայքարը կառուցել՝ «Թալիբանի» հետ գաղափարական միավորման հույսով», – նույն աղբյուրի հետ զրույցում նշում է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար (2003-2016) Նիկոլայ Բարդյուժան։
Ովքե՞ր են, ի վերջո, թալիբները
«Թալիբան» շարժումը սկսել է աչքի ընկնել 1994 թվականից։ Մինչ այդ՝ 1989 թվականին, խորհրդային զորքերը դուրս էին բերվել Աֆղանստանից, որին հաջորդել էին քաոսի և իշխանության համար պայքարի տարիներ․ թալիբներից շատերը նախկինում եղել էին «Մուջահեդին» կոչվող զինյալ խմբավորման մարտիկներ, ովքեր 80-ականներին (ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցությամբ և ֆինանսավորմամբ) կռվում էին խորհրդային զորքերի դեմ։
90-ականների կեսերին թալիբները սկսեցին ավելի ու ավելի շատ տարածքներ գրավել Աֆղանստանում, ի վերջո՝ վերցնելով նաև մայրաքաղաք Քաբուլը և երկրում հաստատելով իբրև իսլամական հռչակված օրենքներ (կանայք, օրինակ, իրավունք չունեին դպրոց հաճախելու կամ աշխատելու)։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ թալիբները հրաժարվեցին ԱՄՆ-ին արտահանձնել իրենց մոտ թաքնվող Օսամա Բին-Լադենին, ԱՄՆ զորքերը ներխուժեցին Աֆղանստան և, երկրի մի շարք տարածքներում պարտության մատնելով թալիբներին, նոր կառավարություն հաստատեցին երկրում։
Այդ ժամանակներից առ այսօր՝ շուրջ 20 տարի, Աֆղանստանը ներքաշված է տասնյակ հազավոր մարդկանց կյանքեր խլած քաղաքացիական պատերազմի մեջ։ Թալիբների և Աֆղանստանի կառավարության բոլոր բանակցությունները մինչ այժմ ձախողվել են։
Ընդ որում, անգամ մինչև ԱՄՆ զորքերի դուրսբերումը «Թալիբանը» վերահսկում էր Աֆղանստանի մի շարք շրջաններ, ինչպես նաև առանցքային ճանապարհներ ու մայրուղիներ։ Բացի այդ՝ թալիբները ունեն իրենց դպրոցները, ենթակառուցվածքները և անգամ դատարանները, որոնց միջոցով կարողացել են ոչ միայն ստեղծել «զուգահեռ պետություն», այլև իրենց կողմը գրավել երկրի մի շարք բնակիչների։