«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր ևս մեկ անգամ անդրադարձել է իր կողմից հրապարակված լուրին, համաձայն որի Հայաստանի տարածք են մտել մի խումբ թալիբ ահաբեկիչներ: Թերթի խմբագրությունը գտնվում է ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնի հարևանությամբ, և այդ փաստը թերթին հնարավարություն է տալիս որոշակի եզրահանգումներ անել:
«Այն, ինչ կատարվում է այդ բաժնում արդեն 6-րդ օրն անընդմեջ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ որակել որպես նորմալ աշխատանքային իրավիճակ: Մանավանդ երեկոյան ժամերին` ոստիկանության բաժինը և հարակից շենքերը վերածվում են պաշարված ամրոց հիշեցնող մի տարածքի, որտեղ կարելի է տեսնել ավտոմատավորների, հատուկ վարժեցված շներով կինոլոգների և այլն (անցած շաբաթ օրը այդպիսի մի քանի շուն կապված էին մեր խմբագրության լուսամուտների ճաղերից): Հենց այդ իրավիճակը ստիպեց մեզ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում: Սկզբում պատասխանում էին, թե ինչ-որ «վարժանքներ», «կանխարգելիչ միջոցառումներ են» իրականացվում: Թե ինչն են կանխարգելում, մի քանի ժամ մնաց անհայտ: Շուտով իրավապահ մարմիններից տարբեր աղբյուրներ մեզ հայտնեցին, որ իրենք ունեն տեղեկություններ այն մասին, թե Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ, և ահաբեկչության վտանգ կա: Նշվում էր նույնիսկ, որ ահաբեկիչների խումբը բաղկացած է նվազագույնը 3, առավելագույնը՝ 5 հոգուց», – գրում է թերթը:
«ՀԺ»-ն նշում է, որ իր կողմից հրապարակած տեղեկատվությունը «հիմնովին սուտ» որակողները (երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանն է այդ լուրն այդպես որակել – խմբ.) գուցե բացատրեն, թե ինչու են մայրաքաղաքի տարբեր կառույցներ, ամեն օր կամ օրումեջ, ավտոմատներով զինված անձինք վարժեցված շների օգնությամբ ստուգում:
«Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Ջոս» ժամանցի համալիրի մենեջեր Միլենան երեկ մեր թղթակցին պատմեց, որ իրենց մոտ արդեն երկու ստուգում է իրականացվել: «Մենք նրանց չէինք դիմել, նրանք ուղղակի եկան ու սկսեցին ստուգել: Երկու օր իրար հետևից եկել են, նկուղային հարկում ստուգումներ են արել: Մենք էլ էինք զարմացել: Այստեղ բազմաթիվ հաճախորդներ կային: Նրանք եկան, ստուգեցին, բարեբախտաբար ոչինչ չգտան, ներողություն խնդրեցին ու գնացին»: Միլենան պատմեց նաև, որ ոստիկաններն այդ ստուգումները բացատրել են նրանով, որ ահազանգ են ստացել, թե մոտակայքում ինչ-որ տեղ ռումբ կա տեղադրված:
Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» կարաոկե ակումբի անվտանգության աշխատակից Արմենը մեր թղթակցին ասաց, որ իրենց մոտ ստուգումներ են իրականացվել վերջին չորս օրերին էլ. «Գալիս են, հաճախորդներին դուրս ենք հրավիրում, իրանք շներով ամեն ինչ ստուգում են ու գնում», – ասաց Արմենը և նշեց, որ ստուգումներ իրականացվում են մայրաքաղաքի բոլոր ակումբներում: Արմենը ասաց նաև, որ ստուգումների պատճառը որևէ կերպ չի բացատրվում, սակայն իր համար տրամաբանական է, որ ստուգումները կապված են ահաբեկչության վտանգի հետ: «Դե, ես գիտեմ, որ էս ստուգումները գաղտնի հրամանով են արվում»,- ասաց Արմենը: Կարծում ենք, այսքանից հետո պարզ է դառնում, որ վարժանքների շրջանակներում հնարավոր չէ տեղավորել նույն սրճարանն ամեն օր պայթուցիկ գտնելու համար հատուկ վարժեցված շներով ստուգելը», – գրում է թերթը:
Հոդվածի հետգրության մեջ թերթը նշում է, որ իրավապահների գործողությունները խմբագրությունը բացասական չի գնահատում:
«Հատուկ շեշտենք, որ դրանք լիովին ընդունելի են և նույնիսկ ողջունելի: Մանավանդ որ` մինչ այժմ ստուգված օբյեկտներից և ոչ մեկից չենք ստացել իրավապահների կոպիտ վերաբերմունքի մասին ահազանգ», – եզրափակում է «Հայկական ժամանակը»: