Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը կազմակերպել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
ԴԱԻՇ-ի զինյալը «պայթեցրել է իր մահապարտի բաճկոնը դեսպանատան մոտ կազմակերպված ռուս աշխատակիցների հավաքի ժամանակ», ասվում է խմբավորման տելեգրամյան ալիքներում տարածած հայտարարության մեջ։
Նախօրեին Քաբուլում ՌԴ դեսպանատան մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել էր առնվազն 6 մարդ, այդ թվում՝ դեսպանատան 2 աշխատակից։
Ըստ ոստիկանության՝ ահաբեկիչը սպանվել է դեսպանատաան պահակախմբի կողմից, երբ նա մոտեցել է շենքին։ Արդյունքում պարզ չէ՝ արդյոք հարձակվողը հասցրել է պայթեցնել բաճկոնը նախքան սպանվելը, թե՞ արձակված կրակոցները պայթեցրել են պայթուցիկը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեսպանատունը ուժեղացրել է իր անվտանգությունը հարձակումից հետո։
«Հուսանք, որ այս ահաբեկչության կազմակերպիչները և դրա հեղինակները կպատժվեն»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանը այն սակավաթիվ երկրներից է, որը պահել է իր դեսպանատունը Քաբուլում ավելի քան մեկ տարի առաջ Թալիբանի կողմից երկիրը գրավելուց հետո:
Թեև Մոսկվան պաշտոնապես չի ճանաչում Թալիբանի կառավարությունը, այն բանակցություններ է վարում պաշտոնյաների հետ բենզին և այլ ապրանքներ մատակարարելու համաձայնագրի շուրջ:
Աֆղանստանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ թալիբների ուժերը լուրջ քայլեր կձեռնարկեն երկրում գործող դեսպանատների անվտանգության ապահովման ուղղությամբ:
«[Կառավարությունը] սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ թշնամիների նման բացասական գործողությունները բացասաբար ազդեն հարաբերությունների վրա», – ասվում է խոսնակի հայտարարության մեջ:
Տեղի լրագրող Նաջիբ Լալզոյի խոսքերով՝ «անսպասելի» պայթյունը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ հավաքված էին աֆղանները։ Նպատակը, ըստ նրա, պարզապես անմեղ մարդկանց սպանելն էր:
«Այն [պայթյունը] իրականում տեղի է ունեցել դեսպանատան մոտ, որտեղ մարդկանց ամբոխ էր հավաքված՝ ռուսական վիզայի համար դիմելու նպատակով», – պատմել է լրագրողը Al Jazeera-ի հետ զրույցում։