Հայաստանի արտգործնախարարությունը սահմանված կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային՝ կապված «Սուրմալուի» դեպքերի հանրային արձագանքների հետ։
Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
ՌԴ դեսպանությունը օգոստոսի 17-ին նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին հնչող «կեղծ մեղադրանքների» համար։
«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ արտանետումներից, որոնք հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին <…>
<…> Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները», – ասվում էր դեսպանության հայտարարության մեջ՝ առանց որևէ կոնկրետ օրինակ բերելու և «արտանետումների» հեղինակների անուններ նշելու։
Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում հակապատերազմական ակցիայի դուրս եկած տասնյակ մարդկանց ոստիկանները բերման ենթարկեցին՝ «ազգամիջյան թշնամանք հրահրելու» պատճառաբանությամբ։ Դա առաջին դեպքն էր, երբ հակապատերազմական ակցիայի դուրս եկած ռուսաստանցիներն ու ուկրաինացիները բերման էին ենթարկվում Հայաստանում։