Հայաստանի պաշտապանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Արմիա-2022» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին, «Բանակային խաղեր» մրցաշարի բացմանը և միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովին։ Ռազմամշակութային միջոցառումներին մասնակցելուց բացի՝ Պապւկյանն այսօր հանդիպել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը առնչվող մի շարք հարցեր։
«Մենք ունենք քննարկելու հարցեր։ Կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ։ Իհարկե, կան նաև հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջև դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք նախկինի պես համոզված ենք, ինչպես և դուք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ասել է Շոյգուն։
Օգոստոսի 16-ի հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում՝ հիշեցրել է Պապիկյանը՝ շարունակելով․ «Մենք բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերակատարումը»։
«Արմիա-2022» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վերջինս հիշել է նացիզմի, ազատության և տղամարդկային դաշնակցության մասին։
Ռուսաստանի պարտականությունն է «կոշտ արձագանքել պատմությունը կեղծելու փորձերին», հակազդել ցանկացած ձևի «նեոնացիզմին, ռուսաֆոբիային և ռասիզմին», հայտարարել է Պուտինը։
Պուտինի կարծիքով՝ «ՌԴ-ի դաշնակիցներն այն պետություններն են, որոնք այպես կոչված հեգեմոնի առջև չեն կռանում, նրանց առաջնորդները իսկական տղամարդկային բնավորություն են ցուցաբերում»։
Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ռուս ժողովուրդը «հպարտանում է իր բանակով և նավատորմով»։ Ռուսական բանակը, ըստ նրա, բոլոր ժամանակներում «ազատություն է բերել այլ ժողովուրդներին»: