Ռուսաստանը դեռևս չի տեսել Հայաստանի հստակ առաջարկները կապված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղապահ առաքելության հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի չեմ կարող հիմա կռահել»,- պատասխանել է Լավրովը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության հստակեցման հրատապ անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարության շուրջ հարցին։
Արտգործնախարարը նաև հավելել է, որ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ռուսական խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, ըստ վարչապետի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունները բավարար են։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք ունի Երևանը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված։
Արցախում օգոստոսի 3-ի առավոտյան սկսած բախումների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ։ Վիրավորների թիվը հասել է 19-ի։ Ղարաբաղում մասնակի զորահավաք է հայտարարվել։ Ռուսական խաղապահ կոնտինգենտը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից 4 անգամ խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջանում։ Ադրբեջանը հաղորդել է մի շարք բարձունքների գրավման մասին։
Իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվել է օգոստոսի 1-ից։ Օրեր առաջ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջ է ներկայացրել՝ Ղարաբաղ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր (Լաչինը շրջանցող) երթուղով։ Երևանն այն ոչ լեգիտիմ է որակել։