Home / Ոստիկանություն / Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան ներխուժումը Ալիևի դեմ էր

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան ներխուժումը Ալիևի դեմ էր

Մի խումբ անձիք ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատուն, հանել պատշգամբից ադրբեջանական դրոշն ու ծածանել իրենցը (կապույտ գույնի արաբերեն գրվածքով)։ Ոստիկանությանը ավելի ուշ հաջողվել է ձերբակալել մոտ 23 հոգուց 8-ին։ 

Բողոքի ակցիան, ըստ Metro բրիտանական լրատվականի, ղեկավարել է «Մահդիի ծառաների միություն» (The Mahdi Servants Union) կոչվող խումբը: Այն Լոնդոնում հիմնված շիա մահմեդականների կազմակերպություն է, որի նպատակներից մեկը, ըստ նրանց կայքի, «Շիա քաղաքակրթության գերիշխանություն» հաստատելն է:

Խմբավորման առաջնորդ Յասեր Ալ-Հաբիբը հրահանգել է «հրատապ գործողություններ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ, ասվում է «Մահդիի ծառաների միության» հայտարարության մեջ։ Միության անդամները վկայակոչել են Ադրբեջանի կառավարության կողմից երկրում որոշ շիա մահմեդականների նկատմամբ «հալածանքները»։ 

Ալ-Հաբիբը, ով Մեծ Բրիտանիայում ապաստան է ստացել Քուվեյթի իշխանությունների հետ կոնֆլիկտից հետո, Լոնդոնում մզկիթ է ղեկավարում։ 

Պաշտոնական Բաքուն «Մահդիի ծառաների միության» անդամներին անվանել է ռադիկալ կրոնականներ։ 

«Դեսպանատան շենք մտնելուց հետո ռադիկալ ​​կրոնական խմբավորման անդամները, վանդալիզմի գործողություններ կատարելով, բարձրացրել են կրոնական դրոշներ և շենքի պատշգամբում բղավել ռադիկալ ​​կրոնական կարգախոսներ։ Տեղի ոստիկանության միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և կալանավորվել»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ 

Նույն խմբավորման անդամները 2018թ․-ին հարձակվել էին նաև Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա։