Home / Բանտ / Բաքուն ևս երկու ընդդիմադիրի է կալանավորել

Բաքուն ևս երկու ընդդիմադիրի է կալանավորել

Ադրբեջանում վերջին երկու օրերին քաղբանտարկյալների թիվը համալրվել է երկուսով․ բանտարկվել են ադրբեջանական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության անդամ, ակտիվիստ Փյունխան Քերիմլին և «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի խորհրդական Ալիքրամ Խուրշուդովը։

Հուլիսի 27-ին Բաքվի դատարանը 32-ամյա Փյունխան Քերիմլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման․ դատախազությունը ընդդիմադիրի համար պահանջել էր 7,5 տարվա կալանք՝ մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Քերիմլին ապրում էր Գերմանիայում մինչև անցյալ տարվա նոյեմբեր, երբ նրան դեպորտ արեցին։ 

Ադրբեջան վերադառնալուց մեկ ու կես ամիս անց ակտիվիստին ձերբակալեցին․ ըստ մեղադրող կողմի նրա մոտ հայտնաբերվել է 7,5 գրամ հերոին և 2,5 գրամ մետամֆետամին։ Քերիմլին չի ընդունել մեղադրանքները և հայտարարել է, որ իրեն ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով։ Գերմանիայում նա մասնակցել էր ցույցերի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ։ Ակտիվիստի փաստաբանը նշել է, որ այս գործում, որը փորձում են կարել իր պաշտպանյալի վրա, որևէ ապացույցներ չկան։

Նշենք, որ ապրիլի 20-ին Ադրբեջանում Սամիր Աշուրովը 4-րդ քաղաքացիական ակտիվիստն էր, որ ձերբակալվել է Գերմանիայից դեպորտ լինելուց հետո։Ադրբեջանցի իրավապաշտպանները քննադատել են գերմանական իշխանություններին, որոնք արտաքսում են ակտիվիստներին՝ արհամարելով այն հանգամանքը, որ հայրենիքում վերջիններս քաղաքական հետապնդման են ենթարկվում։

Հուլիսի 26-ին մեկ այլ ընդդիմադիր՝ «Մուսավաթ» կուսակցության անդամ Ալիքրամ Խուրշուդովը դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցչի հաղորդմամբ՝ Խուրշուդովը մեղադրվում է հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու վարչական հոդվածներով։ 

Կուսակցության անդամները պնդում են, որ նրան կալանավորել են քաղաքական հայացքների և հուլիսի 20-ին տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար։ 

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Բաքվի նախարարների գրասենյակի դիմաց մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին անցկացրել։ Նրանք պահանջում էին բացել ցամաքային սահմանները, որոնք շարունակվում են փակ մնալ՝ համաճարակային իրավիճակի պատրվակով։ Այս ցույցերի ժամանակ ձերբակալվել և այնուհետև 30-օրյա կալանքի է դատապարտվել նաև «Մուսավաթ» երիտասարդական կուսակցության ղեկավար Ազիզ Մամիևը։ Վերջինս նույնպես մեղադրվել է ոստիկանությանը չենթարկվելու հոդվածով։