Home / Բանտ / Բաքվում ձերբակալել են Գերմանիայից արտաքսված հերթական ակտիվիստի

Բաքվում ձերբակալել են Գերմանիայից արտաքսված հերթական ակտիվիստի

Ադրբեջանում ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Սամիր Աշուրովը, ով մարտի 29֊ին արտաքսվել էր Գերմանիայից։

Meydan TV-ի հաղորդմամբ՝ Աշուրովի կինը պատմել է, որ ամուսնու վրա ինչ-որ քրգործ են կարել, մեղադրում են ինչ-որ մեկին դանակահարելու մեջ։ Տուժողը, ըստ նրա, անծանոթ մի տղամարդ է․ Աշուրովը նրան առաջին անգամ է տեսնում։

Ադրբենական ՆԳՆ պաշտոնական վարկածը հետևյալն է․ ապրիլի 19-ի երեկոյան Սամիր Աշուրովը, «անձնական կոնֆլիկտի հողի վրա», դանակով հարվածել է Շեքի քաղաքի բնակիչներից մեկին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Քաղակտիվիստին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկման։

Սամիր Աշուրովը «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման» համաձայնագրի շրջանակներում Գերմանիայից մարտի 29֊ին արտաքսված 38 ադրբեջանցիներից մեկն է։ Ավելի վաղ ակտիվիստը մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանում իրեն կարող են քաղաքական հետապնդման ենթարկել։

Բաքու վերադառնալուց անմիջապես հետո Աշուրովին Գլխավոր դատախազություն են կանչել։ Հարցաքննել են անօրինական միգրացիայի գործի շրջանակներում։

«Ես ասացի, որ Գերմանիա եմ մեկնել 2018 թվականին՝ ընդհանուր հիմունքներով մուտքի արտոնագիր ստանալուց հետո։ Որևէ միջնորդ-ծառայությունից չեմ օգտվել», – հայտնել էր քաղակտիվիստը։

«Պաշտպանության գիծ» ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերից ի վեր, Աշուրովի դեպքը չհաշված, կեղծված գործերով Ադրբեջանում ձերբակալել են Գերմանիայից արտաքսված 4 ակտիվիստների։ Չորսն էլ Գերմանիայում մասնակցել են ադրբեջանական իշխանություններին քննադատող ցույցերի։ Ադրբեջան վերադառնալուց հետո նրանք մեղադրվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Ադրբեջանցի իրավապաշտպանները նախկինում ևս քննադատել են Գերմանիայի իշխանություններին, որոնք արտաքսում են ակտիվիստներին՝ արհամարելով այն հանգամանքը, որ հայրենիքում վերջիններս կարող են քաղաքական հետապնդման ենթարկվել։