Ադրբեջանում ձերբակալվել են Maide առցանց լրատվամիջոցի հետ համագործակցող հինգ մահմեդական գործիչներ։ Ձերբակալությունն իրականացրած Պետական անվտանգության ծառայությունը չի պարզաբանել պատճառները։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալված հոգևորականներից մեկը՝ Սարդար Բաբաևը, 2017 թվականին կալանավորվել և 3 տարվա ազատազրկման էր ենթարկվել կրոնական արարողության կարգը խախտելու մեղադրանքով։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ էին համարում։
Հաղորդվում է, որ բոլոր հինգ ձերբակալվածները իրանամետ շրջանակներից են և շիա մահմեդականներ են։
Հոկտեմբերի 19-ին շիա աստվածաբան, deyerler.org լրատվական կայքի ղեկավար Հաջի Իլգար Իբրահիմօղլուին ձերբակալեցին վերջինիս տանը իրականացրած խուզարկությունից հետո։
Իրավապաշտպանները կարծիք էին հայտնել, որ Իբրահիմօղլուի հանդեպ նման հետաքրքրությունը կարող է կապված լինել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների սրման ֆոնին կրոնական գործիչների նկատմամբ բռնաճնշումների հետ։
Հոկտեմբերի 20-ի գիշերը նրան՝ վկայի կարգավիճակով հարցաքննելուց հետո, ազատ արձակեցին։ Բերման ենթարկվածներից երկուսին ևս ազատ էին արձակել, սակայն քիչ անց՝ կրկին բերման ենթարկել։ Մահմեդական գործիչների տներում խուզարկություններ են անցկացվել, համակարգիչներ և հեռախոսներ են առգրավվել։
Դեպքի մասին մանրամասներ ներկայացրած Իսլամիստների իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Արզու Աբդուլլան դժվարացավ ասել՝ արդյոք կապ կա՞ հինգը հոգու բերման ենթարկելու և Իբրահիմօղլուի հարցաքննության միջև։ «Բայց ես գիտեմ, որ Իբրահիմօղլուն լավ ճանաչում էր Սարդար Բաբաևին։ Նա միշտ ներկա էր Բաբաևի գործով դատական նիստերին։ Մեկ անգամ Իբրահիմօղլուին նույնիսկ բերման էին ենթարկել դատարանի շենքի մոտից»։
Չնայած պաշտոնապես տեղի ունեցածի պատճառների մասին չեն հայտնում, սոցցանցերում նրանց արդեն իսկ «իրանական գործակալներ են» անվանում։