Home / Հայաստան / Խոշոր ավտովթարի նոր մանրամասները

Խոշոր ավտովթարի նոր մանրամասները

Երևան-Գյումրի ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ առավոտյան մարդատար միկրոավտոբուս էր կողաշրջվել, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները՝ հաղորդում է Քննչական կոմիտեն։

5 հոգի զոհվել, 17 հոգի՝ վիրավորվել է։

«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ»-ով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևորներ մահացել են,  ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ», – հաղորդել է Քննչական կոմիտեն։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորներից 10-ը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ․ նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ 3 հոգի՝ միջին ծանրության վնասվածքներով, տեղափոխվել է Աշտարակի ԲԿ: Եվս մեկ հոգի Գյումրիի բշկական կենտրոնում է․ նրա վիճակը այժմ բավարար է գնահատվում։

ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով և 230-րդ հոդվածի (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը) 2-րդ մասով: