Չինաստանը սկսել է բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Գերմանիայի Մանհայմ քաղաք՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, գրում է «Xinhua» պետական լրատվական գործակալությունը։
Ճանապարհն անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով և Չեխիայով․ գործակալությունը չի հիշատակում Վրաստանը, չնայած տարանցման շղթայի մեջ ընդգրկված են նաև վրացական երկաթուղիները։
Երթուղին, ընդհանուր առմամբ, ձգվում է մոտ 11 300 կմ։ Սև և Կասպից ծովերը հատելու ընթացքում լաստանավային տրանսպորտ է օգտագործվում։
Ապրիլի 13-ին այս ճանապարհով չինական Սիան քաղաքից ուղևորվել է առաջին գնացքը՝ բեռնված շորերով, անկողնային և սպորտային պարագաներով։
Սիանի լոգիստիկայի միջազգային ընկերության մենեջերը պարզաբանել է՝ երթուղին «ստեղծված իրավիճակում» կօգնի կարգավորել Չինաստանից արտահանումը՝ բարձրացնելով ապրանքների փոխադրման արդյունավետությունը և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։
Փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ռուսական շուկան ենթարկվեց պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցների։ Արտասահմանյան կազմակերպությունները սկսեցին մեկը մյուսի հետևից դադարեցնել Ռուսաստանում իրենց գործունեությունը։
Մինչ այսօր ռուսական շուկան ավելի քան 750 արտասահմանյան կազմակերպություններ են լքել․ դրանց թվում է նաև չինական պետական Sinopec ընկերությունը, որը զբաղվում է նավթի և գազի արդյունաբերությամբ։ Ընկերությունը դադարեցրել է իր ներդրումային ակտիվությունը Ռուսաստանում՝ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով։