Home / Հայաստան / Պուտինն Ուկրաինայում պատերազմն անվանում է «ողբերգություն»․․․և շարունակում այն

Պուտինն Ուկրաինայում պատերազմն անվանում է «ողբերգություն»․․․և շարունակում այն

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շարունակվում է արդեն 48 օր։ Ուկրաինայի կառույցներն ահազանգել են ռուսների կողմից Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման, իսկ Բուչայում՝ կանանց և երեխաների զանգվածային բռնաբարությունների մասին։ Շուրջօրյա (!) մարտեր են ընթանում Դոնեցկի, Լուհասնկի, Խարկովի և Խերսոնի մարզերում։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայում ներխուժումից ի վեր մահացել է ավելի քան 1800 խաղաղ բնակիչ՝ ընդգծելով, որ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Պուտինը, մինչ այդ, Ուկրաինայում տեղի ունեցողն անվանում է «ողբերգություն»․․․և շարունակում պատերազմել։

Ուկրաինան ահազանգում է Մարիոպոլում զանգվածային դիակիզարանների և քիմիական զենքի մասին

Անցյալ գիշեր Ուկրաինայի ստրատեգիական կոմունիկացիների ծառայությունը հաղորդեց, որ ռուսական զինուժերն իրենց կողմից պաշարված Մարիուպոլում քիմիական զենք են կիրառել ուկրաինացի զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ։

https://twitter.com/StratCom_AFU/status/1513631424703774732

Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Լիզ Թրասի խոսքով՝ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները հրատապ կերպով ստուգվում են։

«Նման զենքերի ցանկացած կիրառում անգութ էսկալացիա կլինի այս հակամարտության մեջ, և մենք պատասխանատվության կենթարկենք Պուտինին և նրա ռեժիմին», – գրել է բրիտանացի նախարարը։

Reuters-ը, հղվելով ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի, հայտարարել է, որ Պենտագոնը չի կարողացել հաստատել քիմիական զենքի կիրառման մասին լուրը։

Ավելի վաղ Մարիուպոլում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին զգուշացրել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Այսօր զավթիչների կողմից նոր հայտարարություն է հնչել, որը վկայում է իրենց կողմից Ուկրաինայի և մեր պաշտպանների դեմ ահաբեկչության նոր փուլի նախապատրաստման մասին։ Զավթիչների բարձրախոսներից մեկն այսօր հայտարարել է, որ նրանք կարող են Մարիուպոլի պաշտպանների նկատմամբ քիմիական զենք կիրառել։ Մենք դա առավելագույն լրջությամբ ենք դիտարկում», – ասել էր նախագահը։

Հարկ է նշել, որ նախօրեին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «Ժողովրդական ոստիկանության վարչության» պետի տեղակալը ռուսական հեռուստատեսությամբ խոսել էր Մարիուպոլի զինվորների դեմ «քիմիական զորքերի» միջոցների կիրառման մասին։

Պաշարված Մարիուպոլի ղեկավար Վադիմ Բոյչենկոն էլ հայտարարել է, որ պատերազմի ողջ ընթացքում քաղաքում զոհվել է ոչ պակաս, քան 10 000 խաղաղ բնակիչ։

«Դիակները գորգի պես ծածկում են փողոցները», – ասել է Բոյչենկոն Associated Press-ին՝ ընդգծելով, որ քաղաքում շարունակում է մնալ շուրջ 120 000 խաղաղ բնակիչ, որոնք ունեն սսնդի, ջրի և դեղերի կարիք։

Քաղաքապետի խոսքով՝ նա հաղորդումներ է ստացել, որ ռուսները հավաքում են դիակներն ու պահում դրանք առևտրի կենտրոնների սառնարաններում։ Քաղաքում նկատվել են նաև շարժական դիակիզարաններ։ Ինքը՝ Բոյչենկոն, Մարիուպոլում չէ։ Նրա գտնվելու վայրը չի բացահայտվում։

Բռնաբարություններ և մեծաթիվ եղբայրական գերեզմաններ Բուչայում

Ուկրաինայի ՄԻՊ Լյուդիմիլա Դենիսովան հայտարարել է, որ 14-ից 24 տարեկան 25 կանայք պարբերաբար բռնաբարվել են ռուսաստանցի զինվորների կողմից Բուչա քաղաքի օկուպացիայի ժամանակ։ Բռնաբարության զոհ է դարձել նաև 11-ամյա մի տղա։

Իրավապաշտպանի խոսքերով՝ 25 կանանց պահել են Բուչայի տներից մեկի նկուղում շուրջ 25 օր։ Բռնաբարության զոհերից 9-ը այս պահին հղի են։

«Ռուսաստանցի զինվորները նրանց ասել են՝ այնպես են բռնաբարելու, որ ոչ մի տղամարդու հետ չցանկանան ունենալ սեռական հարաբերություններ, որպեսզի խանգարեն նրանց ունենալ ուկրաինացի երեխաներ», – պատմել է Դենիսովան։

Այս թեմայով՝ 14-ամյա աղջիկ, 11-ամյա տղա․ ռուսաստանցի զինվորների բռնաբարությունները

Ըստ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկի՝ ռուս զինվորների նահանջից հետո քաղաքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 403 մարմին։ Այսօր քաղաքում սկսել են արդեն 2-րդ եղբայրական գերեզմանի բացման աշխատանքները

«163 մարդ արդեն նույնականացված են։ Մենք գիտենք՝ ինչ մարդիկ են նրանք, որտեղ են ապրել։ Զոհերի թիվը կմեծանա․ ոստիկանությունը, սպաները, հատուկ ծառայություններն անցնում են ամեն թաղամասով, ամեն տան մոտով, մասնավոր տարածքներում գերեզմաններ են գտնում, բարձրացնում մարմինները»,- ասել է քաղաքապետը։

Բուչայում գտնված մարմինները։ Լուսանկարը՝ Նարցիսո Կոնտրերասի (Anadolu գործակալություն)

Հիշեցնենք՝ մարտի 31֊ին, երբ ռուսական զորքերը լքեցին Բուչա քաղաքը, այնտեղ հայտնաբերվեցին ավելի քան 360 մարդկանց դիեր, որոնց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին։ Նրանցից ավելի քան 250֊ը զոհվել էին հրազենային և բեկորային վնասվածքներից։ Քաղաքի փողոցներից միայն մեկում լրագրողները հայտնաբերել էին գետնին ընկած 20 քաղաքացիական հագուստով մարդկանց դիեր։ Քաղաքը պաշարված էր Ռուսաստանի հարձակման առաջին օրերից․ ըստ տեղային իշխանությունների ռուսական զորքը Բուչա էր մտել փետրվարի 25֊ին։ 

Կասետային ռումբեր Խարկովում

Երեկ հրապարակվել է տեսանյութ, որում, ըստ Conflict Intelligence Team-ի, երևում է՝ ինչպես են Խարկովի փողոցներից մեկում պայթում կասետային ռումբերը։

Նման զինատեսակները ոչ միշտ են միանգամից պայթում և անցորդները, այդ թվում և հատկապես՝ երեխաները, հաճախ կարող են կանգնել դրանց վրա։ Կասետային զինատեսակներն արգելված են միջազգային կոնվենցիայով, որին չեն միացել ոչ Մոսկվան, ոչ Կիևը։ Իրավապաշտպանական կազմակերպությունները դրանց կիրառումը պատերազմի հանցագործություն են համարում։

Ուկրաինայի արևելքում, ըստ Լոնդոնի, մարտերը կսաստկանան

Բրիտանական ռազմական գերատեսչությունը թվիթերում տեղադրել է ընթացիկ ռազմագործողությունների իր վերլուծությունը։ Ըստ հրապարակման․

1․ Ուկրաինայի արևելքում մոտակա 2-3 շաբաթներին սպասվում է մարտերի սրացում։

2․ Ռուսական զորքերի հարձակումները մինչ այժմ կենտրոնացած են Դոնեցկի և Լուհանսկի տակ ուկրաինական դիրքերի վրա։ Մարտերը շարունակվում են նաև Նիկոլաևում ու Խերսոնում։ Վերսկսվում է նաև հարձակումը Կրամոտորսկի վրա։

3․ Ռուսական ուժերը շարունակում են իրենց զորքերը հանել Բելառուսից՝ արևելյան Ուկրաինայում դրանք կուտակելու նպատակով։

Հատկանշական է, որ օրերս հրապարակած իր ուղերձում Վոլոդիմիր Զելենսկին ևս զգուշացրել էր երկրի արևելքում սպասվող «որոշիչ մարտերի» մասին։ Ինչ վերաբերում է Կրամոտորսկին, ապա քաղաքի հիվանդանոցներում վերջին տվյալներով գտնվում է 90 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։ Եվս 50-ը զոհվել են։

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ապրիլի 9-ին, ռուսական զորքերը հարվածել էին Կրամոտորսկի երկաթուղային կայարանին, որտեղ հարյուրավոր մարդիկ պատսպարվել էին և պատրաստվում էին լքել քաղաքը։

Պուտինը պնդում է, որ «հատուկ օպերացիան ընթանում է ըստ պլանի»

«Հատուկ օպերացիան գնում է ըստ պլանի։ Մենք չպետք է հասարակությունից որևէ բան թաքցնենք, բայց զինվորականների աշխատանքը պետք է օբյեկտիվորեն լուսաբանել», – ասել է Ռուսաստանի նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

Պուտինն անդրադարձել է նաև Բուչայում տեղի ունեցած հանցագործություններին, ասելով՝ թե դրա մասին հաղորդումները «ֆեյք են» և հղվելով Լուկաշենկոյի կողմից փոխանցված փաստաթղթերի, որոնցում իբր ապացուցվում է, որ Բուչայում տեղի ունեցածը սադրանք է և «անգլիացիների հոգեբանական հատուկ օպերացիայի հետևանք»։

«Մեր տրամաբանությունը պարզ է։ Ուկրաինացիներին ուղղակի օգտագործում են Ռուսաստանի դեմ։ Արևմուտքի համար Ուկրաինան միջոցի հասնելու նպատակների, որոնք ոչ մի ապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։ Որքան էլ դա այսօր տարօրինակ հնչի՝ ռուսները, բելառուսներն ու ուկրաինացիները եռամիասնական ժողովուրդ են։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ռուսաստանն ընտրություն չուներ», – եզրափակել է  Պուտինը։

Ռուսաստանին նախագահին, հիշեցնենք, օրերս այցելել էր Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը։ Սա ԵՄ երկրի ղեկավարի առաջին այցն էր Մոսկվա ներխուժման մեկնարկից ի վեր։ Երկու ղեկավարների փակ հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։ Չեն եղել ոչ պրոտոկոլային կադրեր, ոչ հայտարարություն մամուլի համար։

Հանդիպումից հետո Նեհամմերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը «չի եղել բարեկամական այց» և որ խոսակցությունը եղել է «շատ ուղիղ, բաց և կոշտ»։ Պաշտոնյան իր խոսքով հստակեցրել է, որ Բուչայում տեղի ունեցած հանցագործությունների համար մեղավորները պիտի պատասխանատվության ենթարկվեն։

Ըստ ավստրիացի կանցլերի, Պուտինին իր ամենակերևոր ուղերձը եղել է այն, որ այս պատերազմը պետք է ավարտվի, քանի որ պատերազմում կան երկու պարտվող կողմեր։